Լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը Սաուդյան Արաբիային մեղադրել է Լիբանանում իրավիճակը սրելու մեջ՝ հայտարարելով, որ սուննիական թագավորությունը տնային կալանքի տակ է պահում Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին, հաղորդում է BBC-ն:
Տեսաուղերձում Նասրալլահը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պատերազմ է հայտարարել Լիբանանին և նրա դեմ է տրամադրում Իսրայելին:
Լիբանանը հայտնվել է տարածաշրջանային հակամարտության կենտրոնում սուննիական Սաուդյան Արաբիայի և շիական Իրանի միջև՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի անսպասելի հրաժարականից հետո:
Հիշեցնենք Հարիրին իր հրաժարականի մասին հայտարարել է Էռ-Ռիյադում՝ իր որոշումը բացատրելով նրանով, որ Իրանը և «Հըզբոլլահը» միջամտում են Լիբանանի ներքին քաղաքականությանը: Նա նաև նշել է, որ վախենում է իր կյանքի համար:
BBC-ն հիշեցնում է, որ Սաադ Հարիրիի հայրը՝ Ռաֆիկ Հարիրին, նույնպես զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը և սպանվել 2005թ.: Շատերը այդ հանցագործության մեջ մեղադրում են «Հըզբոլլահին», մինչդեռ վերջինս հերքում է այդ մեղադրանքները:
Հետազոտողները կասկածներ ունեն, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում պահվում է փաստացի տնային կալանքի տակ, իսկ հրաժարական տվել է Էռ-Ռիյադի ճնշման տակ:
Սաուդյան Արաբիան, սակայն, հայտարարել է, որ Հարիրին ազատ մարդ է, և նրան ոչ մեկ բռնի չի պահում:
ԱՄՆ-ը, Ֆրանսիան և այլ երկրներ կոչ են արել տարածաշրջանային տերություններին զսպվածություն ցուցաբերել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զգուշացրել է, որ տարածաշրջանում ցանկացած հակամարտություն կհանգեցնի ոչնչացնող հետևանքների, Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը (Ֆրանսիան ավանդաբար բարեկամական հարաբերություններ է պահպանում ինչպես Լիբանանի, այնպես էլ Սաուդյան Արաբիայի հետ) չծրագրված այցով մեկնել է Էռ-Ռիյադ:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կոչ է արել Լիբանանը չօգտագործել որպես Մերձավոր Արևելքում հակամարտությունների լուծման տարածք: Նա Հարիրիին անվանել է ԱՄՆ-ի կարևոր գործընկեր և խոսել նրա մասին՝ որպես Լիբանանի գործող վարչապետ: Թիլերսոնը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ապացույց չունի առ այն, որ Հարիրին Սաուդյան Արաբիայում պահվում է իր կամքին հակառակ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՅԱՆԸ



















































Ոչնչացնող հետևանք թե՞ աղետալի: ԱՄՆ-ի/-ը թե՞ ԱՄՆ: