Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղ եւ ոչ խաղաղ ցույցի սահմանը

Ապրիլ 17,2018 10:00

Ես դեմ էի ոստիկանական գնդի վրա զինված հարձակմանը, ես դեմ էի այդ գունդը շրջափակած ոստիկանական շղթան ճեղքելու փորձերին, ես դեմ եմ նաեւ Ազգային ժողովը շրջափակած ոստիկանական շղթան ուժով, բռնությամբ ճեղքելու փորձին, որը ոստիկանության կողմից պատասխան բռնություն է հրահրել:

Դա նման չէ «Մարտի 1-ին», երբ առավոտյան ոստիկանությունը հարձակվեց Ազատության հրապարակում գտնվող, ոչ մեկին չխանգարող, ոչ մեկին նեղություն չտվող եւ ոչ մի բան «չճեղքող» քաղաքացիների վրա: Դա նման չէ «Էլեկտրիկ Երեւանին», որտեղ երիտասարդները որեւէ մտադրություն չունեին բախվելու ոստիկանների հետ, եւ հակառակը՝ ոստիկանությունը սկզբից այնքան անխոհեմ գտնվեց, որ ջրցան մեքենա կիրառեց:

Այս՝ վերջին օրերի ցույցերն, իմ կարծիքով, ԽԱՂԱՂ ՉԷԻՆ: Ուսումնական հաստատություններ եւ Հանրային ռադիո ներխուժելը, առավել եւս՝ ոստիկանական շղթան ուժով ճեղքելու փորձը, իմ ընկալմամբ, բռնի, ոչ խաղաղ ակցիաներ են: Իհարկե, չկա լուրջ սոցիոլոգիական հարցում, թե քանիսն են այդ ակցիաներին կողմ, բայց վստահ եմ, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայերի մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ:

Բոլոր դեպքերում այստեղ իշխանություններն ավելի շատ մտածելու բան ունեն, քան ընդդիմությունը: Ինչո՞ւ է հայաստանցիների եւ հատկապես նախկին հայաստանցիների մեծամասնությունը սատարում ցանկացած՝ խաղաղ եւ ոչ խաղաղ ակցիայի, որն ուղղված է իշխանությունների դեմ՝ երբեմն հաշվի չնստելով փաստերի եւ տրամաբանության հետ:

Պատճառները բազմաթիվ են՝ նրանցից մեկն այն է, որ Հայաստանում «ավանդաբար» ատում են իշխանություններին, ընդ որում՝ կոմունիստական իշխանություններից սկսած: Պարզապես Քոչինյանին եւ Դեմիրճյանին հրապարակավ հայհոյել ու անիծել չէր կարելի, վտանգավոր էր, իսկ հաջորդ երեքին կարելի է:

Վաղը Նիկոլ Փաշինյանը լինի առաջին դեմք, նրանի՛ց կակնկալեն, որ նա սկուտեղի վրա մատուցի բարեկեցիկ եւ երջանիկ կյանքը, բայց քանի որ Նիկոլն էլ չի կարողանա դա անել, նրան էլ կսկսեն անիծել եւ հայհոյել:

Իհարկե, հիմա ավելի շատ, քան նախկինում, հիմքեր կան բողոքելու, որովհետեւ սա մեր պետությունն է՝ պետություն, որը հռչակել է ազատություններ, ժողովրդավարություն, եվրոպական արժեքներ եւ այլն: Այն, ինչ հռչակվել է, 26,5 տարում իրականություն չի դառնում: Առայժմ իրականություն են խորհրդային ոճի «միաձայն» որոշումները:

Այնպես որ՝ մարդիկ հիմքեր ունեն բողոքելու: Ինչպես, ինչ եղանակով, որ քաղաքական լիդերների ղեկավարությամբ, քաղաքական ինչ տեքստով, ինչ ծրագրով՝ դա ես խնդիր եմ համարում:

Այստեղ է, որ ես ակնհայտ փոքրամասնության մեջ եմ՝ որովհետեւ իմ համաքաղաքացիների մեծամասնությանն այդ հարցը չի հուզում. ըստ նրանց՝ կիրառելի են բոլոր մեթոդները: Իսկ ես այդպես չեմ կարծում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Ruben says:

    Նիկոլ Փաշինյանի վարած կազմակերպված թատերական բեմադրությունը (սցենարը) նախատեսված է Սերժ Սարգսյանի «դասալքությունը» (փախուստը), առանց պատասխանատվության ՌԴ-ի առաջ, իրականացնելու համար:

