Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինքնուրույն  որոշում եմ կայացրել ու որևէ մտերմություն չունեմ Սամվել Բալասանյանի հետ»․ Արտյոմ Ղարաղազարյան

Մայիս 18,2018 18:54

Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու գործընթացին մասնակցած Գյումրու ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ, անկուսակցական  Արտյոմ Ղարաղազարյանը, որին ԲՀԿ-ն երեկ հեռացրեց իր խմբակցությունից , Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն անկախ, ինքնուրույն անձ է, իր որոշումը կայացրել է, ինչպես որ ճիշտ է գտել և որևէ մտերմություն, բիզնես շահեր չունի քաղաքապետարանի ոչ մի պաշտոնյայի հետ, այդ թվում և քաղաքապետի հետ։

«Ինչպես գիտեք, ես անկուսակցական եմ և մեղավոր չեմ, որ ըստ օրենքի՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններում չեմ կարողացել մասնակցել որպես անհատ։ Օրենքը փոխվել էր, և պետք էր խմբակցությունների կամ կուսակցությունների հետ մասնակցել, և ես ԲՀԿ-ի հետ եմ գնացել այդ քայլին, քանի որ իրենք են հրավիրել ինձ իրենց խմբակցության ցուցակում։ Ես այդ ժամանակվանից ասել եմ, որ ես քաղաքական ոչ մի պարտավորություն չունեմ ոչ մեկի հանդեպ և ես կուսակցական չեմ դառնալու։ Հիմա, որ ասում եք` ինձ հեռացրել են ԲՀԿ խմբակցությունից, ես չէ, որ գնացել եմ ԲՀԿ խմբակցություն, իրենք ինձ խնդրել են, ես գնացել եմ, ընդգրկվել եմ ցուցակում․․․ Իրենք հրավիրեն, մենք գնանք, իրենք հեռացնե՞ն․․․ Ես իրենց հետ համագործակցել եմ Գյումրուն վերաբերող ցանկացած գաղափարի շուրջ»,-ասաց Արտյոմ Ղարաղազարյանը։

Մեր հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ ստորագրեց «Բալասանյան դաշինքի» 10 անդամների՝ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ, նա ասաց․ «Նախաձեռնողների շարքերում միանշանակ ես չկամ, ինձ քաղաքապետարանում մի հարց են տվել՝ ասելով, թե Բալասանյանի լիազորությունները վայր դնելու համար ստորագրահավաք կա, մասնակցո՞ւմ ես, թե՞ չէ։ Ես ստորագրել ու դուրս եմ եկել, ես չեմ քննարկել, թե ով ում հետ ինչ է խոսում, ո՞րն է իրականությունը, որը՝ ոչ։ Ես ունեցել եմ սկզբունք, եթե մարդիկ ուզում էին հանել, նույն ընդդիմությունն էլ , ես էլ հետները․․․Չեմ տեսել այլ թեկնածու, որը ներկայացրել է ընդդիմությունը կամ իրենք, չեմ քննարկել, չեմ խորացել»։

Մեր ճշտող հարցին՝ նախաձեռնության տակ ստորագրելիս, չե՞ք դիմել ԲՀԿ խմբակցության ղեկավարին կամ մյուս անդամներին՝ քննարկելու՝ արժի՞ ստորագրել, թե՞ ոչ, ավագանու անդամն ասաց․ «Ես անկախ մարդ եմ, իմ անձնական կարծիքն ունեմ, պետք է այդ մարդուն պաշտոնից հանել, համաձայն եմ, կստորագրեմ, համաձայն չեմ, չեմ ստորագրի»։

