Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Երեկ Ղազախստանից ժամանած զբոսաշրջիկները օդանավակայանում համբերատար սպասել են, մինչեւ ճանապարհները բացվել են

Մայիս 03,2018 18:20

Երեկ Ղազախստանից եկած զբոսաշրջիկների մի խումբ համբերատար սպասել է, մինչեւ օդանավակայանի ճանապարհները ցուցարարները բացել են: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասացին «Արարատ տուր» տուրիստական գործակալությունից՝ պատասխանելով մեր հարցին, թե այս օրերին մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններն ինչպես են անդրադարձել տուրընկերությունների աշխատանքի վրա, ֆինանսական կորուստներ ունեցե՞լ են, արդյո՞ք եղել են չեղարկումներ:

Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը հայտնել է, որ, երեկ 30-40 զբոսաշրջիկ իջել է օդանավակայան, եւ տեսելով ճանապարհը փակ է՝ անմիջապես տոմս են ձեռք բերել ու հետ գնացել:

Մեր հարցին, թե երբ զբոսաշրջիկներն իմացան, որ ճանապարհները փակ են, ցանկություն հայտնե՞լ են հետ վերադառնալու, «Արարատ տուր» տուրընկերության պատասխանատուն ասաց, որ նրանց հենց սկզբից էլ ներկայացվել է իրավիճակը եւ որեւէ մեկը չի ցանկացել իր այցը չեղարկել. «Նախ՝ այդքան հեշտ չէ, այդ պահին տոմս գնելը եւ հետ գնալը, գումար կորցնելը: Նրանք տեսնում էին, որ մարդիկ գնում են հեծանիվով, ոտքով եւ այդ ամենը նրանց համար դժգոհության առիթ չէր հանդիսանում: Ավելին, նրանք հասկանում էին, որ իրենք էլ հեղափոխության մի մասն են լինելու եւ պատմանական իրադարձությունների ականատեսն են լինելու: Այդ օրերին խմբեր ենք ունեցել նաեւ Լեհաստանից, Ռուսաստանից եւ մեր բոլոր հյուրերը Հայաստանից հիացած են գնացել»:

Aravot.am-ը Զբոսաշրջության պետական կոմիտեից հետաքրքրվեց, թե մասնավորապես` ո՞ր երկրից են եղել երեկ հետ դարձած զբոսաշրջիկները, ո՞ր տուրընկերության միջոցով են եկած եղել եւ այլն: Նույն հացն ուղղեցինք նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը: Մեր հարցերին ի պատասխան, երկու կառույցներից էլ նշեցին, որ հիմնականում Ռուսաստանից: Իսկ, թե որ ավիաընկերությունով էին եկել, որով՝ հետ դարձել կամ ո՜ր տուրընկերության տուրիստներն էին նրանք, պետական երկու գերատեսչություններից չհստակեցին, միայն ասացին, որ դրանք առանձին քաղաքացիներ են եղել:

«Սպուտնիկ» տուրգործակալությունից Aravot.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ իրենք, ինչպես մի շարք այլ տուրգործակալություններ, բնականաբար, վնասներ կրել են եւ չեղարկումները հիմնականում Ռուսաստանից են եղել. «Եղել է դեպք, որ ասել ենք օրը փոխեն, սակայն դեռ հակված չեն գալու: Մայիսի կեսին եկող խումբ ունենք, որոնց փորձել ենք հանգստացնել, որ ամեն ինչ նորմալ է եւ որ բացասական հետեւանք չկա: Այլ երկրներից էլ դեռեւս ընթացքի մեջ է»:

«Ռոադ թրիպ Արմենիա» տուրընկերությունից էլ ասացին, որ ընդհակառակը այս պահին բազմաթիվ նոր հարցումներ ունեն հենց Ռուսաստանի Դաշնությունից: Բացի այդ այս ընկերության որեւէ այց, ինչպես մեզ հետ զրույցում ընկերության պատասխանատուները վստահեցրին, որ ոչ չեղարկվել, ոչ էլ մեծ ֆինանսական կորուստներ, պարզապես ծրագրերի փոփոխությունով պայմանավորված որոշակի փոքրիկ վնասներ կրել են. «Այդ օրերին զբոսաշրջիկների մի խումբ ենք ունեցել, եւ նրանցից որեւէ դժգոհություն չենք լսել»: Մեր հարցին, թե փակ ճանապարհները չե՞ն խոչընդոտել, որպեսզի նախատեսված ծրագրերն իրականացնեն, «Ռոադ թրիպ Արմենիա»-ից ասացին, որ կարողացել են այնպես ծրագրեն, որ տուրիստները չմնան ճանապարհներին:

«Սաթի» տուրընկերությունից հայտնեցին, որ չեղարկում ԱՄՆ-ից են ունեցել, որոնք սակայն այցը հետաձգել են: Սակայն այս ընկերությունը տուժել է, քանի որ չի կարողացել Հայաստան ժամանած զբոսաշրջիկների համար ներգնա տուրեր կազմակերպել, ինչպես որ նախկինում արել է. «Այդ օրերին մեր գրասենյակի դուռը անգամ օտարերկրացիները չբացեցին»,-ասաց մեր զրուցակիցը»:

«Լոկա» տուրիստական գործակալությունից մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց զբոսաշրջիկները եկել են՝ անկախ երկրում տիրող իրավիճակից. «Նրանք հասկանում էին, որ ամեն ինչ տեղի է ունենում խաղաղ պայմաններում: Ճիշտ է ծրագրում փոփոխություններ ունենում էինք՝ կապված փակ ճանապարհների հետ, սակայն հարթում էինք նման խնդիրները: Չենք ասում ընդհանարապես խնդիրներ չենք ունեցել, բայց մեր զբոսաշրջիկներին Հայաստանից ճանապարհել ենք ժպիտով:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարները՝ panorama.am կայքից. Սանկտ Պետերբուրգ մեկնող աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանն օդանավակայան հասել է ոտքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031