Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ես այստեղ եմ, որովհետեւ Արայիկ Խանդոյանի եղբայրն եմ». Արարատ Խանդոյանը բղավեց դատավորի վրա

Օգոստոս 28,2017 20:00

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Արայիկ Խանդոյանի եղբոր՝ Արարատ Խանդոյանի բողոքի քննությունն էր: Արարատ Խանդոյանը, որը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 3,6 տարվա ազատազրկման, պահանջում է բեկանել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության  դատարանի նշյալ վճիռը: Հիշեցնենք, որ Խանդոյանը մեղավոր է ճանաչվել ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած օրերին Խորենացի փողոցում զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նա, ըստ մեղադրանքի, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշքշել եւ փորձել է խլել ոստիկանության ծառայողի վահանը:

Մինչեւ բողոքը ներկայացնելը, Խանդոյանի պաշտպան, փաստաբան Արա Ղարագյոզյանը դատավորներից Սարգիս Չիչոյանի դեմ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Բողոքը լսում են երեք դատավորներ՝ Մհեր Արղամանյանը, Ռուբիկ Մխիթարյանը եւ Սարգիս Չիչոյանը: Խնդիրն այն է, որ դեռեւս հոկտեմբերին դատավոր Սարգիս Չիչոյանը, ինչպես փաստաբանն իր խոսքում նշեց, առանց իր եւ Խանդոյանի՝ որոշել է վերջինիս կալանքը երկարաձգել: «Դուք կանխակալ վերաբերմունք եք դրսեւորել Արարատ Խանդոյանի հանդեպ: Իսկ ինձ պատշաճ չեք ծանուցել»,-դիմելով դատավորին՝ ասաց Արա Ղարագյոզյանը:

Դատավորը, սակայն, չհամաձայնեց՝ ասելով, որ իր օգնականն է անձամբ զանգել Արա Ղարագյոզյանին եւ տեղեկացրել նիստի օրվա եւ ժամի մասին, սակայն վերջինս չի ներկայացել: Պաշտպանն էլ պնդեց, որ օրենքը նախատեսում է փոստային ծանուցում: Դատավորն էլ ասաց, որ երեք օրում փոստային ծանուցումը տեղ չի հասնում, ուստի նման կերպ են հարցը կարգավորում:

«Դուք սո՜ւտ եք խոսում: Այս դատարանին չեմ կարող վստահել, որովհետեւ կողմնակալ է»,-իր հերթին դատավորին ասաց Արարատ Խանդոյանը: Վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ դատարանը որոշեց դատավոր Սարգիս Չիչոյանի դեմ ինքնաբացարկի միջնորդությունը մերժել: Արարատ Խանդոյանը բարկացավ, ծափահարեց դատավորներին, ապա բղավեց. «Դատարանը միտումնավոր գնում է նրան, որ կատարի քրեաօլիգարխիկ իշխանությունների պատվերը»:

Դատավորներից Մհեր Արղամանյանն էլ իր հերթին ձայնը բարձրացրեց. «Մենք օրենքի պահանջն ենք կատարում»:

«Դուք շատ լավ գիտեք, թե ինչու եմ ես այստեղ, որովհետեւ ես Արայիկ Խանդոյանի եղբայրն եմ: Ձեզ աստված է դատելու, իսկ իմ խիղճը մաքուր է»-շարունակեց Արարատ Խանդոյանը: Այնուհետեւ նա ներկայացրեց դատախազ Հայկ Պետրոսյանի ինքնաբացարկի միջնորդություն, որը եւս մերժվեց: Բողոքը կներկայացվի հաջորդ նիստում՝ սեպտեմբերի 19-ին, 15:00-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031