Հարցին, ինչպե՞ս է լինելու ձեր հետագա գործունեությունը Գյումրու ավագանու կազմում, Արտյոմ Ղարաղազարյանն ասաց․ «Ես անկախ եմ, անկախ եմ մնալու, մտադրված չեմ գնալ որևէ մեկին միանալ,  այլ խմբակցության անդամ դառնալ ու նույն ձևով էլ շարունակելու եմ։ Եթե ԲՀԿ-ն առաջ է քաշում այնպիսի հարց, որը վերաբերում է իմ քաղաքին, ժողովրդին ու ճիշտը դա է, կապ չունի «Բարագվաճ»-ն է, ԳԱԼԱ-ն է, մյուս խմբակցություններն են, եթե դա ճիշտ է ու ժողովրդին վերաբերող հարց է, ուրեմն դա իմ հարցն է, եթե ոչ՝ ոչ»։

Հարցին կդնե՞ք մանդատը վայր, ավագանու անդամն ասաց․ «Ինչի՞ համար, ես մանդատ վայր չեմ դնի, ինչպես սկսել եմ, այնպես ել կավարտեմ»։

Նա նաև ասաց, որ ի սկզբանե պահել է ԲՀԿ-ի բոլոր քայլերը, իսկ այս դեպքում սպասել է քաղաքապետի թեկնածուին, բայց այդպես էլ թեկնածու չի եղել, քննարկում չի եղել։ «Եթե թեկնածու լիներ, քննարկեինք այդ հարցը, որ քաղաքապետ պիտի փոխեինք․․․ Բայց թեկնածու չենք տեսել»։

Մեր ճշտող հարցին՝ քաղաքապետ փոխելու մասին ԲՀԿ խմբակցության մեջ քննարկում չի՞ եղել, մեր զրուցակիցն ասաց․ «Խմբակցության մեջ նման կարող է և եղել է, իրենք ինձ այդ հարցով չեն դիմել։ Եթե դիմեին, ես դժվար մերժեի իրենց, բայց չեն դիմել, չի եղել թեկնածու։ Ինչ-որ անուններ շոշափվել են, բայց  անունը չի եղել հրապարակային։ Ժամանակ կա, պահ կա, պիտի ներկայացնեն, չէ՞։ Չեն ներկայացրել, իմ մեղքը ո՞ր է, որ չեմ օգնել ԲՀԿ-ին։ Կամ այս նույն քաղաքապետի հետ կապված, իրենք խոսում են, թե մտերմություն կա, ես ոչ մեկի հետ, ոչ մի մտերմություն չունեմ, ես չեզոք եմ պահել իմ դիրքերը։ Եթե հենց հիմա էլ ունենան թեկնածու, հանելու հարց լինի, քննարկենք, բայց որ թեկնածու չկա, ի՞նչ անենք»։

Մեր հարցին՝ փաստորեն կուլիսներում քաղաքապետի այլ թեկնածուի անուն շոշափվե՞լ է, մեր զրուցակիցն ասաց․ «Ինչի՞ դուք չգիտեք, մեզանից էլ լավ գիտեք։ Եթե պաշտոնապես չի հայտարարվել, ես իրավունք չունեմ անուններ տալ, ինչի մասին է խոսքը։  Նորից եմ կրկնում, եթե թեկնածու չկա, ես պիտի քվեարկեմ կողմ կամ դեմ․․․ Կա՞ թեկնածու, եթե այդ դեպքում հակառակն անեի, թող ասեն հակառակվել է»։

Մեր հարցին՝ մի՞թե օրակարգում քաղաքապետ փոխելու հարց կա՞ր, դրա անհրաժեշտությունը կա՞ր․ չէ՞ որ  ասում են նման օրակարգային հարց չկա, եղել, Արտյոմ Ղարաղազարյանն ասաց․ «Ո՞վ է ասում՝չի եղել․․․ Ես ո՛չ այս կողմից էլ, ո՛չ այն կողմից․ բնականաբար, ո՛չ այս կողմի քննարկումներին կարող եմ ներկա լինել, ո՛չ էլ մյուս կողմի, ես կարող եմ ոնց մտածեմ, այդպես իմ քայլն անեմ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Գյուլնազ տատի հեքիաթների շարքից

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031