    Սերժ Սարգսյանը, որը մի քանի օր է արդեն պետական ծառայող չէ,
    ռուս սահմանապահների միջով չի փախնի եւ հնարավոր է կրկնի «Հայկական Հեղափոխական ֆեդերացիա»-ի (ՀՅԴ-ի) կառավարության փախուստը իրանական Ադրբեջանով՝ կառավարությունը փոխանցելով ««Հայկական» Հեղափոխական ֆեդերացիա»-ի (ՀՅԴ-ի) ձեռքը:

    Այսօր տեղի կունենա՞ հայ մեծանուն քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանի ծննդյանը նվիրված երեկո:

  2. samvel says:

    Ես Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ:

  3. samvel says:

    Պարոն Աբրահամյան, ես Ձեզ հետ էի միանգամայն համամիտ, բայց իմ մեկնաբանությանը նախորդեց ոմն Ռուբենի մեկնաբանությունը, դրա համար կարող է սխա լհասկացվել իմ համամիտ լինելու փաստը: Սամվել

  4. Artur Lazarian says:

    Հերթական թերի վերլուծութիւնը: Թերի, որովհետեւ կարեւորը թողած շեշտը դնում էք անկարեւորի վրայ: Դուք երկար ժամանակ է առաջ էք տանում մի կեղծ թեզ՝ «բռնութիւնից զերծ ցոյցեր» եւ յաճախ էլ տողատակերում գրում էք, թէ «ես փոքրամասնութիւն եմ այս հարցում, ժողովուրդն իմ ասածները չի հասկանում»: Ժողովուրդը շատ լաւ հասկանում է:

    Մեր ժողովուրդը աշխարհի ԱՄԵՆԱԽԱՂԱՂԱՍԷՐ ժողովուրդներից մէկն է աշխարհում: Ես, եթէ ոչ ձեզնից առաւել, ապա հաստատ ոչ պակաս մերժում եմ բռնութիւնը, այդ թւում՝ «Սասնայ Ծռերի» արարքը: Բայց այս ամբողջ պատմութեան մէջ կենտրոնանալ միայն բռնութեան վրայ՝ թերի է ու անընդունելի: Աւելին՝ դա մեզ յուզող հարցերի պատասխանը չի տալիս:

    Ձեր վերլուծութիւնները կիսատ-պռած են:

    Այս երկու օրերին մի այնպիսի սարսափելի բան տեղի ունեցաւ, որ մինչեւ հիմա ցնցուած եմ:
    Հերացի փողոցում, խուժանն իջնում է «Համերից», ոստիկանների աչքի առաջ ծեծ ու ջարդ սարքում, ցուցադրաբար աւտոն քշում ցուցարարների վրայ, իսկ «ոստիկան» կոչուածները կողքից հանդիսատեսի դերում նայում են (https://www.youtube.com/watch?v=ElTURsMLUjI):

    Դուք խաղաղութեան կոչ էք անում (ինչին, ես բնականաբար դէմ չեմ), նշում էք, ԵՊՀ-ի եւ Ռադիոտան (բաւականին անմեղ) դէպքերը, բայց բառ անգամ չէք ասում Հերացու դէպքերի մասին: Միայն թռուցիկ գրել էք. «Բոլոր դեպքերում այստեղ իշխանություններն ավելի շատ մտածելու բան ունեն, քան ընդդիմությունը»: Դա քիչ է:

    Հերացու դէպքն անտանելի է. դա մղձաւանջ է: Դա փայլուն կերպով ցոյց է տալիս, թէ ինչ ծայրաստիճան չկայացած է այս պետութիւնը: Դա փայլուն կերպով ցոյց է տալիս, որ խուժանն է այս երկրի արդարադատութիւնը, որի դէմ նոյնիսկ ոստիկանն է անզօր: Դա փայլուն կերպով ցոյց է տալիս, որ այս երկրի խնդիրների 99.9%-ի պատճառը Հերացու խուժանն է: Դա փայլուն կերպով ցոյց է տալիս, որ արտագաղթի մեծագոյն խթանը Հերացու խուժանն է:

    Յ.Գ. Հերացու խուժանը հեչ, կարեւորը Ռադիոտան դուռը չջարդեն:

  5. մարդամեկ says:

    Պատճառները բազմաթիվ են՝ նրանցից մեկն այն է, որ Հայաստանում «ավանդաբար» ատում են իշխանություններին, ընդ որում՝ կոմունիստական իշխանություններից սկսած: Պարզապես Քոչինյանին եւ Դեմիրճյանին հրապարակավ հայհոյել ու անիծել չէր կարելի, վտանգավոր էր, իսկ հաջորդ երեքին կարելի է:

