Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մադինացիք ասում են՝ «Գյուղապետը կոոպերատիվի տրակտորներն իր բիզնեսին է ծառայեցնում, գյուղացիք դրանցից չեն օգտվում»

Սեպտեմբեր 07,2017 15:00

Գյուղապետն էլ ասում է՝ «Էդ «աբիժնիկներն են» ըտենց խոսում»

Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքի մի խումբ բնակիչներ դժգոհ են գյուղացիներով ստեղծած կոոպերատիվից: «Առավոտ»-ին դիմած մի խումբ գյուղացիներ պատմեցին, որ տարիներ առաջ, երբ ստեղծվեց կոոպերատիվը, հույս ունեին, որ գյուղտեխնիկան, որը ձեռք է բերվել կոոպերատիվի անունով, կծառայի գյուղացիներին: Սակայն, ինչպես մադինացիները պատմեցին, չեն կարողանում այդ գյուղտեխնիկայից օգտվել, նրանք հարեւան գյուղերից են վարձակալում խոտհարքի տեխնիկան, տրակտորը: Մինչդեռ եթե կոոպերատիվի գյուղտեխնիկայից օգտվեն, ապա դրա վարձակալումը շուկայականից մոտ 20% էժան կլինի գյուղացիների համար:

Գյուղացիները չցանկացան իրենց անունը հրապարակենք՝ վստահեցնելով, թե չեն ցանկանում ավելորդ խնդիրներ ունենալ գյուղապետի հետ. «Բայց մի հատ գյուղատնտեսության նախարարությունից գան ստուգեն, տեսնեն՝ էդ Համաշխարհային բանկի վարկով, որ մեր կոոպերատիվին գյուղտեխնիկա են տվել, բոլորը տեղո՞ւմ են, բա փող են տվել էդ տեխնիկայի համար, մի հատ ստուգեն՝ ինչն ինչոց է: Մի հատ տրակտորն անհետացել է, չկա, չգիտենք՝ ինչ ա եղել: Էդ կոոպերատիվում էլ հաշվապահին ու մյուս աշխատողներին գյուղապետն իրա բարեկամներին ա ընդունել աշխատանքի: Էդ տեխնիկան էլ իրենով ա արել, իրա բիզնեսին ա ծառայացնում, խոտը քաղում՝ բերում գյուղացիքի վրա ծախում»:

Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանն «Առավոտ»-ի հետ զրույցում գյուղացիների մեղադրանքների մասին լսելուն պես՝ սկսեց թշնամիներ փնտրել ու անուններ տալ, թե ով կարող էր իր դեմ խոսել. «Էդ ով ըտենց բաներ ա ասել, էդի մարդ չի: Ես մեկի վրա կասկածում եմ, ինքը բացարձակապես կեղտ ա, մարդ չի, եթե էդի ա դիմել, գիտեմ, որ էդի ա դիմել ձեզ, էդի կեղտ ա»: Ընդ որում, գյուղապետը մեզ հորդորեց. «Ինչ ասեմ՝ սաղ կգրես, ինչ խոսամ՝ սաղ կգրես»:

Հետո գյուղապետը սկսեց պատմել, որ 2011 թվականին ստեղծվել է կոոպերատիվը, եւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով ձեռք են բերել գյուղտեխնիկա, վարկի 20%-ն էլ կոոպերատիվի 103 շահառուները պետք է վճարեին. «Բայց էդ 103-ից ոչ մեկն էլ փող չտվեց, ասեցին՝ փող չունենք: Ես էլ ստիպված 6 միլիոն վարկ վերցրի իմ անունով, որ ծրագիրը մնա գյուղում: 20%-ի մի մասն էլ պատգամավոր Հակոբ Հակոբյանն ա տվել, մի մասն էլ Ռաֆիկ Պետրոսյանը: Գյուղացիք մի կոպեկ չեն տվել»:

Իսկ թե քանի գյուղտեխնիկա են ձեռք բերել՝ գյուղապետը սկզբում ասաց. «3 տրակտոր, մամլիչ խոտհավաք՝ 2 հատ, ու «կասիլկա»՝ խոտ քաղող սարք»:

Մեր զրույցն ավարտելուց հետո Սարգսյանը հետ զանգեց խմբագրություն ու ավելացրեց՝ «4 հատ տրակտոր՝ 3 հատ մեծ, մի հատ փոքր: Սաղ էլ տեղում են, ոչ մի բան էլ չի անհետացել, ամեն ամիս վարկ տվողները գալիս ստուգում են»:

