Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանի կնոջ բարեգործությունը Գյումրիում

Հունվար 27,2018 21:52

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ նալբանդյանի տիկինը՝ Նատալիա Նալբանդյանը, որը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը կից «Բարի գալուստ Հայաստան» դիվանագիտական ասոցիացիայի նախագահն է, երկու տարի է՝ աջակցում է Գյումրու «Ժպիտ» մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին։ Վերջինս երեկ այցելել է մանկապարտեզ՝ իր աչքով տեսնելու կատարվող աշխատանքները։ Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի տեղեկացմամբ` այն Խորհրդային տարիներին կառուցված շենք է, որը երկար տարիներ կապիտալ վերանորոգման չի ենթարկվել։

Գյումրու քաղաքապետարանի մամլո ծառայության՝ Aravot.am-ին ուղարկած հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ տիկին Նալբանդյանն այս անգամ էլ ձեռնունայն չի եկել Գյումրի, նա իր ղեկավարած դիվանագիտական ասոցիացիայի կողմից մանկապարտեզին նվիրաբերվել է բրդյա ծածկոցներ։

«2016թ-ից դիվանագիտական ասոցիացիայի, ՀՀ-ում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպանությունների, ԵԽ-ի և ՄԱԿ-ին կից Կանանց գիլդիայի աջակցությամբ ֆինանսավորվել են մանկապարտեզի մի շարք խմբասենյակների, մանկապարտեզի բակի վերանորոգման աշխատանքները։ Անձնական աջակցություն են ցուցաբերել ՉԺՀ դեսպան Թիան Էրլունը, նրա կինը՝ Ջանի Ինմեյը, ինչպես նաև՝ բարերար Ռիչարդ Սևազլյանը։ Գարնանը նախատեսվում է սկսել մանկապարտեզի խոհանոցի և միջոցառումների համար դահլիճը վերանորոգման աշխատանքները», -նշված է Գյումրու քաղաքապետարանի մամլո հաղորդագրության մեջ։

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի պետ Հայկ Սուլթանյանի ասելով` քննարկվել է նաև մանկապարտեզի 2 մասնաշենքերը միացնող ընդհանուր միջանցքի պատուհանների փոփոխման, միջանցքի վերանորոգման ու այնտեղ ջեռուցում անցկացնելու հարցը։ Ըստ քաղաքապետարանի պաշտոնյայի, եթե այս հարցերը ևս լուծվեն, ապա մանկապարտեզի կապիտալ վերանորոգումը ավարտին կհասցվի։

Ի դեպ, մասնակիցների ասելով, ազգությամբ ռուս Նատալիա Նալբանդյանը իրենց հետ շփման ընթացքում խոսել է հայերեն, ռուսերենին դիմել  է միայն «նեղն ընկած ժամանակ»։ Նա նույնիսկ հայերենով ընթերցել  է մանկապարտեզի պատերին փակցված գրառումները, երբ ներկաները հետաքրքրվել են, թե խոսելուց բացի, կարդո՞ւմ ու գրո՞ւմ է հայերեն, նա պատասխանել  է, որ տևական ժամանակ է հայերեն է սովորում՝ լիարժեք տիրապետելու համար։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու քաղաքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031