Գեղարքունիքի մարզպետարանի կայքը մարտի 29-ին հայտնել է. «Այլ աշխատանքի տեղափոխվելու նպատակով իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, ով նույն պաշտոնը զբաղեցնում էր մարզպետարանի հիմնադրման սկզբից՝ 1996 թվականի մարտից: Այս մասին հայտարարվեց Գեղարքունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում հրավիրված հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրենները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները:
Բացելով հանդիպումը՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը շնորհակալություն հայտնեց Գարիկ Բադալյանին՝ երկարամյա ու անբասիր աշխատանքի համար՝ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով եւ հուշամեդալով պարգեւատրելով նրան:


Գեղարքունիքի մարզում տարածված լուրերի համաձայն՝ Գարիկ Բադալյանն ամենեւին էլ իր ցանկությամբ չէ ազատվել աշխատանքից, պաշտոնից նրա ազատվելը կապված է վերջերս Գեղարքունիքի մարզ վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հետ, վարչապետին խիստ զայրացրել է Սարուխան գյուղի դպրոցի հետ կապված Գարիկ Բադալյանի ոչ հիմնավոր պատասխանը:
Այսօր հեռախոսազրույց ունեցանք Գարիկ Բադալյանի հետ, նրան հարցրինք, թե ինքն ի՞ նչ աշխատանքի է տեղափոխվել: Նա ասաց, որ առայժմ հանգստանում է: Նրան հարցրինք՝ պաշտոնից իր ազատվելը կապ ունի՞ վարչապետի Գեղարքունիք այցելության հետ: Նա ասաց`բացառվում է:
Գ. Բադալյանը հայտնեց, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նոր պետ է նշանակվել Կարեն Զազյանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Լուսանկարները` Գեղարքունիքի մարզպետարանի ինտերնետային էջից


















































