Վրաստանում աջ ղեկով մեքենաների ներմուծումը թույլատրվում է, սակայն, երբ այս երկրի կառավարությունը հանգեց այն եզրակացության, որ աջ ղեկով մեքենաներով երթեւեկելը վտանգավոր է՝ որոշեց մի ձեւ խնդիրը լուծել:
Այսօր «Արմենիասպուտնիկ» մամուլի սրահում տեսակամրջի ժամանակ Վրաստանի ներկայացուցիչ «Ավտոիմպերիա» ընկերության տնօրեն Դվիտրիյ Տոտուան ասաց, որ Վրաստանում աջ ղեկով մեքենաների ներմուծման մաքսատուրքն այնքան բարձրացրեցին, որ շատերը պարզապես հրաժարվեցին դրանք ներմուծել: Տոտուայի խոսքերով՝ Վրաստանի կառավարության՝ հարկի բարձրացման այդ որոշումից հետո, քաղաքացիները աջ ղեկը փոխում էին եւ տեղադրում ձախ կողմում, ու ներմուծում, որպեսզի մաքսատուրքը մատչելի լինի, սակայն Վրաստանի կառավարությունը սրա դեմ էլ է պայքարում. ներմուծողից պահանջում է փաստաթուղթ, որով կհաստատվի, որ տվյալ ներմուծվող մեքենան օրիգինալ ձախակողմյան ղեկ է, այլ ոչ թե՝ փոխած:
Տեսակամրջի Ղրղըզստանի մասնակից Բարատով Այբեք Սուլթանովն էլ ներկայացրեց այդ երկրի իրավիճակը, նշելով՝ 2015 թվականից արգելված է աջ ղեկով մեքենաների ներմուծումը: Բարատովի խոսքերով՝ Ղրղըզստանում էլ այս արգելքը պայմանավորել են ճանապարհատրանսպորտային պատահարներում ամենաշատ դեպքերը աջակողմյան մեքենաների մասնակցությամբ: Սակայն, ինչպես Բարատովն ասաց, կառավարությունն ուղղակի ինչ-որ թիվ է նշել, որը արժանահավատ չէ, եւ այդ ուղղությամբ որեւէ լուրջ ուսումնասիրություն չի կատարվել. «2020-ին ամբողջությամբ արգելվելու է աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը, եւ արգելվելու է աջ ղեկով մեքենաներով որպես տաքսի կամ հանրային տրանսպորտի միջոց շահագործելը»:
Բարատովի ներկայացմամբ՝ իրենց երկրում այս արգելքից հետո կտրուկ անկում է ապրել Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից ավտոմեքենաների ներմուծումը, փոխարենը ՌԴ-ում հավաքված մեքենաներն առանց խոչընդոտի հանգիստ մուտք են գործում Ղրղըզստան:
Քննարկման հայկական կողմի ներկայացուցիչ «Վարորդի ընկեր» ՀԿ փոխնախագահ Դավիթ Պեդանյանն էլ նկատեց, որ Հայաստանում էլ գրեթե նույն իրավիճակն է, եւ Հայաստանում դեռ արգելված չէ մեքենայի աջ ղեկը ձախ կողմ տեղափոխելը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