Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Քանի՞ մարդ է տեսել Չարենցի աշխատասենյակը»

Մայիս 25,2018 18:02

Մայիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում` մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այն ինչ տեղի է ունեցել ապրիլ-մայիս ամիսներին, նախ եւ առաջ մշակութային հեղափոխություն է, իսկ երջանիկ եւ համերաշխ Հայաստանում ինքը կարեւորում է մշակույթի գործիչների դերը: Նա ասաց, որ իր համար մեծ պատիվ է մշակույթի գործիչների առաջ հանդես գալը: Հավելեց, որ մշակութային խնդիրները կրթությամբ են պայմանավորված:

 Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետին բազմաթիվ հարցեր ուղղվեցին, որոնցում հիմնականում շեշտադրվում էին «ուզում եմ», «պետք է» արտահայտությունները:

«Ունիսոն» հ/կ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը բարձրացրեց մշակութային օջախների մատչելիության հարցը` հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար, նաեւ հետաքրքրվեց` հնարավո՞ր է արդյոք պետական կարգավիճակ շնորհել «Փարոս» ներառական երգչախմբին, որը պատվով ներկայացնում է Հայաստանը մեր երկրի սահմաններից դուրս: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ նախ եւ առաջ պետք է հասնել նրան, որ կիսադատարկ դահլիճները չլինեն, ինչի փրկությունը կարգավիճակի մեջ չէ:

Նկարիչ Հաղթանակ Շահումյանը բարձրացրեց մեկենասության մասին օրենքի հարցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Վարչապետն ի պատասխան ասաց, որ ոչ թե պետք է շեղվել թիրախից, այլ այնպես անել, որ ապահովվի մարդկանց մուտքը պատկերասրահներ, ինչը պետք է ոչ թե պարտադրաբար լինի, այլ բնականորեն:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության խնդիրն է ՀՀ քաղաքացիների մշտական հաղորդակցությունը մշակույթի եւ մշակութային կյանքի հետ ապահովելը: Նրա խոսքով, մշակույթը պետք է կենսական անհրաժեշտություն լինի, ինչպես լվացվելը: ՀՀ-ում պետք է հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու:

Ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը վարչապետին առաջարկեց մարդկանց շաբաթ-կիրակի օրերին ավտոբուսներով տանել Թբիլիսիի հայկական թատրոն, որպեսզի հանդիսատեսի բացակայության պատճառով վրացիները մի օր չսեփականեն այն:

Փաշինյանը նկատեց, որ նախ պետք է տրամադրություն փոխել, որպեսզի թբիլիսահայերը թատրոն գնան, եւ եթե Երեւանից հանդիսատես տանեն Վրաստան, Հայաստանի դալիճնե՞րն ովքեր են լցնելու: Նաեւ հավելեց, որ մայիսի 30-31-ին նախատեսված է իր պաշտոնական այցը Վրաստան, որտեղ հայ-վրացական հարաբերությունների շատ լայն օրակարգ է քննարկվելու:

Վարչապետը փաստեց, որ օրերս եղել է Ե. Չարենցի թանգարանում, որտեղ պահպանված է պոետի աշխատասենյակը: Նա հարց ուղղեց դահլիճին` ՀՀ քանի՞ քաղաքացի է դա տեսել եւ հուզվել դրանից:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031