«Բանակը շորերը տալիս է ըստ չափաքանակի, չեն կարող ամեն օր տրամադրել շապիկ, բայց զինվոր կա՝ շուտ-շուտ է սիրում փոխել»,- այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում պատասխանելով զինվորին ծնողների կողմից ուղարկվող գուլպաների, շապիկների, ներքնազգեստների մասին հարցին՝ ասաց քառօրյա պատերազմի հերոս Հարություն Բադալյանը:
Շուլի Հակոբյանն (լուսանկարում) էլ գտնում է, որ ծնողները հաճախ ուղարկում են դա՝ զինվորի քմահաճույքի պատճառով. «Ուղարկողներին ես էլ գիտեմ, ես էլ շփվում ու փորձում եմ բացատրել, որ գիտեք ինչ կա, մենք էլ ենք ծառայել, մեր ծնողները մեզ գրեթե ոչ մի բան չեն ուղարկել: Հա, հասկանում եմ, որոշ խնդիրներ եղել են, հիմա էլ կան, մենք չենք փակում, ասում՝ լուծված են խնդիրներն ու վերջ»:
ՀՅԴ ԳՄ անդամ, ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանն էլ ասաց, որ չնայած զինվորը չափահաս է, բայց ծնողի համար նա երեխա է ու ծնողը, եթե ոչ մի բանի պահանջ էլ չկա, ուզում է անել. «Էդ տեսակը կա: Կան ծառայության տեսակներ, որտեղ ծառայության բնույթից ելնելով՝ կարող է համազգեստը շատ ավելի արագ գունաթափվի: Ասենք, մարդը հողային աշխատանքներ է անում, փոշոտվում է, լվում է, կարող է գունաթափվի, ոչ պատռված է, ոչ էլ, բայց զինվորը կարող է ծնողին ասի՝ ինձ համար նոր շոր կուղարկե՞ք: Ժամկետների մեջ համազգեստները ստանում են: Իհարկե, համահարթեցման մոտեցումը պետք է փոխել, եթե կա ստորաբաժանում, որտեղ ավելի շատ են բատինկան շարքից հանում, ուրեմն նրանց նորմատիվը պետք է ավելի մոտեցնել»:
Եղիազարյանն ասաց, որ 7-ամյա ծրագրում այս հարցին անդրադարձ կա եւ լուծումներ կստանան. «Կարելի է ոչ թե քննադատել, այլ մասնագիտական առումով խնդիրը ներկայացնել: ՊՆ-ում լսում եւ հաշվի են առնում խնդիրները: Կոնկրետ բատինկաների որակի հետ կապված, այո, մենք էլ կամավորականներով ապրիլին գնացինք ու տեսանք, որ դժվար հագնվող բատինկաներ են: Բայց երբ այդ խնդիրների մասին բարձրաձայնվեցին, այսօր լուծումներ են փորձում ստանալ:
Վստահ եմ, երկու տարի հետո դրա մասին մենք կմոռանանք, որ անհարմար բատինկաներ են եղել, դրանք կենցաղային խնդիրներ են: Բայց ամենակարեւորն այն է, որ բանակում գնումների քաղաքականությունն է փոխվել, մոտեցումը: Սա եւ կոռուպցիայի բուն էր, որի արդյունքում մարդիկ կային, որ փող են աշխատել, եւ բնականաբար պետք է այն որակի ապրանք չլիներ, բայց եթե նկատել եք, հիմա ՊՆ-ն ինքն է հետամուտ այդ խնդիրների լուծմանը: Վերջին շրջանում անընդհատ լսում ենք տարբեր հարթություններում ձերբակալությունների մասին, կոռուպցիոն ռիսկերի: Մենք, որպես հանրություն, պետք է հետեւողական լինենք, ոչ թե իրար մեջ պատմենք, դժգոհենք, այլ, եթե ունենք փաստեր, բարձրաձայնենք: Կոնկրետ ես, երբ որ իմ որդիները ծառայում էին, ներքնազգեստների խնդիրը բարձրացրել եմ եւ տեսնում եմ, որ ուշադրություն են սկսում դարձնել: Նորմատիվով հասնում էր, բայց շատ բարակ էր, մի լվալուց հետո կարող է ծակվեր: Ասեցի՝ ընկերներ, մի քիչ ավելի ուշադիր եղեք, քանակը պետք չի ավելացնել, ոչ էլ ժամկետը փոխել, ընդամենը որակն է, պետք է մատերիալը փոխել, որ մեկ լվալուց հետո չծակվեն: Ու այդ խնդիրները կարծես թե արդեն լուծում են ստանում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ




















































