Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Միլսը հանկարծ կանգներ ու ասեր՝ այո, մենք ենք աջակցել «Սասնա ծռերին». Արմեն Մարտիրոսյան

Մարտ 29,2018 22:00

«ԱՄՆ դեսպանին կոնկրետ հարց են տվել «Սասնա ծռերի» հետ կապված, կարելի է ասել՝ մեղադրել են աջակցություն ցուցաբերելու համար, ինչին ի պատասխան ինքը պաշտպանվել է եւ ասել է մոտեցում, որը դիվանագիտական է: Ակնհայտ է, որ պետություններին դա բնորոշ է: 21-րդ դարում պետությունները այդքան էլ կողմ չեն զինված պայքարի մեթոդներին, հիմա ավելի մեծ աջակցությունը միջազգային գործընկերների կողմից ստանում է քաղաքացիական խաղաղ անհնազանդությունը»,- Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի խոսքերը զինված խմբերին, հատկապես՝ «Սասնա ծռերին» չաջակցելու մասին՝ ասաց Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Aysor.am-ին ասել էր՝ «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»:

Արմեն Մարտիրոսյանի մեկնաբանությամբ՝ Միլսը օրինական իշխանությունների մասին է խոսում, բայց մենք 95-ից սկսած օրինական՝ լեգիտիմ իշխանություն չենք ունեցել, որովհետեւ չենք ունեցել լեգիտիմ ընտրություններ. «Պետդեպի վերջին տարեկան զեկույցում էլ նշվում է, որ ՀՀ-ում այդպես էլ քաղաքացիները ընտրությունների միջոցով իշխանություն չեն կարողանում փոխել:  Եթե ընտրական համակարգը չի աշխատում, այդ դեպքում օրինական իշխանության մասին չենք կարող խոսել: Վերջապես ԵԱՀԿ-ի վերջնական զեկույցում հստակ խոսվում է ադմինիստրատիվ ռեսուրսի կիրառման, ընտրակաշառքի մասին եւ նախընտրական ժամանակահատվածում ճնշումների մասին: Եթե այդ բոլորը լիներ իրենց ժողովրդավարական երկրներում, միանշանակ, այդ ընտրությունները լեգիտիմ ճանաչվել չէին կարող, բայց քանի որ մենք դարձել ենք իրենց համար չգիտեմ որ տեսակի երկիր, իրենք դրական են գնահատում, եթե այստեղ ընտրություններից հետո մարդասպանություն չկա»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, ընդհանուր առմամբ Միլսի պատասխանը դիվանագիտական էր եւ առանձնահատուկ չէր. «Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Միլսը հանկարծ կանգներ ու ասեր՝ այո, մենք ենք աջակցել «Սասնա ծռերին»: Դա աբսուրդ կլիներ: Անակնկալ չէր իր խոսքը եւ դիվանագիտական էթիկայի մեջ լրիվ տեղավորվող մեկնաբանություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    ուրեմն, ըստ քո իսկ այս մեկնաբանութեան, փաստօրէն խոստովանում ես թէ դու գործում ես ԱՄՆ-ի պետութեան հաշւոյն… անհասկնալի է սակայն թէ խի՞ քեզ բանտից այդքան շուտ դուրս հանեց կառավարութիւնը… հմմմ… the plot thickens!

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031