    Ես կարծում եմ որ հայհոյել ու անիծելի մեջ չի էությունը եվ դա բերել ինչպես դեմոկրատիաի փաստ անիմաստ է եվ անհեթեթ. Այսորվա դարում դա երկրորդական մոտեցում է թե մեկին հայհոյեցին վայ տեսեք տեսեք . Իսկ ավանդաբար ատելու թեզը դա ուղակի փրփուրներից կախվել է. Կարծում եմ մեր ուսանողները նորովի մոդեռն մտածելակերպով են շարժվում որը չի սահմանափակվում հայհոյանքի թեզի սահմաններում

  6. Լավատես says:

    ՝Առայժմ իրականություն են խորհրդային ոճի «միաձայն» որոշումները:՝
    Ըստ Սահամանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եթե սա ընդունենք որպես ժողովրդի ձեւակերպում, ուրեմն՝ ժողովուրդը՝ դա մեր պատգամավորներն են, դատավորներն ու կառավարությունը՝ Հերացու խ**ի հետ միասին՝ ուժեղ, կարգապահ ու անասելի հարուստ ու միաձայն: Իսկ ոչժողովուրդը՝ մեծաքանակ ամբոխը, որը չգիտես ինչու ինքն իրեն ժողովուրդ է համարում, չի հասկանում, որ ժողովուրդ կոչվելու համար պետք է լինի մեր պատգամավորների, դատավորների ու կառավարության, ինչպես նաեւ Հերացու խ**ի նման ուժեղ, կարգապահ ու անասելի հարուստ ու միաձայն՝ գոնե խորհրդային ոճի:

    • Լավատես says:

      Պետությունը խաղաղ ու լավ ապրելու համար չեն ստեղծում, պետությունը պատերազմի միջոց է, եթե պետությունը պատերազմի համար չես կառուցում, պետությունը հետադիմում է ու ոչնչանում: Մեզ պետք է պատերազմի կուսակցություն, պատերազմի համար են քաղաքացի դառնում, որ ծնված օրվանից դաստիարակվեն որպես քաղաքացի: Իսկ խաղաղ ու լավ ապրելը՝ դա պատերազմից պատերազմ վերականգնման ժամանակահատվածն է: Հո չի՞ կարելի անվերջ վերականգնվել: Եկեք ազգովին պատրաստվենք մեր նախաձեռնած պատերազմին ու ազգը կբուժվի, կկազդուրվի, կուժեղանա, կվերադառնա Հայրենիք, իսկ այսօրվա ջրի երես ելածները կարտագաղթեն՝ նրանք սովոր են միայն խաղաղ ու լավ ապրելուն:

  7. Հ.Շ. says:

    մէջբերում՝ «վստահ եմ, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայերի մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ: »

    բայց ինչո՞ւ էք այդպէս կարծում…

    աշխարհի տարածքին, 8ից 10 միլիոն հայեր կան…

    անոնցմէ մի քանի հազարը միայն բիրտ ու անիմաստ բողոքների են մասնակցում, եւ այդ ալ՝ միայն Մայրաքաղաքի մի փոքր թաղամասում (կատղածների թիւը պարզապէս աննշան է որեւէ այլ քաղաքում, կոպիտ քարոզչութիւնը – եւ ափսոս, որոշ զգայացունց լրագրութիւն մը… – չշփոթենք իրողութեանց հետ)

    Սփիւռքի տարածքին, մի քանի հարիւր հայեր իսկ չկան, որոնք արտայայտում են իրենց զօրակցութիւնը բողոքի բիրտ ու վայրագ արարքների նկատմամբ – ի դէպ, այդ անհատները տարրական ճիգը իսկ չեն անում գոնէ երթալ Երեւան, միանալու համար փողոցի իրարանցումին… Մայր Հայրենիքը փրկելու համար, երեւի այդ ջանքը իսկ շատ է, աւելորդ տաղտուկ է… –

    Համացանցի յուզումները նոյնպէս արժէք չունեն, սակայն նոյնիսկ այդտեղ, համակարքիչի-յեղափոխականներու սովորական ջոկատը սահմանափակ է, եւ ճահճացած վիճակում կը գտնուի

    մնացեալ համայն Հայութեան մասսայական, տիեզերական, խլացուցիչ լռութիւնը նշանակում է թէ անոնք համաձայն չեն պարբերաբար տեղի ունեցող այդ տղայական, անհեթեթ, «ապստամբութեան» փորձերի հետ.

    այդ քիչ թիւով արմատական, գերզգայուն անհատները որոնք, իրենց գաղափարապաշտական հարբանքին մէջ, իրենք իրենց պատկերացնում են որպէս առասպելական յեղափոխականներ, խորապէս իրենք իրենց են խաբում, պատրանքը շփոթում են իրականութեան հետ, նաեւ վերեւ պարզուած մինչդեռ բացայայտ տուեալների նկատմամբ

    հիմնականօրէն, վնասում են միայն իրենք իրենց

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30