Լրահոս
Օրվա լրահոսը

«Կիկոսի մահի պատմություններն եք խոսում, վեր ընկավ քարի՜ն, վա՜յ, վա՜յ». Էդվարդ Նալբանդյանը՝ հող հանձնելու մասին

Սեպտեմբեր 18,2017 18:44

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ սփյուռքահայերից մեկը՝ ԱՄՆ-ում բնակվող Զարեհ Պալյանը հարցրեց. «Ժամանակին Ղարաբաղի հարցի լուծումը տեղափոխվեց պատերազմական դաշտ, այնտեղ էլ մենք հախներից եկանք, ուրեմն ո՞րն է հիմա միջազգային հանրության կարծիքը՝ ժողովրդավար, չհամաձայնեցին, հաստատեցին պատերազմ: Դրանք ոչ մի արժեք չունե՞ն, որ ինչ-որ ձեւով կանոններով շարժվելով՝ արդյունքները հարգվեն: Եթե խոսում ենք որոշ շրջաններ հետ վերադարձնելու մասին, եւ եթե մեր շահերը չենք մոռանում ու արդար ենք, ինչո՞ւ պիտի նրանք կարողանան մեծ զենքեր բերել այդ շրջաններ, ասենք՝ Բաքվի, ինչու պիտի միայն ոստիկանության մանր զենքերով՝ ատրճանակ եւ այլն լինեն, դրանով չբավարարվեն, համ փողն ստանան, համ էլ այնպիսի զենքեր բերեն, որ մեր հախից գան»:

Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, այսպիսի մի դրվագ կա, որ տրանսպորտի բաժնի վարիչը 3 ժամ պատմում է իրենց գարաժի մասին եւ  հետո մեկը ասում է՝  էդպես էլ չլսեցինք տրանսպորտի բաժնի վարիչն ինչ էր ասում: Ես ձեզ հենց ասում էի, թե ինչն է միջազգային հանրության դիրքորոշումը ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են իրենք զենք առնում՝ փող ունեն՝ առնում են: Այսօր զենքի շուկան այնպիսի դաժան շուկա է, որ զենք վաճառողները պայքարում են իրար միջեւ, թե որտեղից գտնեն եւ ում գտնեն, որ իրենցից առնեն: Իսկ Ադրբեջանը փող ունի, այդ փողը ինքը կարող է վճարել եւ առնել:

Մենք ոստիկանական ինչ-որ ատրճանակով չենք բան անում: Եթե դուք գիտեք, մենք ունենք ժամանակակից զենք-զինամթերք եւ համապատասխան պայմանագրերով հիմնված, թե այդ զենքը որտեղից է գալիս եւ ինչպես: Որովհետեւ 10-րդ արձանագրությունը, որը կնքված է Ռուսաստանի հետ, այնտեղ ասվում է, որ ռուսական ռազմական բազան ՀՀ-ում ՀՀ զինված ուժերի հետ միասին ապահովելու է Հայաստանի անվտանգությունը եւ այդ նպատակներով տրամադրելու է ժամանակակից զենք-զինամթերք: Այսինքն, այն գումարներով չի, որը Ադրբեջանն է կարողանում առնել, մենք չունենք այդ գումարները, չունենք, նավթի գազի էժան ձեւով ստացված միլիարդները: Իսկ գիտեք իրենց բյուջեն, թե ինչ թվերի մասին է խոսք գնում: Մեր հնարավորությունների համաձայն մենք ձեռք ենք բերում այնպիսի զենք եւ զինամթերք, որպեսզի պահպանենք բալանսը եւ դա է պատճառը, որ մեծ պատերազմ մինչեւ այսօր չկա»:

Ինչ վերաբերում է հողերը վերադարձնելուն՝ Էդվարդ Նալբանդանն ասաց. «Մենք հլը չենք վերադարձնում հողեր, որ մի հատ էլ իրանք զենք մտցնեն, մենք էլ ասենք՝ ինչո՞ւ թույլ տվեցինք, վերադարձրեցինք, որ իրենք էլ զենք մտցրեցին: Դուք խոսում եք, Կիկոսի մահի պատմություններն եք խոսում, գիտեք՝ վեր ընկավ քարի՜ն, վա՜յ, վա՜յ: Այդպիսի բան չկա դեռ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930