Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանաարցախյան հակամարտությունն իրավական փաստաթղթերի և փաստերի լույսի ներքո

Սեպտեմբեր 02,2017 15:41

Ստեփան ՀասանՋալալյան                                                               

Քաղաքագիտության մագիստրոս

Երևանի պետական համալսարանի հայցորդ

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորումը հնարավոր Է Ադրբեջան-Արցախ ուղիղ բանակցությունների պարագայում՝ հիմնված հիմնախնդրի կարգավորմանն առնչվող իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա:

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՃԱՆԱՉԵ՞Լ Է ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Որքան էլ ադրբեջանաարցախյան հակամարտության բռնկումից ի վեր այն բնորոշելու առումով միջազգային հարթակներում ու փաստաթղթերում և հակամարտության կարգավորման մեջ ներգրավված դերակատարների և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների քաղաքական դիրքորոշումներում ագրեսիայի դիսկուրսը բացակայել է, այն հետևողականորեն զարգացվել ու պահպանվել է թերևս միայն Ադրբեջանի արտաքին քաղաքական ու ներքաղաքական օրակարգերում:

Չնայած այս հարցում բացառիկ փոքրամասնություն լինելուն՝ տարբեր միջազգային կառույցներում ու ատյաններում Ադրբեջանի՝ Հայաստանի կողմից ագրեսիայի ենթարկվելու մեղադրանքներին հայկական կողմի հակադարձումը ոչ միշտ է եղել համակարգված կամ բավարար փաստարկված: Մինչդեռ իրականում հակամարտության տակավին վաղ փուլում, երբ Ադրբեջանը փաստացի իր իսկ սանձազերծած ագրեսիոն պատերազմի պարտված կողմ էր հանդիսանում, նրա կողմից Արցախի հանդեպ վերաբերմունքը պարունակել է դե ֆակտո (փաստացի) և դե յուրե (իրավական) ճանաչման տարրեր:

Տարիների ընթացքում Ադրբեջանն այնքան է կոշտացրել իր դիրքորոշումն Արցախի ու ադրբեջանաարցախյան խնդրի նկատմամբ, որ գնալով ավելի է համառում ժողովուրդների ինքնորոշման ու հավասարության սկզբունքները մյուսներին հավասարազոր կամ անգամ Արցախին հակամարտության կողմ ճանաչելուց՝ մոռացության մատնելով ժամանակին դրան վերաբերող վավերագրված անհերքելի փաստերը կամ ընդհուպ՝ կասկածի տակ դնելով դրանք (նույնատիպ կեցվածք որդեգրել են նաև այդ ամենից քաջատեղյակ տերությունները):

Որպեսզի պարզենք՝ հակամարտող երկրներից ո՞վ է հանդիսանում ագրեսոր, հարկ է պատասխանել երկու հարցի՝ ովքե՞ր են հանդիսանում կոնֆլիկտի կողմեր, և միջազգային նորմերի տեսանկյունից ո՞րն է ագրեսիայի սահմանումը:

Համաձայն Ադրբեջանի՝ հակամարտության կողմեր են հանդիսանում Ադրբեջանը և Հայաստանը: Իսկ ագրեսորը Հայաստանն է: 1995 թվականից սկսած Ադրբեջանը չի ճանաչում Արցախի Հանրապետությունը ո՛չ որպես անկախ պետություն, ո՛չ որպես կոնֆլիկտի կողմ:

Հայաստանի և Արցախի հանրապետությունների դիրքորոշումը հետևյալն է. հակամարտության կողմերն են Ադրբեջանը և Արցախը, իսկ ագրեսորն Ադրբեջանն է, որն Արցախի հայության օրինական պահանջին հակադրել է բռնի ուժ:

Վերոհիշյալ հարցերին պատասխանելու համար ուսումնասիրենք 1991-1994թթ. ընթացքում հակամարտությանն առնչվող ադրբեջանական կողմի՝ Արցախի Հանրապետության ճանաչման առումով առավել ուշագրավ պաշտոնական փաստաթղթերն ու հայտարարությունները:

Եվ, այսպես, 1993թ. հուլիսի վերջերին թվագրվող փաստաթղթերով Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը կրակի դադարեցման նպատակով կողմերի պարտավորությունները քննարկելու համար դիմել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությանը՝ բանակի հրամանատար Սամվել Բաբայանին (ընդգծված ձևակերպումն Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի պաշտոնական նամակներից է), ինչի արդյունքում պետք է տեղի ունենար Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը:

