«ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիր, փորձագետ Վիկտորյա Բուռնազյանը հաջողություն համարեց այն, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրել է Թեղուտի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի աշխատանքը:
«Նոյյան Տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված քննարկմանը Վիկտորյա Բուռնազյանն այս առիթով նշեց. «Հաջողություն է այն, որ այսքան ահազանգերից ու խնդիրը բարձրացնելուց հետո իրենք էլ են ասում, որ պոչամբարի խնդիր կա, և այն պետք է լուծվի: Մյուս հաջողությունն այն է, որ վերջապես տեսչական մարմինների աշխատակիցները կմտնեն այդ տարածք: Թեև չգիտենք՝ ինչ կհայտնաբերեն այնտեղ, բայց որ սայլը տեղից կշարժվի, դա հաստատ»:
Վիկտորյա Բուռնազյանը տեղեկացրեց, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանին և օրեր անց ստացել ոչ բոլոր հարցերի պատասխանները: Ըստ նրա՝ ընկերությունը ևս ընդունում է, որ հանքավայրի շահագործման հետ կապված կան խնդիրներ:
Դառնալով իրենց մտահոգություններին՝ փորձագետն ասաց. «Մեր մտահոգությունն այն է, որ Թեղուտի պոչամբարը շատ արագ է լցվում և չի համապատասխանում բնապահպանության և անվտանգության չափանիշներին: Համաշխարհային բանկի զեկույցում նշված է, որ պետք է ընկերությունը միջոցներ ձեռնարկի, որ եթե հանկարծ պոչամբարի պատվարը փլուզվի, ինչ սցենարով են բնակչությանը տարհանելու»:
Վիկտորյա Բուռնազյանը հայտնեց, որ ընկերությունն այդպես էլ չի արձագանքել Շնող, Թեղուտ համայնքների բնակիչների մտահոգություններին. «Շնող և Թեղուտի համայնքների բնակիչները բազմիցս բարձրացրել են փոխհատուցում ստանալու հարցը: Իրենք պնդում են, որ Թեղուտի հանքավայրի շահագործման պատճառով իրենց հողն ու ջուրը աղտոտվել են, և չեն կարողանում գյուղատնտեսությամբ զբաղվել: Բայց նրանց տեղեկացմամբ՝ ընկերությունը ոչ միայն հրաժարվում է փոխհատուցում տրամադրել, այլև հրաժարվում է ընդունել այն, որ բնակիչներին վնաս է պատճառում: Այս հարցի պատասխանն էլ չկար ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ»:
Վիկտորյա Բուռնազյանը նշեց, թե բնակիչները չեն հավատում ընկերության ներկայացրած այն փաստարկներին, որ պոչամբարը բոլոր չափանիշներով է կառուցված, և կա կավի շերտ, որը թույլ չի տալիս պոչամբարի թունավոր ջրերի արտահոսք ստորգետնյա ճանապարհով: Բնակիչները նշել են, որ արտահոսք կա, պոչամբարի շահագործումից ընդամենը երեք ամիս հետո իր հողամասում բնակիչներից մեկը աղբյուր է գտել, ընկերությունը եկել, փորձանմուշներ է վերցրել, բայց հետագայում չի տեղեկացրել, թե ինչ աղբյուր էր դա և ինչ վնաս է հասցրել բնակչին»:
Փորձագետը նշեց, որ ընկերությունն իրենց տեղեկացրել է, որ Եվրոպական բանկի մասնագետներն ուսումնասիրություն են իրականացրել և պարզել, որ դեռ կարող են շահագործել պոչամբարը, և որ այն կառուցվել է ՀՀ նորմերին համապատասխան:
Սակայն ըստ փորձագետի՝ ընկերության ներկայիս պատասխանից ակնհայտ է, որ իրենք ունեն խնդիրներ. «Պղնձի միջազգային գները բարձրանում են, և ընկերությունը կարող էր մեծ շահույթ ապահովել, բայց նրանք դադարեցրել են աշխատանքը՝ առայժմ երկու ամիս ու չգիտենք՝ ինչքան կշարունակվի: Սա խնդիր է, որը պետք է լինի պետական գերատեսչությունների ուշադրության կենտրոնում»:
«ԷկոԼուր» կայքի գլխավոր խմբագիրը փաստեց՝ հողում ծանր մետաղներ կան, Շնողի բնակիչներն ասում են, թեև աշխատանքները դադարեցվել են հունվարի 12-ից, բայց Շնող գետում դեռ շարունակվում է պղտոր ջուր հոսել: Ըստ փորձագետի՝ Շնողը երկրորդ դասի մաքրության գետ էր, այժմ 5-րդ դասի է համարվում, որտեղ բարձր է մոլիբդենի պարունակությունը: Ըստ փորձագետի՝ սա ընդունում է նաև ընկերությունը:
Հարցին՝ ինչո՞ւ չի աշխատում ընկերությունը, Վիկտորյա Բուռնազյանը պատասխանեց. «Դա կարող է կոնկրետ ընկերությունն ասել: Բայց հիմնական խնդիրը պոչամբարի խնդիրն է: Այն արագ լցվում է, և նրանք չեն կարողանում այդ պոչամբարը պատշաճ կերպով շահագործել, և դրա պատճառով արտահոսքեր են լինում: Սա իրենց բիզնեսի համար էլ է կարևոր, եթե պոչամբարը չդիմացավ, իրենք լուրջ խնդիրների առաջ են կանգնելու»:
Վիկտորյա Բուռնազյանը նշեց իրենց պահանջները. «Պահանջ ենք դրել անկախ փորձագիտական ուսումնասիրություն իրականացնել, պարզել աղտոտվածության չափը, և որ մարդկանց տրվի փոխհատուցում, պետական լծակներով ընկերությանը պարտավորեցվի տեսչական ստուգումներ իրականացնել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Նոյյան Տապան»-ի


















































