Լրահոս
Օրվա լրահոսը

Ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն

Սեպտեմբեր 26,2017 18:15

Այսօր` սեպտեմբերի 26-ին, Թումանյանի թանգարանում մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության վերացմանն ուղղված հնգամյա արշավը, որը նպատակ ունի կանխարգելելու Հայաստանում երեխայի բռնությունը:

Հանրային արշավը կյանքի է կոչվել երեխաների պատշապանության ոլորտի խոշորագույն 10 կազմակերպությունների համատեղ ջանքերով՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Վորլդ Վիժն Հայաստանի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլի» հայաստանյան ներկայացուցչության, ՍՕՍ մանկական գյուղեր-Հայաստանի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի, Երեխաների պաշտպանության ցանցի, «Ընտանիք և համայնք» ՀԿ-ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի: Արշավին են միացել նաև լրատվամիջոցներ:

«Մենք կարող ենք հպարտությամբ խոսել աննախադեպ գործընկերության մասին, որ ձևավորվել է երեխաների հանդեպ բռնության վերացման նպատակի շուրջ: Մեր գործընկերները թե հասարարակական խոշոր կազմակերպություններ են, թե լրատվամիջոցներ, և մենք բոլորս հավասարապես կիսում ենք պատասխանատվությունը՝ հասնելու հաջողության և բարելավելու երեխաների հանդեպ բռնության վիճակագրություն Հայաստանում», – ասում է Վորլդ Վիժն Հայաստանի Ծրագրերի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

 

 

Հանրային արշավը Հայաստանում մի քանի խոշոր նպատակ է հետապնդում՝  

 

  • կանխարգելել և նվազեցնել Հայաստանում երեխաների հանդեպ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական բռնությունը,
  • բարեփոխել օրենսդրությունը՝ մասնավորապես Ընտանեկան բռնության մասին օրենքի և հարակից իրավական ակտերի, Քրեական օրենսգրքի և Քրեական դատավարության օրենսգրքերի շրջանառվող նախագծերը,
  • նպաստել երեխայի բռնության վերացմանն ուղղված համակարգի և քաղաքականության արդյունավետ գործառնությանը,
  • բարեփոխել սոցիալական պրակտիկան և նորմերը,
  • նպաստել բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգնմանը,

 

 

  • նպաստել երեխաների լիարժեք և ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը ընտանիքում, հանրակրթական հաստատություններում և հասարակության մեջ,
  • խոշոր դոնորների օրակարգում ամրագրել երեխաների պաշտպանության խնդիրները որպես գերակայություն:

 

Ստեղծված մեդիա ռեսուրսների միջոցով հանրային արշավը նպատակ է հետապնդում բարեփոխել սոցիալական պրակտիկան և նորմերը: Մեդիա ռեսուրսների շարքում են ինֆոգրաֆիկ տեսանյութ(https://goo.gl/hJER5H) և երաժշտական տեսահոլովակ: Հատկանշական է նաև www.mankutyun.am կայքի ստեղծումը, որտեղ ամփոփված են երեխաների իրավունքների և երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ մի շարք հետազոտություններ, քաղվածքներ օրենքներից, ռազմավարական փաստաթղթեր, ինչպես նաև օգտակար խորհուրդներ ուսուցիչների, ծնողների և երեխաների համար:

 

***

 

Հայաստանում երեխաների հանդեպ բռնության վերաբերյալ հիմնական վիճակագրական տվյալները՝

 

  • Համաձայն Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.)՝ 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտությանը նախորդող 30 օրերի ընթացքում ենթարկվել է հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Հոգեբանական ագրեսիան ավելի տարածված է, քան ֆիզիկականը:
  • Երեխաների երկու երրորդից ավելին (65 տոկոս) ենթարկվել է հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը՝ ֆիզիկական պատժի որևէ տեսակի: Երեխաների 4 տոկոսը ենթարկվել է ֆիզիկական խիստ պատժի:
  • 2015 թվականին Վորլդ Վիժն Հայաստանի կողմից անցկացված Երեխաների պաշտպանության ոլորտում տիրող իրավիճակի նախնական գնահատման արդյունքում պարզվել է, որ ծնողների 74.7%-ը վերջին մեկ ամսվա ընթացքում որպես պատժի ձև երեխաների նկատմամբ կիրառել է ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն: Ֆիզիկական
  • բռնություն կիրառել է 39.7%-ը: Նույն ծնողների 67.4%-ը կարծում է, որ ֆիզիկական բռնության կիրառումը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ, և միայն 8%-ն է կարծում, որ ֆիզիկական պատիժը դաստիարակության արդյունավետ  միջոց է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930