Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. Որեւէ խանութպան մի քանի անգամ ավելի ձայն կհավաքեր, քան ՀՀԿ-ի ցուցակում ընդգրկված թեկնածուները

Փետրվար 07,2018 11:40

«Ես երեկ զրուցել եմ Արմեն Ռուստամյանի հետ եւ առաջարկել եմ`միասին պատրաստենք նախագիծ: Մենք պատրաստ ենք քննարկել համամասնական ընտրակարգի տարբեր մոդելներ, որոնք բացառում են այս կերպ վարկանիշային ընտրակարգը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ի պատասխան Aravot.am-ի հարցի` ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանից հետաքրքրվել էինք`կհամագործակցե՞ն իշխանական ՀՅԴ-ի հետ`վարկանիշային ընտրակարգի փոփոխության հարցում, քանի որ ՀՅԴ-ն ևս դեմ է այդ դրույթին:

Եթե ստացվի համատեղ նախագիծ ներկայացնել, Նաիրա Զոհրաբյանն ասում է`դա կլինի քաղաքական կոնսենսուս:

Երեկ ՀՀԿ-ի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ իրենք կշարունակեն դեմ մնալ այդ ընտրակարգի փոփոխությանը եւ, որ անցած տարի ապրիլի 2-ին կայացած ընտրությունները ժողովրդավարական էին: Նաիրա Զոհրաբյանն իշխող ՀՀԿ-ին էքսպերիմենտ է առաջարկում. «Այն քաղաքական գործիչները, որոնք ներառված են ՀՀԿ-ի ցուցակում, եթե ունենային քաղաքացիական խիզախություն`առաջադրվելու վարկանիշային ընտրակարգով, ապա ես ձեզ հավաստիացնում եմ, որ իրենց հետ առաջադրված որեւէ խանութպան մի քանի անգամ ավելի ձայն էր հավաքելու, քան իրենք: Եվ եթե իրենք կարծում են, որ դա է ժողովրդավարությունը, ապա ես մեծ վերապահում ունեմ «ժողովրդավարություն» հասկացության`իրենց ընկալման մասին»:

Aravot.am-ի հարցին`երեսպաշտությո՞ւն չէ այս ամենը, քանի որ Ընտրական օրենսգրքի քննարկումների ժամանակ բոլոր քաղաքական ուժերը համաձայնեցին վարկանիշային ընտրակարգի դրույթին: «Մենք ևս համաձայնել ենք, որովհետեւ դա եղել է կոմպրոմիս»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը`հիշեցնելով, որ քննարկումների ժամանակ, կառավարությունն`ի դեմս Դավիթ Հարությունյանի, հրաժարվում էր ընդունել մի քանի կարեւորագույն դրույթներ`ընտրացուցակների հրապարակում, տեղամասերում տեսանկարահանում, ուստի, իրենք համաձայնվեցին այդ ընտրակարգին: «Բայց այստեղ ողբերգություն չկա: Ի վերջո, ցանկացած օրենք կիրարկման ժամանակ է ցույց տալիս իր դրական կամ բացասական կողմերը: Ապրիլյան ընտրությունները մեկ բանի մասին վկայեցին`քաղաքական ընտրություններ տեղի չունեցան: Եվ եթե մենք ուզում ենք, որ ընտրությունները լինեն քաղաքական, ապա վարկանիշային այս ընտրակարգը րոպե առաջ պետք է հանվի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728