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ կոոպերատիվի անդամները չեն կարողանում օգտվել այդ գյուղտեխնիկայից, գյուղապետը տեխնիկան իրենով է արել, Սարգսյանն ասաց. «Առաջնահերթությունը կոոպերատիվի անդամներինն ա, հետո՝ գյուղացիներինը: Ըտենց բանը բացառված ա, բոլորն էլ օգտվում են: Ես խոտ չեմ քաղում, որ մի հատ էլ իրանց վրա ծախեմ: Իմ գյուղտեխնիկան էլ ոչ մի տեղ վարձակալության չի գնացել: Խոտի սեզոնին աշխատել ու կայնել ա: Խոտը, որ քաղում ա, «պրես» անող մեքենան փչացել ա, չի աշխատում, խոտհավաքն ա աշխատել, ու ով դիմել ա՝ օգտվել ա»:

Հաշվապահն էլ, ինչպես Սարգսյանը վստահեցրեց, Գավառից է ու իր ազգականը չէ. «Ուրիշ աշխատող չկա: Գյուղացիներն էլ չեն աշխատում, գնում եմ Եղեգնաձորից եմ մարդ բերում, որ տրակտորները քշեն: Դե գնում են Ռուսաստան աշխատելու, ով էլ ստեղ ա, իրա սեփական տեխնիկան ունի»:

Մեր այն հարցին՝ ինչո՞ւ է գյուղապետը նման «անձնազոհության» գնացել ու 6 միլիոն դրամ վարկ վերցրել գյուղտեխնիկայի գումարի մի մասը վճարելու համար եւ ինչպե՞ս է վարկը վճարում՝ տեխնիկայի վարձակալությա՞մբ, գյուղապետն այսպես արձագանքեց. «Բա գյուղացիք փող չէին տալիս, ես էլ ուզում էի ծրագիրը մնար: Համ էլ էդ վարկը փակել՝ պրծել եմ: Ու ես աչք չեմ ունեցել կոոպերատիվի փողերի վրա: Էդ վարձակալության փողերը կոոպերատիվի հաշվին են նստում, սաղ «չեկերը» կան, հո օդից չեմ խոսում: Էդ փողերով էլ, դե տեխնիկա ա, փչանում ա, «պագրիշկենք» ենք փոխել, «մատոռ» ենք փոխել: Ես էդ փողերին չեմ կպել: Էդ փողերն էլի էդ տեխնիկայի վրա ենք ծախսում: Դրան ասեք՝ դեբիլ, սուտ բաներ մի տարածի»:

Մեր պնդմանը, որ խմբագրությանն են դիմել մի խումբ գյուղացիներ, ոչ թե մեկ անձ, ում կասկածում է գյուղապետը, Սարգսյանն ասաց. «Տո ես գիտեմ՝ ով ա. էտի ցույց ա տալիս՝ իբր մարդ ա, բայց ասեմ՝ էտի մարդ չի: Բայց որ Երեւան ա էկել, ուղղակի զարմանք ա իմ մոտ: «Աբիժնիկ» մարդկանց վերաբերմունքը չի կարա գյուղապետի մասին խոսա»:

Հանրապետական գյուղապետ Վրեժ Սարգսյանն արդեն 10-րդ տարին է գյուղապետ ընտրվում, եւ փորձելով հիմնավորել, որ ինքը պարկեշտ գյուղապետ է, Համաշխարհային բանկի վարկով ձեռք բերած գյուղտեխնիկան հենց կոոպերատիվի անդամների ու համագյուղացիների համար է օգտագործում, ասաց. «Առաջ հերթը իրանց չէր հասնում, որ տեխնիկան վարձակալեն խոտի սեզոնին, իսկ հիմա հերթ չկա, բա էդ ծրագրով ջրի առվի միացում եմ արել, անասուններն են ջուր խմում: Կոոպերատիվը լավ էլ աշխատում ա: Ես 10 տարվա գյուղապետ եմ, սենց բան չէր եղել, որ բողոքեն: Բա դրանք չե՞ն պատմել, որ մեր մոտ ձմեռը խիստ ա, ճամփեքը փակվում են, դու մի հատ ասա դրանց՝ գյուղապետը տղայի հետ ո՞նց ա ծառայում գյուղացիներին՝ հասցնելով հիվանդանոց, Վերին Գետաշեն: Իմ ախպերների գումարով գերեզմանոցի ճանապարհն եմ սարքել, ցանկապատել: Ուղղակի էդ «աբիժնիկներն» ուզել են գյուղապետ ընտրվեն, չեն ընտրվել: Եթե ես վատը լինեի՝ անցած տարի հոկտեմբերին էլի չէի ընտրվի 85% ձայնով: Բա ո՞նց եմ ընտրվել»:

Տեղական դիտորդներն արձանագրել են, որ ՀՀԿ-ն կեղծիքներով է իշխանության եկել՝ մեր այս դիտարկմանը Սարգսյանն ասաց. «Բա էղա՞վ, էս փոքր գյուղում կարա՞ տենց բան լինի՝ կեղծել-մեղծել: Դե որ տենց եք ասում՝ ես բան չեմ կարա ասեմ, «ստեսցյուն»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

06.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930