Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. Էդվարդ Նալբանդյանը «եվրոպացիների խոսնակ է աշխատում»

Սեպտեմբեր 20,2017 18:12

ՀԱԿ փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով, ներկայիս խորհրդարանում չեն արծարծվում օրակարգային խնդիրներ: Նա ի նկատի ունի Երեւանի փողոցների անվանափոխության, հրավառության ժամային սահմանափակման մասին «Ելք»-ի նախաձեռնությունները:

Այսօր, «Հայացք» ակումբում, լրագրողների հետ զրույցում Արամ Մանուկյանն անդրադարձավ նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ հողերի վերադարձի մասին հայտարարությանը:  «Պլշում եմ, ասում է, թե այդ տարածքները պետք է վերադարձվեն, որպեսզի հանգուցալուծումը չձախողվի: Այսինքն՝ ինքն ասում է, որ խնդրի լուծման համար է, որ պետք է տարածքները հանձնվեն: Ինքը տարածքները հանձնելու մասին ասում է ոչ թե որպես հարցի լուծում, դրա փոխարեն ինչ ենք ստանում, այլ՝ խնդրի հանգուցալուծումը չվտանգելու համար: Եվրոպացիների խոսնակ է ինքն աշխատում, եռանախագահների ասածն է ասում: Սակայն ո՞րն ՀՀ-ի շահը: Սրան հաջորդում է Արմինե Ադիբեկյանի ռուսերեն գրառումը, թե չի կարելի անիծել Նալբանդյանին, այլ պետք է ստիպել իշխանություններին դուրս գալ բանակցային գործընթացից: Այսինքն՝ նախագահականից մեսիջ է գալիս, թե հարկավոր է, որ Էդիկ Նալբանդյանի ասածը չլինի, այլ հարկավոր է, որ իշխանությունները դուրս գան բանակցային գործընթացից: Սա է ներկայիս իշխանությունների դիվանագիտական միտքը»,- իր դիտարկումները բարձրաձայնեց Արամ Մանուկյանը:

Իր կարծիքով, ՀՀ կարող է հաջողություն ունենալ այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանում գերտերությունների շահերը ոչ թե բախվեն, այլ համընկնեն: Հիշեց, որ անկախության հռչակումից օրեր անց իշխող ուժը դիմել է ՄԱԿ-ին`հայտարարելով, ՀՀ-ն ցանկանում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր երկրների հետ՝ հատկապես հարևանների: «Սա ֆանտաստիկայի ժանրից չէ: Այս ճանապարհով գնում է Իսրայելը, Թուրքիան ու մեծագույն հաջողությունների է հասնում: Իսրայելում ՌԴ-ն ու ԱՄՆ-ը մրցում են, թե ով կօգնի Իսրայելին, Թուրքիան միակ երկիրն է, որ ՌԴ-ից C 400 է գնում, բայց ՆԱՏՕ-ի անդամ է: Ուժեղ են այն երկրները, որոնք ունեն շատ բարեկամներ, թույլ են այն երկրները, որոնք ունեն շատ թշնամիներ: Ղարաբաղյան ազատագրական պատերազմի ժամանակ մենք հաղթել ենք նրա համար, որ մեծ տերությունների շահերը ՀՀ-ում համընկել են: Մենք հաց ստացել են ԱՄՆ-ից, զենք՝ ՌԴ-ից, մի այլ բան՝ արաբական երկրներից, որևէ մեկը ՀՀ-ին չի մեղադրել իր գործողությունների համար: Սա Լևոն Տեր-Պետրոսյանի փառահեղ դիվանագիտության արդյունքն էր»:

Խոսելով 2018 թվականի վարչապետի ընտրության մասին էլ՝ ասաց, որ Հայաստանցիները չեն որոշելու, խորհրդարանը չի որոշելու, Սերժ Սարգսյանը չի որոշում, «թեպետ Սարգսյանը 5 տարի ավիրեց համակարգը, որ ինքը լինի»:

Իր կարծիքով, ՀՀ-ն այսօր այնքան թույլ է, որ ինքը չէ իր գլխի տերը: Այս հարցը նա անմիջականորեն կապում է Արցախի հակամարտության հետագա լուծման տարբերակի հետ եւ աշխարհաքաղաքական սպասվող գործընթացների: «Քաղաքական մեծ քայլերը, նշանակումները, էներգետիկ, տրասնպորտային խնդիրը լուծվելու են Ղարաբաղի խնդրի լուծման հետ մեկտեղ, ինչը շատ վատ է»,- ասաց Արամ Մանուկյանը:

Նա չի կիսում նաեւ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գաղափարը: Կարծում է, որ շրջափակման մեջ գտնվող երկիրը նման կտրուկ ու չկշռադատված քայլեր չի կարող անել:

Կրկին մեջբերելով Վանո Սիրադեղյանին՝ նա նկատեց, որ 4-րդ դարից սկսած մեր քաղաքական միտքը կանգնել է. «Արևելք, թե Արևմուտք, Բյուզանդիա, թե Պարսկաստան, միշտ վիճել են իրար հետ, ասել՝ էն մեկը դավաճան է, մյուսը հայատյաց է և այլն: Նույն այս խնդիրը Լեոն է դրել, սակայն 100 տարի հետո էլ ՀՀ-ն տառապում է տեր գտնելու հիվանդությամբ: Կա ՀՀ-ի շահ, որն ասում է՝ բոլորի շահերը բեր տեղավորի, փոքր երկիրը շուստրիություն չի կարա անի, ուզում են շուստրիությամբ ՌԴ, Եվրոպա ու ԱՄՆ ֆռցնեն, շահեն, այսպես չի լինում: Ամերիկացիներին դուր գալու համար ՀՀ-ում հնչում է մի առաջարկ, որը նշանակում է մեկուսանալ Արևելքից: Ո՞նց կարելի է ընտրել մի տեր՝ասելով սա է իմ տերը և մերժել ուրիշներին: Տեր պետք չէ ընտրել, տերը հայ ժողովուրդն է ու իր անկախությունը»:

Արամ Մանուկյանը կողմ է, որ ե՛ւ ՆԱՏՕ-ի , ե՛ւ ԵՄ-ի, ե՛ւ ՌԴ-ի հետ հարաբերություններ զարգացնել՝ օրինակ վերցնելով Վրաստանից:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930