Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա Էդգարը ստեղծել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ. սեպտեմբերի 1-ին այն կգործարկվի

Օգոստոս 15,2017 16:09

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Էդգար Պողոսյանը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ։ Վեբ հարթակում նա պատրաստել է դպրոցական զանգի ավտոմատացված համակարգ։ Եվ այժմ Էդգարը սպասում է սեպտեմբերի 1-ին իր դպրոցում իր ստեղծած պրոդուկտը գործարկելու համար։

Էդգար Պողոսյանը Սիսիանի ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան է։ Ծրագրավորման առաջին քայլերը սովորել է 2015թ. քաղաքի մեծահասակների կենտրոնում, այնուհետև 2016-ին` ավագ դպրոցում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից «Արմաթ» ինժեներական լաբորատորիա բացվելուն պես, տեղափոխվել է այնտեղ և հմտությունները զարգացրել ինժեներական լաբորատորիայում։

Էդգարի ստեղծած զանգի ավտոմատացված համակարգը կոչվում է Clever Sentry՝ խելացի ժամապահ։ Այն հասանելի է վեբ հարթակում՝ csentry.com։ Clever Sentry-ն կարելի է գործարկել նաև բջջային հեռախոսով։ Համակարգն ունի չորս հիմնական գործառույթ` զանգը հնչում է ճիշտ ժամանակին, և պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը նստի ուսուցչանոցում, անընդհատ նայի ժամացույցին և հնչեցնի զանգը։ Համակարգն ունի տագնապի զանգ՝ առանձին կոճակը տալիս է տագնապի ազդանշան։ Երրորդ գործառույթն օգնում է, որպեսզի դասամիջոցներին հնչեն երգեր։ Ընդ որում, ձայնադարանում Էդգարի կողմից հատուկ ընտրված երգեր են. այստեղ բացառված է ռաբիսը, հիմնականում հայկական ազգագրական, հայրենասիրական երգեր են, որոնց միջոցով աշակերտների մոտ կսերմանվեն ազգային արժեքներ։ Բացի երգերից, հնարավոր է միացնել նաև թեմատիկ նյութեր. օրինակ, Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ նրա մասին պատմող որևէ նյութ։ Եվ համակարգի չորրորդ գործառույթը՝ դասը սկսելուց անմիջապես առաջ հնչում է ՀՀ օրհներգը։

Էդգարը նշում է, որ Սիսիանի 5 դպրոցներից 3-4-ում Clever Sentry-ը սեպտեմբերի 1-ից կսկսի աշխատել, այդ թվում` իր դպրոցում։ Կրթօջախներն արդեն տեղադրել են համապատասխան տեխնիկան։

16-ամյա Էդգարը մինչ Clever Sentry-ը պատրաստելը ծրագրավորման բավականին փորձ է ունեցել։ Կայքեր է ստեղծել, գումար աշխատել։ Ասում է, որ նպատակ ունի Clever Sentry-ն ավելի շատ դպրոցներում տարածել, հանրայնացնել։
Clever Sentry-ն ուն կարգախոս՝ ապագան սկսվում է դպրոցից։ Էդգարը կարծում է՝ եթե մարդ ստանա որակյալ կրթություն, կկարողանա ճիշտ կերտել իր ապագան։
Ի դեպ, csentry.com կայքն ունի հատուկ բաժին, որտեղ ուսումնատենչ աշակերտները կարող են տեսնել, թե քանի օր, ժամ, րոպե և վայրկյան է մնացել սեպտեմբերի մեկին։

 

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031