Լրահոս
Օրվա լրահոսը

«Չէինք սպասում այդ հարձակմանը, նոր էինք իջել դիրքերից»․ Թալիշից թշնամուն դուրս շպրտած 22-ամյա Սաշայի հիշողությունները

Ապրիլ 04,2018 18:44 Share

Ապրիլյան քառօրյայի ժամանակ Թալիշի թեժ մարտերին մասնակցած դիրքապահ-զինծառայող Սաշա Մեքինյանը, որն այդ ժամանակ 20 տարեկան էր և 2 ամիս էր մնացել բանակից զորացրվելուն,  մեր հետ զրույցում պատմեց, թե ինչպես սկսվեց պատերազմը։

«Մենք չէինք սպասում այդ հարձակմանը, որովհետև նոր էինք իջել դիրքերից, ոտքով էլ իջել էինք, ժամը 3-4-ի կողմերն էին, գումարտակի վրա արկ ընկավ, տագնապով արթնացանք, իջել ենք վայր։ Մտքերովս չանցավ, որ կարող է հարձակում լինի, որովհետև նոյեմբերից հակառակորդն անընդհատ  հրետանի էր աշխատեցնում, կրակում-կրակում էին,  մի շաբաթ անցնում էր, էլի դադար․․․ Մենք գիտեինք, որ էլի նման մի բան է։ Առավոտյան՝ դեռ նոր լույսը բացվելով էր,  ասին, որ առաջ են գալիս։  Զենքերը վերցրել էինք մեր մոտ, վազելով ամեն մեկս, ով ինչպես կարող էր, գնացել ենք մեր նստեցման վայրերը՝ չհասած դիրքեր։ Ամեն վաշտ գնացել է այդտեղ, մինչև իրար հետ համախմբվել ենք և երեք ուղղությամբ վազել, գնացել, հասել ենք դիրքեր։ Մեր վաշտի առաջին զոհերը երկուսն էին՝ Հրաչն ու Գևորգը, երկուսն էլ  զոհվեցին մի արկից։ Ես կորցրեցի իմ հրամանատարներին՝ Արգիշտի Գաբոյանին, Հրաչ Գալստյանին և ընկերոջս՝ Գևորգ Վարդանյանին ․․․

Նա հիշում է, որ այս օրերին հեռախոսով զանգել է ծնողներին ու ասել՝ հանկարծ չանհանգստանաք, ամեն ինչ նորմալ է։ «Մտածելու ժամանակ չունեինք, տեսնում էինք, որ մենք մեր նպատակին հասանք, ուրախանում էինք, մեզ լավ էինք զգում, որ մեր առջև դրված խնդիրը կատարում էինք, իսկ տվյալ պահին խնդիրն էն էր, որ մի շատ կարևոր դիրք կա, որից դիտարկվում է Թալիշը, պիտի վերցնեինք ու չթողնեինք, որ իրենք այդտեղից առաջ գային։ Մեր խնդիրը դա էր ու կատարեցինք։ Մենք քիչ էինք, բայց մի մետր անգամ հետ չենք գնացել, եթե հետ գնայինք, իրենք պիտի առաջ գային,  առաջ ենք գնացել ու հետ չենք գնացել, եթե հանկարծ էդ պահին մտածեինք իրենց շատ լինելու մասին ու մի մետր հետ դառնայինք, իրենք կգային ու կգրավեին»։

Սաշան ասում է, որ գիշերը ժամը 1-5-ի ընթացքում համեմատաբար հանգիստ էր, բայց լույսը բացվելուն պես՝ հարձակումները սկսվում էր։ Մեր զրուցակիցը թշնամուն բնութագրում է որպես վախկոտ ու նենգ։ «Իմ տպավորությամբ վախկոտ են, էդքան շատ լինելուն, վախենում էին առաջ գալ, ով էլ գալիս էր, մի թեթև դիմադրության հանդիպելով՝ արագ հետ էր դառնում։ Իրենց նենգությունը իրենց զենքերի մեջ էր, իրենք էնպիսի զենքերով էին ուզում մեզ հետ պահել, Թալիշից դուրս հանել, չէին պատկերացնում, որ բացարձակ հաշվի չպիտի առնենք իրենց հզոր զենքերը ու առաջ գնանք, երևի մտածում էին, թե էդ զենքերով, եթե Թալիշը վերացնեն, մենք հետ կնահանջենք»։

Ի դեպ, Սաշա Մեքինյանն ասում է, որ թշնամու զորքից իրեն հասակակից տղաների չի տեսել, բոլորն էլ եղել են 30-35-ն անց։ «Երբ անհրաժեշտ լինի, ես էլի կգնամ, ես հետ կանգնողներից չեմ։ Հիմա ավելի հաճույքով կգնամ, որովհետև պատկերացնում եմ ամեն ինչը, իսկ էն ժամանակ ոչինչ չգիտենալով եմ գնացել բանակ, եթե էն ժամանակ ինչ-որ բան սխալ էի արել, հիմի արդեն չեմ անի այդ սխալը»,- հպարտությամբ ասում է մեր զրուցակիցը։

Սաշան ասում է, որ բանակ գնալիս մտածել է, որ գնում է պարտքը կատարելու հայրենիքի հանդեպ։ «Հիշողություններով միշտ կիսվում եմ ընկերներիս հետ, կապի մեջ եմ ընկերներիս հետ, ամեն տեղ գնալուց հանդիպում ենք, խոսում ենք պատերազմի թեմայով»։

Խոսելով համացանցում տարածված այն հայտնի լուսանկարի մասին, երբ Թալիշում մենամարտած զինվորները խրոխտ, զենքերը վեր պարզած, հաղթանակած նկարվել են, Սաշա Մեքինյանն ասաց․ «Հենց եկան, ասին, որ պայմանագիրը կնքվել է, հրադադար է, Կարմիր Խաչն էր եկել այդտեղ, հենց Կարմիր Խաչը գալիս է, ոչ մեկը ոչ մեկին չէր կրակում, թեկուզև դեմ դիմաց հանդիպեր, մենք առիթից օգտվելով՝ իջանք մի քանի րոպե շունչ քաշելու ու հենց այդ պահին նկարվեցինք»։

Սաշա Մեքինյանը զորացրվելու օրը  ՊՆ-ի կողմից պարգևատրվել է «Դրաստմատ Կանայան» մեդալով։ « Քո հողը, որտեղ դու ապրում ես, չպիտի թույլ տաս, որ թշնամին ոտք դնի, եթե մոտեցավ քո հողին, կմոտենա քո ծնողներին, հայրենիքը քո ծնողներն են», ասում է Սաշա Մեքինյանը։

Հերոսն այժմ էլ ծառայում է սահմանապահ զորքերում:

Լուսանկարները՝ Սաշա Մեքինյանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30