«ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ի՞նչ մոդել է ձեւավորվում: Կան խնդիրներ, որոնք Կառավարությունը հաշվի չի առնում, օրինակ, թե ինչ հարաբերությունների մեջ պետք է լինեն քաղաքացիական հասարակության ինստիտուտները՝ կուսակցությունների եւ պետությունների հետ: Մեր առաջարկն է՝ հիմնել քաղհասարակության ինստիտուտների աջակցության հիմնադրամ»,-ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա նշեց՝ Կառավարության կողմից հ/կ-ներին տրվող ֆինանսական աջակցության առնչությամբ լուրջ հարցեր կան պարզելու. «Վիճակագրության համաձայն՝ հայաստանյան հ/կ-ների քսան տոկոսը միայն ունի ծրագրերի իրականացման համար ֆինանսներ, որոնց յոթանասուն տոկոսը ստացվում է միջազգային կազմակերպություններից կողմից: Մինչդեռ ամեն տարի պետբյուջեից 10-14 միլիոն դոլարին համարժեք դրամաշնորհներ են տրամադրվում հ/կ-ներին: Այսինքն, գործընթացը թափանցիկ եւ արդյունավետ չէ»:
Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով՝ հ/կ-ներն առավելապես տեղական ֆինանսավորում պետք է ստանան, որպեսզի հասարակության ինչ-ինչ խնդիրներ լուծվեն. «Ոչ բոլոր խնդիրների պարագայում է, որ միջազգային կազմակերպությունները դրամաշնորհներ են տրամադրում»: Հովհաննիսյանն ընդգծեց, որ մինչ օրս Կառավարության կողմից չկա քաղաքացիական հասարակության ինստիտուտների ֆինանսավորման հետեւողական քաղաքականություն. «Ֆինանսական միջոցներ կան, բայց գործընթացը թափանցիկ չէ: Արդյունավետությունն էլ չի գնահատվում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































