Լրահոս
Օրվա լրահոսը

Ալբերտ Մկրտչյանի կինոն մեծ հետք է թողել հայկական կինոտարեգրությունում, լուսավոր մի հետք, որը երկար տարիներ լինելու է նոր կինոսերունդների հետ

Փետրվար 28,2018 17:04 Share
Աջակցեք aravot.am-ին

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է  հղել անվանի ռեժիսոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ  Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.

«Ցավով տեղեկացա անվանի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի մահվան մասին: 

Ալբերտ Մկրտչյանն այն եզակի պրոֆեսիոնալներից էր, ով իր ողջ կյանքը նվիրելով կինոարվեստին՝ ստեղծել է այնպիսի անմոռանալի ֆիլմեր, որոնք ոչ միայն սիրվել են ժողովրդի կողմից, այլ որոնց միջոցով սերունդներ են դաստիարակվել: Նրա  հանրահայտ՝ «Հին օրերի երգ»-ը, «Մեր մանկության տանգո»-ն հայ կինոարվեստի լավագույն գործերից են և արդիական են ցանկացած ժամանակահատվածում: 

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին ու մտերիմներին, ինչպես նաև հայ կինոարվեստի բոլոր երկրպագուներին»: 

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը եւս ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ. «Հայկական կինոն մեծ կորուստ է կրել: Վախճանվել է հայկական կինոյի մեծանուն վարպետներից՝ կինոռեժիսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակների  դափնեկիր Ալբերտ Մկրտչյանը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի կինոգործիչների և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ալբերտ Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, բարեկամներին: ցավակցում եմ մեզ՝ կինոգործիչներիս:

Նրա կինոն մեծ հետք է թողել հայկական կինոտարեգրությունում, լուսավոր մի հետք, որը երկար տարիներ լինելու է նոր կինոսերունդների հետ:

Ալբերտ Մկրտչյանի առաջին իսկ ֆիլմերը՝ «Լուսանկարը», «Հուշարձանը», «Բովտունը» եկան ապացուցելու, որ հայկական կինո է մտնում ուրույն կինոմտածողությամբ մի անհատ, որն իր բացառիկ տեղն է ունենալու կինոաշխարհում:

Կինոռեժիսորը թույլ չէր տալու սխալվել, որովհետև նրա տաղանդի ու ձեռագրի արգասիքը եղան այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում»-ը, «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Ուրախ ավտոբուս»-ը, «Տխուր փողոցի լուսաբացը»:

Զգայուն ֆիլմեր, որոնք անսահմանորեն սիրեց մեր ժողովուրդը, դրանցում տեսնելով իր կենսագրության դրվագները, իր ապրած օրերի ժամանակը, որովհետև կինոռեժիսորն ինքը նկարահանել էր իր ապրածը, իր կյանքի վավերագիրը և նկարահանել էր մեծ տաղանդով, սիրով, նվիրումով, իր մասնագիտությանը, կինոյին, սկզբունքներին հավատարիմ, իր կինոլեզվին անդավաճան:

Նրա կինոն նաև դերասանական համաստեղությունների կինո էր, որը հայ դերասանական արվեստի մեծերին հնարավորություն տվեց նորովի հանդես գալ: Եվ պատահական չէ, որ Ալբերտ Մկրտչյանը հենց արտիստական թատրոնի ստեղծողը եղավ, որովհետև նաև բեմադրիչ էր և իր կյանքի մի մասը նվիրել էր բեմադրական արվեստին:

Ալբերտ Մկրտչյանը ծնված լինելով Գյումրիում, իր մեջ խորապես կրելով հարազատ Գյումրին, կարողացավ նաև իր կինոյի միջոցով սերունդներին փոխանցել նաև Գյումրիի ավանդական, հոգևոր ու մշակութային շերտերը՝ իր բոլոր դրսևորումներով:

Ալբերտ Մկրտչյանի զգայուն կինոն միշտ լինելու է հայկական կինոյի պատվավոր դիրքերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728