Լրահոս
Օրվա լրահոսը

42 տարվա ուսուցչուհին վերաքննիչ դատարանին խնդրել է սուտ մատնություն կատարելու մեջ իրեն անմեղ ճանաչել

Ապրիլ 18,2018 23:07

Հայտնել ենք Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշեն գյուղի բնակչուհի, 1953թ. ծնված Վալենտինա Բեգլարյանի դատավճռի մասին: Վերջինս մեղադրվել է բանի համար, որ նա գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն:

Ըստ մեղադրանքի՝ նա քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը եւ հիմքերի բավարար լինելը ստուգելու համար ոստիկանության Իջևանի բաժնում 2016թ. նոյեմբերի 14-ից նախապատրաստվող նյութերով բացատրություն, իսկ այնուհետեւ նաեւ հարուցված քրեական գործով ցուցմունքներ է տվել այն մասին,որ 2015թ. դեկտեմբերի 24-ին թվագրված եւ Վազաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանի կողմից իրեն աշխատանքից ազատելու վերաբերյալ կազմված «Ծանուցագիր» վերնագրով փաստաթղթի ձեռագիր տեքստի տակ տեղավորված «ծանոթացա» ձեռագիր գրառումը, դրա դիմաց տեղավորված ստորագրությունն ինքը չի կատարել,այլ իր փոխարեն կեղծել են: Վ. Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Վ. Բեգլարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել եւ ցուցմունք տվել է այն մասին, որ աշխատել է Վազաշենի միջնակարգ դպրոցում, ունի 42 տարվա աշխատանքային փորձ,դպրոցի անձնակազմի հետ գտնվել է լավ հարաբերությունների մեջ: 2015թ. հոկտեմբեր ամսվա վերջին հիվանդացել է եւ բուժում ստացել մի քանի հիվանդանոցներում:

Ամուսինը դեկտեմբեր ամսին զանգահարել է դպրոցի տնօրենին եւ հայտնել, որ իր վիճակն ավելի է վատացել, տնօրենը անաշխատունակության թերթիկ է պահանջել: Տարեվերջին, սովորաբար, աշխատավարձը նախապես է վճարվում եւ, որպեսզի ինքը նույնպես գումար ստանա, ներկայացրել է անաշխատունակության թերթիկը: 2015թ. հոկտեմբեր ամսվա վերջից աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է աշխատանքի` 2016թ. փետրվարի 1-ին: Տնօրենը 2016թ. փետրվարի 1-ին հայտնել է, որ օրենքով սահմանված է, որ կենսաթոշակի անցնելու դեպքում անձն ազատվում է աշխատանքից,խնդրել է տնօրենին` ցույց տալ այդ օրենքը: Սակայն նա պահանջել է դիմում գրել` մինչև տարեվերջ աշխատելու խնդրանքով:

Նշված օրը դիմում է գրել հետևյալ բովանդակությամբ`«կենսաթոշակային տարիքի անցնելու կապակցությամբ խնդրում եմ թույլատրել աշխատել մինչև տարեվերջ»: 2016թ. նոյեմբեր ամսին առաջին անգամ ծանուցագիրը տեսել է քննիչի մոտ եւ զարմացել է ծանուցագրում նշված ամսաթվից, քանի որ ինքն այդ ժամանակահատվածում հիվանդ է եղել, անգամ չի կարողացել նստել, միայն կատարել է 3-10 քայլ եւ ի վիճակի չի եղել աշխատանքի գնալ: 2016թ. հունվար ամսին ֆիզիոթերապիայի եւ ասեղնաբուժության շնորհիվ կարողացել է կիսանստել:

Ընդունում է, որ ծանուցագիրն ինքն է ստորագրել, բայց 2015թ. դեկտեմբեր ամսին չի ստորագրել եւ ոչ էլ՝ 2016թ. փետրվարին, կոնկրետ չի կարող ասել, թե ինչպես է ստորագրել եւ երբ: Իսկ բացատրության մեջ նշել է, որ դա իր ստորագրությունը չէ, նկատի ունենալով, որ ծանուցագրում նշված ամսաթվին ինքը չէր կարող դա ստորագրել, քանի որ դպրոցում չի եղել:

Գործով տուժող, Վազաշեն գյուղի դպրոցի տնօրեն, Սարգիս Խաչատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ վերոհիշյալ ծանուցագիրը կազմել է ինքը` 2017թ.դեկտեմբերի 24-ին եւ անձամբ 2017թ.դեկտեմբերի 29-ին իր աշխատասենյակում ներկայացրել Վ. Բեգլարյանին, եւ վերջինս դրա տակ գրել է՝ «ծանոթացա» ու ստորագրել: Ս. Խաչատրյանը պնդել է, որ կան ապացույցներ, որ Բեգլարյանը 2015թ. դեկտեմբեր ամսի վերջին եկել է աշխատանքի: Ս. Խաչատրյանը դատարանում հայտարարել է, որ Վ. Բեգլարյանի կողմից իրեն պատճառվել է մեծ չափի բարոյական վնաս, որի գումարային չափը չի կարող նշել, սակայն խնդրում է իրեն պատճառված վնասը բռնագանձել ամբաստանյալից:

2017թ. դեկտեմբերի 21-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Վ. Բեգլարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել տուգանքի 200 հազար դրամի չափով, տուժող Ս. Խաչատրյանի կողմից պատշաճ կարգով ձեւակերպված քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը թողնել առանց քննության:

Վ. Բեգլարյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, որով խնդրել է ամբողջությամբ բեկանել Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի 2017թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը, կայացնել գործն, ըստ էության, լուծող ակտ`ճանաչել եւ հռչակել ՀՀ քր.օր.-ի 333 հոդվածի 1-ին մասով հանցանքի կատարման մեջ Վալենտինա Բեգլարյանի անմեղությունը, նշված խնդրանքը չբավարարելու դեպքում բեկանել 2017թ. դեկտեմբերի 21-ի դատավճիռը եւ այն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության: Քրեական գործերով վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վարույթ է ընդունել, այդ գործով դատական վերջին նիստը վերաքննիչ դատարանում կայացել է ապրիլի 5-ին, հաջորդ նիստը նշանակված է մայիսի 16-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30