 

Մեկ այլ՝ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման տեսանկյունից, թերևս, բացառիկ փաստաթղթով Ադրբեջանի Հանրապետության գերագույն խորհրդի նախագահ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևը 1993թ. սեպտեմբերի 3-ին լիազորել է գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովին Ադրբեջանի և ԼՂՀ ղեկավարների հանդիպում կազմակերպելու նպատակով վարել բանակցություններ (ընդգծված ձևակերպումն Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահ, Ադրբեջանի Հանրապետության նախագահի պարտականությունները կատարող Հեյդար Ալիևի ստորագրած որոշումից է)[1]:

 

Նույն թվականի սեպտեմբերի 25-ին Մոսկվայում տեղի է ունենում Արցախի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Հեյդար Ալիևի հանդիպումը: Բացի այդ տեղի են ունենում Արցախի ու Ադրբեջանի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների հանդիպումներ ևս: Այդ հանդիպումներն ու բանակցությունները հիմք են ստեղծում, որպեսզի 1994թ. մայիսի 5-ին Ղրղզստանի Հանրապետության մայրաքաղաք Բիշքեկում ստորագրվի արձանագրություն, որտեղ հակամարտող կողմերին կոչ է արվում մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը: Արձանագրության տակ Ադրբեջանի անունից Ադրբեջանի գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Աֆիյադդին Ջալիլովի ստորագրության հետ միասին դրված է նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Կարեն Բաբուրյանի ստորագրությունը[1]:

Բիշքեկյան արձանագրության ստորագրումից հետո 1994թ. մայիսի 9-11-ը ռուս միջնորդների միջոցով ստորագրվում է կրակի դադարեցման մասին համաձայնագիրը: Փաստաթուղթը մայիսի 9-ին Բաքվում ստորագրել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը, մայիսի 10-ին Երևանում՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին Ստեփանակերտում՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը ևս ստորագրել է սույն համաձայնագիրը՝ որպես հակամարտության մեջ ներքաշված կողմ:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին ժամը 00. 01 րոպեից[2]:

1995թ. փետրվարի 4-ին հակամարտող կողմերը ԵԱՀԿ-ի հովանու ներքո ստորագրել են կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիր, որտեղ նույնպես դրված են Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի ստորագրությունները:

Այսպիսով, վերոբերյալ փաստաթղթերն անառարկելիորեն վկայում են, որ Ադրբեջանը բազմաթիվ անգամ ճանաչել է Արցախի Հանրապետությունը որպես հակամարտող կողմ, որպես անկախ պետություն, և այս իմաստով հակամարտության կողմեր են հանդիսանում Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները, որոնք նպատակ են հետապնդում գտնելու հակամարտության կարգավորման ուղիներ, ոչ թե բանակցություններ են, այլ խորհրդակցություններ, քանի որ հակամարտության իրական կողմ հանդիսացող Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը չի մասնակցում այդ հանդիպումներին: Հակամարտության կարգավորման համար Ադրբեջանը պետք է անմիջականորեն բանակցի Արցախի Հանրապետության հետ:

Նման միջազգային իրավական հենքի պայմաններում թե՛ տեսանելի և թե՛ հեռավոր ապագայում հակամարտության քաղաքական լուծումը պարզապես հնարավոր չէ, այն կարող է հենվել միայն հիմնախնդրին առնչվող իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա: Ավելի քան երկու տասնամյակ կոնֆլիկտի կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ապարդյուն ջանքերը լավագույնս փաստում են կոնֆլիկտի քաղաքական եղանակով լուծման անհնարինությունը:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Արցախի Հանրապետությունը պետություն է:

Արդյո՞ք Արցախի Հանրապետությունը բավարարում է միջազգային իրավունքի տեսանկյունից պետությանը ներկայացվող պահանջները, թե ոչ: Առաջադրված հարցը հնարավոր է բացառապես դիտարկել «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» 1933թ. դեկտեմբերի 26-ի Մոնտեվիդեոյի հռչակագրի (այսուհետև՝ Հռչակագիր) լույսի ներքո:

Եվ, այսպես, Հռչակագրի 1-ին հոդվածում տրված է պետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի իրավաբանական սահմանումը. «Պետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պետք է ունենա հետևյալ որակավորումները՝

