Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարգադրիչն ինձ հայհոյել է». Փայլակ Թեւանյանը մեղադրանքը չի ընդունում

Հունվար 26,2018 17:17

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Հիմնադիր խորհրդարան» ընդդիմադիր շարժման աջակից Փայլակ Թևանյանի գործով հերթական դատական նիստն էր: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դատական կարգադրիչի հանդեպ բռնություն է գործադրել՝ ապտակել է: Մասնավորապես, այս տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստի շրջանակում նա դատարանի շենքի դիմաց աջ ձեռքով դիտավորությամբ հարվածել է դատական կարգադրիչ Առաքել Արզումանյանի դեմքին`վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ:

Aravot.am-ի հետ զրույցում Փայլակ Թեւանյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստում որպես վկա հարցաքննվել է դատական կարգադրիչ Երանոս Հարությունյանը, որը պնդել է՝ Թեւանյանը հարվածել է նշյալ կարգադրիչին:

Փայլակ Թեւանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նշյալ մեղադրանքը չի ընդունում, իսկ դեպքի օրը լարված իրավիճակ էր, քանի որ, ինչպես «Սասնա ծռերի» գործով պաշտպաններն էին ահազանգել, դատարանի շենքում «ծռերից» մի քանիսը ծեծի էին ենթարկվել ոստիկանների կողմից: Ինչպես Թեւանյանը նշեց, ինքը եղել է դատարանի շենքի դիմաց: «Իրարանցում տեղի ունեցավ: Կարգադրիչներից մեկը հայհոյեց ինձ…»-պատմեց Փայլակ Թեւանյանը:

Ռոբերտ Ռեւազյանն իր հերթին նշեց, որ գործում առկա ապացույցն է ոստիկանության կողմից ներկայացված միջադեպի տեսանյութը:

Այդ առնչությամբ Փայլակ Թեւանյանն ասաց. «Իրենք դրանով են փորձում ապացուցել, բայց անգամ այդ տեսանյութում կարգադրիչը շարունակում է հայհոյել: Նրա հայհոյանքները լսվում են»:

Կարգադրիչի հետ պատահածի մասին այլ մանրամասներ մեր զրուցակիցները չներկայացրին, քանի որ դատավարության այս փուլում նպատակահարմար չեն գտնում բացահայտել պաշտպանական մարտավարության սկզբունքները:

Հավելենք, որ այս գործով առաջիկա նիստը նշանակվել է փետրվարի 9-ին՝ 10:30-ին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031