Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչեւ հիմա ներողության փորձ անգամ չի արել». 22-ամյա սպանված երիտասարդի հայրը՝ որդուն սպանած դպրոցի տնօրենի մասին

Օգոստոս 08,2017 17:15

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատը:

Հիշեցնենք, որ նա սպանել էր 22-ամյա Լևոն Սահակյանին, որը պահանջել էր տալ իր նշանածի չվճարած աշխատավարձը: «Արմենիա» ԲԿ-ում Լևոն Սահակյանին վիրահատել էին, նա ունեցել էր սրտի եւ թոքի վասվածք ու գիտակցության չգալով՝ մահացել էր:

Դատական նիստին մասնակցում էր սպանված երիտասարդի հայրը՝ Տիգրան Սահակյանը: Aravot.am-ի հետ զրույցում նա վստահեցրեց, որ Վահան Ղազարյանը միանշանակ պայմանավորվել է իր աշխատակիցների հետ, թե ինչ ցուցմունք տան, ինչ ասեն, այդ մասին են վկայում  դանակահարությունից հետո 8 անգամ կատարած զանգերը աշխատակցին՝ ուշ գիշերով:

Մեր հարցին, թե այդ զանգերով, իր աշխատողներին «ինստրուկտաժ» անելով՝ Վահան Ղազարյանն, ըստ ձեզ, ի՞նչ էր ուզում թաքցնել, որ դա նախապես պլանավորված սպանությո՞ւն է եղել՝ նա պատասխանեց. «Ես մարդասպանի, հանցագործի հոգեբանությունը չեմ ուզում մեկնաբանել: Եթե նա ի սկզբանե ժխտել է, մերժել է իր մեղավորությունը, դրանով նա ապացուցել է, որ ինքը վերջին տականքն է, որովհետեւ մարդը մինչեւ հիմա ներողության փորձ անգամ չի արել, ոչ էլ իր հարազատները: Դա նշանակում է, որ իրենց մոտ դա ազգային կերպար է: Դա նշանակում է, որ այդ մարդը մարդասպան է՝ իր էությամբ»:

Լեւոն Սահակյանի հոր խոսքերով՝ Վահան Ղազարյանն իր կատարածի համար չի զղջում. «Մարդը սպանել է 22 տարեկան բժշկի նշանված, որին ճանաչել է մինչեւ այդ եւ չի զղջում, դրանից այն կողմ մարդու կերպարի մասին որեւէ բան ասելը ավելորդ է»:

Դատական նիստում «Պատանի լրագրողների» դպրոցի աշխատակից Անահիտ Սուքիասյանը ցուցմունք տալիս նշեց, թե «Վահանն էն մարդը չէր, որ կյանք խլեր, այն էլ՝ իրենից երիտասարդ: Միշտ բարեհամբույր, հոգատար»:

Սպանված երիտասարդի հարազատները՝ քեռին, վստահ են՝ «Այդ զանգերի արդյունքում են դա պարապել»: Լեւոն Սահակյանի հոր խոսքերով՝ «Եթե գիշերվա ընթացքում կարող են 8 անգամ իրար հետ խոսել, բնականաբար, այդ հոգատարությունը բոլորի համար էլ հասկանալի է»:

Մեր հարցին՝ ասացիք, որ անգամ ձեզ չի ցավակցել, եթե այդ բարոյական կողմը պահեր, ներողություն խնդրեր, ձեզ այդքան մեծ կորուստ պատճառելու համար, ցավակցեր, դա կփոխե՞ր ձեր դիրքորոշումը՝ Տիգրան Սահակյանը պատասխանեց. «Պետք չի, որ նա ինձ ցավակցեր, գոնե իր արարքը գնահատեր, որակեր: Իրեն այդ հնարավորությունը քննիչները բազմաթիվ անգամ տվել են, հարց են տվել՝ դուք զղջո՞ւմ եք ձեր արածի համար, մեղավոր ճանաչո՞ւմ եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031