ա) մշտական բնակչություն,

բ) որոշակի տարածք,

գ) կառավարություն,

դ) այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն»[1]:

Արդյո՞ք Արցախը բավարարում է վերոնշյալ որակավորումներին:

ա) մշտական բնակչություն

Համաձայն Արցախի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկության՝ 2015թ. դեկտեմբերի 1-ի մարդահամարի տվյալներով Արցախում մշտական բնակչության թվաքանակը կազմում է 145.053 մարդ[2]: Այս վերջին մարդահամարի տվյալները գրեթե կրկնում են 1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ օրոք անցկացված մարդահամարի տվյալներով տարածաշրջանում հայ ազգաբնակչության թիվը՝ 145.5 հազար մարդ: 2005թ. անցկացված մարդահամարի տվյալներով էլ Արցախի Հանրապետութան մշտական բնակչության թիվը կազմել է 137.737 մարդ:

Որքան էլ խորհրդային տարիներին անցկացված 6 մարդահամարների ու անկախության շրջանում անցկացված երկու մարդահամարների տվյալները տարածքային (առաջին 6-ն անց են կացվել ԼՂԻՄ, մինչդեռ վերջին 2-ը՝ Արցախի Հանրապետության տարածքում), մեթոդաբանական, միգուցե նաև վստահելիության առումով համադրելի չեն, այդուհանդերձ, մշտական բնակչության բացարձակ թվերը վկայում են հետևյալի մասին. թե՛ ԽՍՀՄ օրոք, երբ խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը հեռահար քաղաքական նպատակներով ու միտումնավոր անգործությամբ թերզարգացած էր պահում ԼՂԻՄ-ը, փորձում աստիճանաբար փոխել ժողովրդագրական կազմն ու հայաթափում այն, ինչպես արեց Նախիջևանում, թե՛ անկախություն հռչակելուց հետո՝ պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում, Արցախն ապացուցել է մշտական, կայուն, բազմազգ բնակչություն ունենալու իր կարողությունը:

բ) որոշակի տարածք

Արցախի Հանրապետության տարածքը կազմում է ավելի քան 12.000 քառակուսի կմ[1]: Այդ տարածքը և նրա վրա ապրող բնակչությանը պաշտպանելու կարողություններ Արցախի նորաստեղծ Հանրապետությունը ցուցաբերեց թե՛ 1990-ականների սկզբին՝ Ադրբեջանի սանձազերծած քառամյա պատերազմին դիմակայելիս, թե՛ մասնավորապես 2016թ. ապրիլի 2-5-ը՝ նրա նախահարձակումը հետ շպրտելու ժամանակ:

գ) կառավարություն

Համաձայն Արցախի Հանրապետության Սահմանադրության՝ Արցախի Հանրապետությունն ունի կառավարություն[2]: Արցախի Հանրապետությունն ընտրել և ունեցել է երեք նախագահներ (Ռոբերտ Քոչարյան (1996-1997), Արկադի Ղուկասյան (1997-2002, 2002-2007), Բակո Սահակյան (2007-2012, 2012-2017))՝ այդպիսով կազմակերպելով 5 նախագահական ընտրություններ: Անկախությունից ի վեր Արցախի Հանրապետությունում կազմակերպվել են  6 խորհրդարանական, 6 տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ և 2 սահմանադրական հանրաքվե: Չնայած միջազգային չճանաչվածությանը՝ բոլորի ժամանակ առկա են եղել նաև միջազգային դիտորդական առաքելություններ:

դ) այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն

Սույն կետի իրականացման համար առաջնահերթ հիմք ենք համարում այլ պետությունների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը դրանից բխող հետևանքներով: Այս իմաստով Արցախի Հանրապետությունը 1992թ. ապրիլից սկսած աշխարհի տարբեր երկրներում, մասնավորապես համաշխարհային քաղաքականության մեջ քաղաքական եղանակ ստեղծող պետություններում, հիմնել է մշտական ներկայացուցչություններ, որոնց թիվն այսօր հասնում է յոթի[3]: Միջազգային հարաբերությունների մեջ մտնելու կարողության վկայությունն են նաև Հայաստան-Արցախ հարաբերությունները, ԱՄՆ-ի կողմիղ ուղիղ ֆինանսական աջակցությունն Արցախին, Արցախի հարաբերությունը չճանաչված կամ մասնակի ճանաչված այլ պետությունների հետ  և այլն:

