Լրահոս
Օրվա լրահոսը

6,2 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում աշխատանքից ստացված հասարակության եկամուտները չնչին փոփոխության են ենթարկվել. «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 20,2017 12:28

Չնայած արձանագրվող տնտեսական ակտիվությանը, այնուհանդերձ դա առայժմ հասարակության կյանքում որակական փոփոխությունների չի հանգեցնում, կամ ազդեցությունը չափազանց փոքր է։

Սա դարձել է Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեության քննադատության հիմնական թիրախը, ինչն, անշուշտ, հիմքեր ունի։ Տնտեսության մեջ կատարվող դրական տեղաշարժերը սոցիալական ոլորտում այնքան էլ տեսանելի չեն, որն էլ ունի իր պատճառները։

Տնտեսական գործընթացների ազդեցությունը սովորաբար հասարակությունը զգում է տարբեր ուղղություններով։ Սակայն առաջնայինը սեփական եկամուտների ավելացումն է կամ ծախսերի կրճատումը։

Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում արդյունքներն առայժմ առարկայական չեն։ Արձանագրված 6,2 տոկոս տնտեսական ակտիվության պայմաններում աշխատանքից ստացված հասարակության եկամուտները չնչին փոփոխության են ենթարկվել։ Ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի դրանք չափազանց դանդաղ են ավելանում։

Պաշտոնական տվյալներով, այս տարվա ութ ամիսներին միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է ընդամենը 2,7 տոկոսով։ Դա արտահայտվել է բացառապես մասնավոր հատվածում, որտեղ աշխատավարձի աճը եղել է 3,7 տոկոս՝ հասնելով 227 հազար դրամի։ Արձանագրված աճը համարժեք է 8 հազար դրամի, ինչը դժվար է մեծ փոփոխություն համարել։ Մանավանդ դա տեղի է ունեցել սահմանափակ ոլորտների հաշվին, որոնք եւ զգալի ազդեցություն են ունեցել նաեւ տնտեսական աճի միտումների վրա։

Ավելին՝ մասնավոր հատվածում միջին աշխատավարձի աճի տեմպը նույնիսկ զիջել է նախորդ տարվա ցուցանիշը։ Չնայած տնտեսական ոչ այնքան նպաստավոր իրավիճակին, այնուհանդերձ 2016թ. նույն ժամանակահատվածում մասնավոր հատվածում միջին աշխատավարձն ավելացել էր 5,2 տոկոսով։

Փաստ է, որ նման աննշան փոփոխությունները չեն կարող նկատելի ազդեցություն ունենալ հասարակության սոցիալական վիճակի վրա։ Առավել եւս, որ դա տեղի է ունենում գների բարձրացման պայմաններում։

Առաջին հայացքից Հայաստանը գտնվում է գնաճային ցածր միջավայրում։ Սպառողական գների ինդեքսի աճը հազիվ 1 տոկոսի սահմաններում է։ Սակայն հասկանալի է, որ դա չէ այն իրական գնաճը, որը հասարակության մեծ մասը զգում է սեփական մաշկի վրա։

Գնաճային ճնշումները, ինչպես միշտ, շատ ավելի ակտիվ են առաջին անհրաժեշտության ապրանքների դեպքում։ Դա է պատճառը, որ անգամ ցածր գնաճի պայմաններում հասարակությունը ոչ միշտ է զգում եկամուտների ավելացման ազդեցությունը կենսամակարդակի վրա։ Ավելին՝ եկամուտների համալրում չունեցողների համար տեղի է ունենում սոցիալական պայմանների վատթարացում։

Անտարակույս Հայաստանում նման քաղաքացիների թիվը բավականաչափ մեծ է։ Երկրորդ տարին անընդմեջ կենսաթոշակների, ինչպես նաեւ սոցիալական այլ վճարների ավելացում չի արվել։ Մինչդեռ այդ խմբում է գտնվում հասարակության առավել խոցելի խավը։ Պետական կառավարման համակարգում եւս աշխատավարձերի փոփոխություն չկա։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930