Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա ջա՞ն, էս ինչ ես անում պետական փողերը». Երվանդ Վարոսյան

Մարտ 09,2018 22:12

Փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ «իրավական առումով պրիմիտիվ հայտարարություն է» որակում փաստաբանների պալատի նախագահի այսօրվա հայտարարությունը, թե մեր օրենսդրությամբ դատական սանկցիան պարտադիր հիմք է փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար, եւ ՓՊ նախագահն այլ որոշում կայացնելու կամ այլ եզրահանգում անելու իրավունք ու հնարավորություն չունի:

«Չի կարող մի գործընթաց լինել մեխանիկորեն, որն իրենից ենթադրում է որոշում: Եթե քեզ օրենքը լիազորել է որոշում կայացնել, նշանակում է, որ պետք նստես, մտածես, գցես-բռնես՝ պիտի հարուցես, թե չպիտի հարուցես: Դու որեւէ պարագայում մեխանիկորեն դակող չես: Եթե օրենքն ասում է, որ դատական սանկցիայի հիման վրա պալատում հարուցվում է կարգապահական վարույթ, չի նշանակում, որ դատավորի գրած ցանկացած թուղթ պետք է ինքնաբերաբար հանգեցվի կարգապահական վարույթի հարուցման: Ցանկացած իրավաբան հասկանում է, որ որոշումը կարող է լինել եւ դրական, եւ բացասական, բայց որոշումը չի կարող լինել մեխանիկական դակման գործընթաց»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

«Հարգելով խոսքի ազատությունը՝ ասեմ, որ փաստաբանների պալատը գտնվում է իշխանությունների գրպանում եւ գրպանում տեղավորել է փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը»,- շարունակեց Երվանդ Վարոսյանը՝ հակադարձելով Արա Զոհրաբյանի այն արտահայտությանը, թե Խոսքի ազատությունը կիրառելիս փաստաբաններն իրենց պետք է պատասխանատու զգան, ակնհայտ սուտ է, որ ՓՊ-ն գտնվում է իշխանությունների գրպանում:

Երվանդ Վարոսյանը նաեւ բացատրեց, թե ինչու է վստահ, որ հենց Արա Զոհրաբյանն է պալատը տեղավորել իշխանությունների գրպանում. «Պետության կողմից ֆինանսավորում է հատկացվում հանրային պաշտպանի գրասենյակին: Բացի հանրային պաշտպանների աշխատավարձից նաեւ ֆինանսներ են ուղղվում հանրային պաշտպանի գրասենյակին օժանդակելու համար: Արա Զոհրաբյանը վերցրել է այդ գումարներից ամսական 4 միլիոն դրամ, ուղղել է փաստաբանների պալատի իր աշխատողների աշխատավարձերը բաժանելուն, որ այդ հանրային պաշտպանի գրասենյակի հետ առնչություն չունեն:

Վերցրել է նաեւ հանրային պաշտպանի գրասենյակի համար պետական միջոցներից գնված ու պետական միջոցներով պահվող մեքենան, որը պետք է հանրային պաշտպանին դատարան տանի որպես «պադավատ» օգտագործում է: Ինչ անկախության մասին կարող ենք խոսել, բա որ մի օր արդարադատության նախարարը հարցնի՝ Արա ջա՞ն, էս ինչ ես անում պետական փողերը, ինքը պատասխա՞ն է ունենալու: Ասելով չէ, որ անկախ ենք, թափանցիկ ենք. ոչ անկախ ենք, ոչ՝ թափանցիկ: Փաստաբանների պալատը նման պարագայում չի կարող անկախ լինել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031