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Արցախի Հանրապետությունը լիովին բավարարում է Հռչակագրի 1-ին հոդվածի՝ պետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի իրավաբանական սահմանմանը:

Այսօր թե՛ տեղական, թե՛ միջազգային ամենատարբեր հարթակներում լայնորեն շրջանառվում է այն թեզը, ըստ որի՝ քանի դեռ պետությունը ՄԱԿ-ի անդամ չէ, ապա այն չի կարող համարվել լիիրավ պետություն:

Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ Մոնտեվիդեոյի հռչակագիրը տալիս է նաև այս հարցի լուծումը: Համաձայն Հռչակագրի 3-րդ հոդվածի՝ Պետության քաղաքական գոյությունը կախված չէ այլ պետությունների ճանաչումից: Նույնիսկ ճանաչումից առաջ պետությունն իրավունք ունի պաշտպանելու իր ամբողջականությունն ու անկախությունը, որպեսզի ապահովի իր պահպանումն ու բարգավաճումը և հետևաբար կազմակերպի իրեն այնպես, ինչպես ինքն է համարում նպատակահարմար, ձեռնարկի օրենքով սահմանված միջոցներ իր հետաքրքրություններին համապատասխան, կառավարի իր ծառայությունները, ինչպես նաև սահմանի իր դատարանների իրավասություններն ու արհեստավարժությունը: Այս իրավունքների իրականացումը չունի որևէ սահմանափակում, ինչպես միջազգային իրավունքին համապատասխան այլ պետությունների իրավունքների իրականացումը[4]:

Այսպիսով, որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար որպես նախապայման չի կարող դիտվել Արցախի ՄԱԿ-ի անդամ չհանդիսանալու հանգամանքը:

ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԽՍՀՄ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացումն անթերի է:

Արցախի Հանրապետության հռչակումն արդյունք է Արցախի տարածքում առանց ընդհատման գոյություն ունեցած հայկական անկախ ու կիսանկախ հաջորդական պետականությունների` Վաչագան Բարեպաշտի հիմնած թագավորության, Խաչենի իշխանության, Արցախի մելիքությունների, Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդի՝ որպես խորհրդային պետականության ձև` Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի[5]:

Պետականության յուրաքանչյուր տեսակ արցախահայության քաղաքական գիտակցությանը և վարքագծի զարգացմանը զուգընթաց ենթարկվել է փոխակերպման՝ թագավորությունից հասնելով հանրապետության:

Հիմնվելով «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքի վրա, մասնավորապես՝ 3-րդ հոդվածի վրա[6], որն ինքնավար կազմավորումներին իրավունք էր վերապահում ինքնուրույն որոշելու իրենց պետական-իրավական կարգավիճակը ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու դեպքում՝ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների՝ բոլոր մակարդակների խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ համատեղ նստաշրջանը, արձանագրելով, որ Ադրբեջանը, հիմնվելով ԽՍՀՄ վերոնշյալ օրենքի վրա, 1991թ. օգոստոսի 30-ին հռչակել է իր անկախությունը[7], նույն թվականի սեպտեմբերի 2-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին հռչակագիրը[8]: Երեք ամիս անց՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային դիտորդների մասնակցությամբ Արցախում անցկացվել է հանրաքվե արդեն հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին, որին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 82.2%-ը: Արցախի Հանրապետության անկախությանը կողմ է արտահայտվել քվեարկության մասնակիցների 99.89%-ը[9]:

1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտը», որով ինչպես հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդությունից ու իրեն հայտարարել 1918-1920թթ. Ադրբեջանի դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը, այնպես էլ անվավեր է համարել Խորհրդային Միության կողմից ընդունված այն բոլոր իրավական ակտերը, որոնք վերաբերում են Ադրբեջանին[10]:

Փաստորեն, վերոնշյալ սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունն ուժը կորցրած է ճանաչել Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին խորհրդային իշխանությունների ընդունած որոշումները:

Այսպիսով, հիմնվելով արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ վերը բերված իրավական ակտերի վրա՝ կարող ենք պնդել, որ Արցախի Հանրապետության հռչակումն ու Արցախում անցկացված անկախության հանրաքվեն լեգիտիմ են ու լեգալ:

Ո՞Վ Է ՕԿՈՒՊԱՆՏ՝ ԱԴՐԲԵՋԱ՞ՆԸ, ԹԵ՞ ԱՐՑԱԽԸ

Արցախը Խորհրդային Ադրբեջանի սահմաններն է մտցվել տարածքային հարցեր լուծելու իրավասություն չունեցող Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության Կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ[11]: Համաձայն այդ որոշման՝ Արցախին Խորհրդային Ադրբեջանի կազմում տրվել է լայն մարզային ինքնավարություն, իսկ ինքնավարությունը տրվելու էր ողջ Լեռնային Ղարաբաղին:

Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը երկու տարի հարցը ձգձգելուց հետո 1923թ. հուլիսի 7-ի դեկրետով վերջապես հիմնեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ Արցախի սահմաններից դուրս թողնելով նրա տարածքի մեծ մասը՝ ներկայիս Շահումյանի շրջանը (նախկինում խորհրդային Ադրբեջանի Քարվաճառի շրջանը), Քաշաթաղի շրջանը (նախկինում խորհրդային Ադրբեջանի Լաչինի շրջանը), Կովսականը (նախկինում խորհրդային Ադրբեջանի Զանգելանի շրջանը) և այլն:

Փաստորեն, 1921թ. հուլիսի 5-ի ապօրինի որոշմամբ և 1923թ. հուլիսի 7-ի դեկրետով տեղի է ունեցել Արցախի տարածքի բռնակցում (անեքսիա): Ադրբեջանն այդպիսով օկուպացրել է Արցախի կենտրոնական և հյուսիսային շրջանները: 1991-1994թթ. ադրբեջանաարցախյան պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն ադրբեջանական ավելի քան 60 տարիների օկուպացիայից իր իրազորության ներքո է վերադարձրել իրավաբանորեն Արցախի Հանրապետությանը պատկանող տարածքների մի մասը միայն: Այս իմաստով Լակվիլայում համանախագահող երկրների նախագահների կողմից 2009թ. հուլիսի 10-ին տեղի ունեցած հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ ամրագրված 2007թ. նոյեմբերին Մադրիդում ներկայացված հակամարտության կարգավորման սկզբունքների մեջ առաջին կետով նշված և լայնորեն շրջանառվող այն թեզը, թե Արցախը գրավել է իր շուրջը գտնվող տարածքները և դրանք դարձրել բուֆերային (անվտանգության) գոտի[12], խեղաթյուրում է հակամարտության էությունը և անառարկելի պատմա-իրավական հիմքերը: Թերևս սա հակամարտության քաղաքական, բայց ոչ իրավական լուծում գտնելու մոտեցման հետևանքներից մեկն է: Արցախի Հանրապետությունը սահմանադրորեն ամրագրված իր տարածքից դուրս կամ իր շուրջը գտնվող տարածքներ չի վերահսկում[13]:

Միաժամանակ, հարկ է նշել, որ նման դիրքորոշմանն ի հակառակ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները պաշտոնապես համարում են, որ դեռևս ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ մասերը և նախկին Շահումյանի շրջանը 1041 կմ2 ընդհանուր մակերեսով[14], որը կազմում է Արցախի Հանրապետության տարածքի մոտ 9%-ը:

Այսպիսով, հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթերի անկողմնակալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում օկուպանտը ոչ թե Արցախն է, այլ Ադրբեջանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետությունը լիովին բավարարում է պետության՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտի իրավաբանական սահմանմանը:

Ադրբեջանը բազմաթիվ անգամ ճանաչել է Արցախի Հանրապետությունը որպես հակամարտող կողմ, որպես անկախ պետություն, և այս իմաստով հակամարտության կողմեր են հանդիսանում Արցախի Հանրապետությունը և Ադրբեջանը:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների միջև ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող հանդիպումները, որոնք նպատակ են հետապնդում գտնելու ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման ուղիներ, ոչ թե բանակցություններ են, այլ խորհրդակցություններ, քանի որ հակամարտության իրական կողմ Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչը չի մասնակցում այդ հանդիպումներին: Հակամարտության կարգավորման համար Ադրբեջանը պետք է անմիջականորեն բանակցի Արցախի Հանրապետության հետ:

Որևէ պետության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար որպես նախապայման չի կարող դիտվել Արցախի ՄԱԿ-ի անդամ չհանդիսանալու հանգամանքը:

Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտով Ադրբեջանի Հանրապետությունն ուժը կորցրած է ճանաչել Արցախը Խորհրդային Ադրբեջանին միացնելու մասին խորհրդային իշխանությունների ընդունած որոշումները:

Արցախի Հանրապետության հռչակումն ու Արցախում անցկացված անկախության հանրաքվեն լեգիտիմ են ու լեգալ:

2007թ. նոյեմբերին Մադրիդում ներկայացված հակամարտության կարգավորման սկզբունքների մեջ առաջին կետով նշված և լայնորեն շրջանառվող այն թեզը, թե Արցախը գրավել է իր շուրջը գտնվող տարածքները և դրանք դարձրել բուֆերային (անվտանգության) գոտի, խեղաթյուրում է հակամարտության էությունը և անառարկելի պատմա-իրավական հիմքերը: Արցախի Հանրապետությունը սահմանադրորեն ամրագրված իր տարածքից դուրս կամ իր շուրջը գտնվող տարածքներ չի վերահսկում:

Դեռևս ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Արցախի Հանրապետության Մարտակերտի և Մարտունու շրջանների որոշ մասերը և նախկին Շահումյանի շրջանը 1041 կմ2 ընդհանուր մակերեսով, որը կազմում է Արցախի Հանրապետության տարածքի մոտ 9%-ը:

Հակամարտության կարգավորմանն առնչվող փաստաթղթերի անկողմնակալ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրականում օկուպանտը ոչ թե Արցախն է, այլ Ադրբեջանը:

Հենվելով վերոնշյալ իրավական փաստերի ու փաստաթղթերի, ինչպես նաև վերլուծության վրա՝ կարող ենք պնդել, որ թե՛ տեսանելի, թե՛ հեռավոր ապագայում հնարավոր չէ ակնկալել ադրբեջանաարցախյան հակամարտության քաղաքական լուծում, այն կարող է հենվել միայն հիմնախնդրին առնչվող իրավական փաստերի ու փաստաթղթերի վրա:

 «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

[1] President of the Artsakh Republic, https://www.president.nkr.am/en/nkr/generalInformation/

[2] The Constitution օf տhe Republic օf Artsakh https://www.president.nkr.am/media/documents/constitution/Constitution-eng2017.pdf

[3] Permanent Representations, https://www.nkr.am/en/permanent-representations/104/

[4] Convention on rights and duties of states,  https://www.oas.org/juridico/english/treaties/a-40.html

[5]Александр Манасян, Карабахский конфликт, Минимальная папка политико-провавых фактов и аргументов, Ереван, 2009, с. 6

[6] Закон о порядке решения вопросов, связанных с выходом союзной республики из СССР, https://www.libussr.ru/doc_ussr/usr_16379.htm

[7] Декларация Верховного Совета Азербайджанской Республики
о восстановлении государственной независимости Азербайджанской Республики, https://www.myazerbaijan.org/index.php?p=Azerbaijan/5

[8] Declaration on Proclamation of the Nagorno Karabagh Republic, https://www.president.nkr.am/en/nkr/nkr1/

[9] The History of Formation, https://www.president.nkr.am/en/nkr/

[10] The Constitutional Act on the State Independence of the Republic of Azerbaijan, https://azerbaijan.az/portal/History/HistDocs/Documents/en/09.pdf

[11] Из протокола заседания Пленума Кавбюро РКП(б) от 5 июля 1921г., “Вестник архивов Армении”, N 2, Еревн, 1989г., с. 77-78

[12] Statement by the OSCE Minsk Group Co-Chair countries, https://www.osce.org/mg/51152

[13] А. Манасян, ук. Соч., с. 11

[14] Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք,, https://www.president.nkr.am/en/nkr/generalInformation/

[1] Convention on Rights and Duties of States, https://www.oas.org/juridico/english/treaties/a-40.html

[2] Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2015թ. մարդահամարի արդյունքները, https://www.stat-nkr.am/hy/-2015/-20 15

[1] Бишкекский протокол, Бишкек, 5 мая 1994 года, https://nkr.am/en/the-bishkek-protocol/43/

[2] Cease-fire Agreement, https://nkr.am/en/ceasefire-agreement/147/

[1] Владимир Казимиров, “Мир Карабаху”, июль 2009г.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930