ՀՀ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկու ամսով հետաձգեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։
Գեւորգ Գորգիսյանն ասում է`քաղաքացիները մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով զրկվում են նպաստից եւ խախտվում է նրանց իրավունքը: Ասում է` ցանկացած նպաստ ստանալու համար քաղաքացու հաշվառման հասցեն են պահանջում, ինչն, ըստ նրա, խնդիրներ է առաջացում. «Եթե քաղաքացին ունի նպաստ ստանալու իրավունք, այս տեխնիկական հանգամանքից ելնելով չզրկենք այդ իրավունքից»։ Պատգամավորի հաջորդ առաջարկը վերաբերում է մայրության նպաստին: Կառավարության որոշմամբ սահմանվում է, որ նպաստ ստանալու համար պետք է հիմք հանդիսանան պոլիկլինիկայից ստացված փաստաթղթերը: Եթե քաղաքացին չի անցել այդ բուժզննումը կամ գտնվել է երկրից դուրս, զրկվում է մայրության նպաստից: Պատգամավորը հստակ օրինակներ ունի, քաղաքացիներն են դիմել: Գեւորգ Գորգիսյանն ասում է` առաջնային պլան պետք է գա երեխայի ծնունդը, քանի որ կարեւոր է երեխայի ծնունդը, ոչ թե բժշկի թուղթը: Կարծում է, որ երեխայի ծնունդն արդեն իսկ բավարար հանգամանք պետք է լինի, որպեսզի երեխայի մայրը մայրության նպաստ ստանա։
Հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը համաձայն չէ ընդդիմադիր գործընկերոջ հետ: «Պետության խնդիրը ոչ միայն երեխայի ծնունդն է, այլ առողջ երեխայի ծնունդը»,- ասաց նա: Գեւորգ Գորգիսյանը հակադարձեց` բժշկի գնալու հանգամանքով չի կարելի պայմանավորել մայրության նպաստի տրամադրումը: Իսկ առողջությանը առողջապահության նախարարությունը պետք է նպաստի: Գեւորգ Գորգիսյանի մյուս առաջարկը վերաբերում էր խնամքի նպաստին: Ըստ գործող կարգի, քաղաքացին խնամքի նպաստից զրկվում է, եթե 6 ամսով բացակայում է Հայաստանից: Ընդդիմադիր պատգամավորը սա խտրական մոտեցում է համարում:
Սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսպես պարզաբանեց իրենց առարկությունները. բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարտադիր պահանջ կա եւ ՀՀ-ում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշվառված լինի. «Քանի որ քաղաքացին ունի պարտականություն հայտարարելու բնակության վայրը, որովհետեւ, եթե անձը բնակության վայր չունի, ծանուցումը պատշաճ հնարավոր չէ։ Իրավունքները եւ պարտականությունները պետք է հավասարակշռված լինեն»: Խնամքի նպաստի մասով վերապահումն այսպիսին է. նպաստն ապահովում է տվյալ պահին, տվյալ ժամանակահատվածում տվյալ երկրում ապրող քաղաքացու իրավունքի իրացումը: «Հիմա դուք որ բերում եք օրինակը, որ քաղաքացին ծննդաբերել է այլ երկրում, որից հետո եկել է Հայաստան, այդ դեպքում այս ծրագիրն այլեւս չկա, բայց կա երեխայի ծննդյան միանվագ նպաստ։ Բացի այդ, մենք դեռ 1992-93 թվականներին ԱՊՀ երկրների հետ համաձայնագիր ենք կնքել, ըստ որի փոխադարձաբար ճշտում ենք, թե քաղաքացիները, անկախ նրանից, որ երկրի քաղաքացի են, նպաստ ստացե՞լ են, թե՞ ոչ, որովհետեւ համաձայնագիրը նշում է, որ պետք է մեկ վայրից ստանա այդ նպաստը»,- ասաց նախարարը:
Այլ մանրամասները` տեսանյութում
Հակոբ Հակոբյանն առաջարկեց երկու ամսով հետաձգել, ԵԱՏՄ պայմանագրով նայել թե ի՞նչ հնարավորություններ կան քաղաքացու իրավունքն ապահովելու համար:
Գեւորգ Գորգիսյանը համաձայնեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































