Լրահոս
Օրվա լրահոսը

Նոբել Առուստամյան. «Հենրիխ Մխիթարյանին ճանաչում են ամբողջ աշխարհում»

Դեկտեմբեր 14,2017 20:33

Այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված Երեւան-Մոսկվա հեռուստակարջի գլխավոր թեման Հենրիխ Մխիթարյանն էր ու հարցը, թե տրանսֆերային ձմեռային պատուհանի ընթացքում Հայաստանի հավաքականի ավագը «Մանչեսթեր Յունայթեդից ո՞ր ակումբ կարող է տեղափոխվել:

Հեռուստակամրջի հյուրերն էին Հայաստանի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները եւ ռուսական «Матч TV» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան, «Հենրիխ 22-րդ» ֆիլմի հեղինակ Նոբել Առուստամյանը:

«Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հպարտություններից մեկն է: Նա հասել է մեծ բարձունքների եւ ճանաչում է բերում իր ժողովրդին: Երբ գնում ես աշխարհի որեւէ երկիր եւ տալիս ես նրա անունը, բոլորը ճանաչում են: Դա հիանալի է, նա ամեն տեղ երկրպագուներ ունի: Նա իր հայրենիքի հետ կապված հարցերում առավելագույն չափով բաց է, օգտակար եւ իրեն արժանապատիվ է պահում», – ասաց Նոբել Առուստամյանը:

Հայ ֆուտբոլասերներին  ներկայումս ամենից շատ հուզող հարցին, թե «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի եւ վերջին շրջանում թիմի կազմում չհայտնվելու մասին ի՞նչ ինֆորմացիա ունի, Նոբել Առուստամյանը պատասխանեց. «Հուսով եմ՝ իրավիճակը կզարգանա Հենրիխի օգտին: Չի լինում, որ ֆուտբոլիստն իդեալական կարիերա ունենա: Բոլորն էլ խնդիրների հետ բախվում են եւ դա նորմալ է: Այնտեղ մրցակցության խնդիր էլ կա: Այնպես որ Հենրիխի երկրպագուները եւ Հայաստանը տրամադրությունը չպետք է գցեն: Հենրիխն անպայման դեռ կխաղա, գոլեր կխփի, կձգտի ավելի կատարելագործվել եւ դեռ կուրախացնի բոլորին: Մխիթարյանի ամբողջ կարիերան զարգացում է: Նա դժվար փուլեր է ունեցել  «Բորուսիայում», «Շախտյորում», նույնիսկ՝ «Փյունիկում» եւ բոլորն էլ հաղթահարել է: Կարծում եմ՝ սա հերթական դրվագ է, որը պետք է անցնել, համբերել»:

Aravot.am-ի ճշտող հարցին, թե մեկնաբանը, ասելով, թե Մխիթարյանը դեռ կխաղա, գոլեր կխփի, նկատի ուներ «Մանչեսթեր Յունայթեդո՞ւմ», թե մեկ այլ ակումբում, Նոբել Առուստամյանը դժվարացավ հստակ պատասխանել. «Ներկայումս Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է, բայց կա տրանսֆերային պատուհան: Խոսակցություններ կան նրա Անգլիայի մեկ այլ ակումբ, Իտալիա, Գերմանիա տեղափոխվելու մասին: Հենրիխը թոփ կարգի ֆուտբոլիստ է եւ դա ակնհայտ է: Ես շփոթում եմ բազմաթիվ, այդ թվում Եվրոպայի մասնագետների հետ եւ բոլորը Մխիթարյանին որպես սուպեր ֆուտբոլիստ են գնահատում: Եթե Մխիթարյանի մոտ հիմա չի ստացվում ՄՅՈՒ-ում, ապա նա պահանջարկ ունի ամբողջ Եվրոպայում, որովհետեւ Մխիթարյանը շատ կարեւոր դիրքի ֆուտբոլիստ է եւ կարող է ուժեղացնել թոփ ակումբների մեծ մասին ամբողջ աշխարհում: Իսկ թե Հենրիխը ո՞ր ակումբում գոլեր կխփի, չգիտեմ: Ես Իտալիայի առաջնությունն եմ մեկնաբանում, անձամբ կուզենայի նրան տեսնել իտալական թոփ ակումբներից մեկում», – ասաց ֆուտբոլային փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031