Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցի տնօրենը գրազ է եկել, որ 13-14 տարեկան անչափահաս աղջիկների վրայով կարող է թռչել

Օգոստոս 08,2017 17:40

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի դատավարությունը: Նա 2016-ի հոկտեմբերին վիճաբանության արդյունքում սպանել էր 22-ամյա Լևոն Սահակյանին, որը պահանջել էր տալ իր նշանածի չվճարած աշխատավարձը: «Արմենիա» ԲԿ-ում Լևոն Սահակյանին վիրահատել էին, նա ունեցել էր սրտի եւ թոքի վասվածք ու գիտակցության չգալով՝ մահացել էր:

Դատական նիստին հրապարակվեց վկաներից մեկի՝ նույն դպրոցի աշխատակից Անահիտ Սուքիասյանի նախաքննական մարմնին տված ցուցմունքը, որից պարզ դարձավ, որ դեպքի օրը Վահան Ղազարյանը դանակահարությունից հետո ուշ գիշերին զանգել է իրեն, ավելին, այդ գիշերվա ընթացքում 8 անգամ Անահիտը զանգել է Վահան Ղազարյանին: Վկան դատարանում ասաց, որ Վահանն ընդամենը ներողություն էր խնդրում՝ դեպքի ժամանակ իր հայհոյանքների համար:

Սպանված երիտասարդի հարազատները վստահ են՝ այդ զանգերի ընթացքում Վահան Ղազարյանը պայմանավորվել է իր աշխատակցի հետ, թե ինչ ցուցմունք տա:

Aravot.am-ի հետ զրույցում Լեւոն Սահակյանիի մորեղբայրն ասաց. «Տրենիրովկա են արել, թե ցուցմունքները ոնց ներկայացնեն: Դա գործից ամենահեռու մարդուն էլ պարզ է: Միանշանակ, դատարանում դա փորձում էր վկան կոծկել: Ո՞նց եք դուք հասկանում, նորմալ դատող անձնավորություն, 7 անգամ նշեց՝ շոկային վիճակում էր, եւ էդ պահին Վահանի համար ամենակարեւորը ներողություն խնդրե՞լն էր: Դա լոգիկա՞ էր: Անտրամաբանական է, պարզ չի՞, որ պայմանավորվել են»:

Մորեղբայրը հարցրեց՝ «Ձեր մոտ հիմա դանակ կա՞, իմ մոտ էլ չկա, մենք նորմալ մարդիկ ենք, բայց ինչի՞ համար էր Վահանի մոտ դանակ, նաեւ՝ ատրճանակ: Դպրոցի տնօրենը դանակով ու ատրճանակո՞վ է ման գալիս»:

Լեւոն Սահակյանի հայրը՝ Տիգրան Սահակյանն ասաց. «Դուք պետք է Լեւոնի նշանածի՝ Արեգնազի ցուցմունքները լսեիք: Եթե մարդը 13-14 տարեկան անչափահասների վրա գրազ է գալիս, որ իրենց վրայով կարա թռնի, այդ մարդու մասին ի՞նչ կարելի է ասել, պարզ չի՞՝ նա ինչ է: Ամենամեծ թյուրիմացությունը այն է, որ ինքը հայտնվել է այդ կաբինետում՝ այդ աթոռի վրա: Իրեն ընդհանրապես պետք է դրանից շատ վաղուց՝ այդ տեղից վռնդած լինեին, չգիտեմ ինչ ձեւով ասեմ, որ մեղմ լինի: Եթե նա այդ կերպարն է: Եթե նա 13-14 տարեկան աղջիկ երեխայի վրա թռնելու համար գրազ է եկել, կերպարը դրանից էն կողմ դուք ունե՞ք բացահայտելու: Այդ մարդն ի վիճակի՞ է ներողություն խնդրել՝ իր արածների համար: Մարդը պատրաստ էր սպանել ցանկացած մեկին, ով կհայտնվեր իր ճանապարհին, ես դա կարող եմ ասել»:

Մորեղբոր խոսքերով՝ ոչ միայն ինքը, այլեւ իր պաշտպանը պարզապես պարտավոր էին ներողություն խնդրել, նոր դատական նիստը սկսվեր. «Ինքը անգամ չի պատկերացնում՝ ինչ հարված են հասցրել մի ամբողջ ընտանիքի, մի ամբողջ գերդաստանի: Իրենք չեն հասկանա, երեւի իրենց համար դա առօրեական խնդիր էր»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031