Լրահոս
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմում վիրավորված Ռոլանդ Սահակյանն արդեն սկսել է ոտքերը զգալ. «Հույսերս շատ մեծ են, որ այստեղ կբուժվեմ»

Հունվար 24,2018 23:33

Այսօր Զինվորների առողջության վերականգնողական կենտրոնի կառուցման համար «Շնորհակալություն, հայ զինվոր» խորագրով բարեգործական համերգ էր կազմակերպվել, որին մասնակցում էին հայտնի երգիչ-երգչուհիներ, երգի, պարի համույթներ: Համերգը կազմակերպել էր «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում ՀԿ-ն:

Համերգին ներկա էր նաեւ ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում վիրավորված զինվոր Ռոլանդ Սահակյանը, որը ՌԴ-ում բուժման մի քանի կուրսերից հետո բուժումը շարունակում է ՀՀ-ում: Նա 12-ից ավելի վիրահատություն է տարել, ողնաշարի վնասվածք ունի:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ արդեն մեծ փոփոխություններ է զգում. «Ափսոս, Ռուսաստանում կուրսերս քիչ էին: Միքայելյան հիվանդանոցում վերջացրեցի բուժումս, հիմա սպասում եմ թիվ 1 հիվանդանոցի բացմանը: Առաջին հիվանդանոցը կբացվի, կտեղափոխվենք այնտեղ ու կսկսենք նորմալ պարապել: Ռուսաստանում պետությունը մուծեց 2 կուրսի համար, 3-րդ կուրսն էլ ես եմ ավելացրել՝ բարեկամներիս օգնությամբ: 3 ամսվա համար արդյունք կար, բայց արդեն ի վիճակի չէի ես այնտեղ մուծումներ անելու, պետության հովանու ներքո էլ չեղավ, որ կարողանային՝ լավ կլիներ»:

Ռոլանդ Սահակյանն ուրախությամբ պատմեց, որ արդեն սկսել է ոտքերը զգալ. «Այստեղ էլ ավելի շատ սկսեցի շարժել, ներկա պահին փոփոխությունս դա է, մեջքս է պնդացել, բալանսս կարողանում եմ նորմալ պահել: Մեր վերականգնողական կենտրոնից մեծ հույսեր ունեմ, որովհետեւ շատ լավ սարքավորումներ ունենք, երեկ առաջինն արդեն փորձարկել ենք, հույսերս շատ մեծ են, որ այստեղ կբուժվեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031