Լրահոս
Օրվա լրահոսը

«Լուսնի այն կողմը»՝ ըստ Արմեն Աշոտյանի

Հունիս 06,2018 16:30 Share

Ի՞նչ է ասել Արմեն Աշոտյանը ԵԺԿ-ականներին

Այս օրերին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Վարշավայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության հերթական նիստին: «Առավոտի» հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այս նիստն առաջին հնարավորությունն էր եվրոպացիներին ներկայացնելու այլընտրանքային կարծիք հայաստանյան հեղափոխության մասին: Արմեն Աշոտյանն իր ելույթին խորհրդանշական վերնագիր է դրել` «Լուսնի այն կողմը»: «Այն, ինչ կատարվել է Հայաստանում, հեղափոխություն կարելի է կոչել միայն հռետորաբանությամբ: Իրականության մեջ դա պարզապես իշխանության փոփոխություն էր, որը տեղի ունեցավ մեր հազարավոր քաղաքացիների կամարտահայտությամբ եւ Հայաստանի նախկին ղեկավարության իմաստուն որոշմամբ` հրաժարվել ուժի կիրառումից՝ այսպիսով ցույց տալով, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացման մակարդակը աննախադեպ է հետխորհրդային տարածքում»,- ԵԺԿ-ականներին ասել է Արմեն Աշոտյանը` շարունակելով հիմնավորել, թե ինչո՞ւ Հայաստանում կատարվածը հեղափոխություն չէր. «Թե արտաքին, թե ներքին օրակարգերում կտրուկ տեղաշարժեր չեն նախանշվում: Շրջադարձեր չեն լինելու: Հայաստանի նոր իշխանությունները խոսք են տալիս նոր խորություն եւ արագություն տալ արդեն իրականացվող բարեփոխումներին»: Ըստ Արմեն Աշոտյանի՝ իշխանափոխության համար օբյեկտիվ հիմք են հանդիսացել երկրում առկա եւ վերջնականապես չլուծված խնդիրները` աղքատության բարձր մակարդակ, գործազրկություն, միգրացիա:

Արմեն Աշոտյանի ներկայացմամբ՝ այս իշխանափոխությունն արդյունք է նաեւ «հակավերնախավային շարժման»: Այս իմաստով նա պատահական չի համարում, որ իշխանափոխությունը տեղի ունեցավ շարժման շնորհիվ, ոչ թե կուսակցական գործունեության արդյունքում: Հայաստանյան հեղափոխության կարեւորագույն պատճառներից մեկն էլ նախկին իշխանավոր Արմեն Աշոտյանը համարում է 21-րդ դարում նաեւ եվրոպական շատ պետություններում ի հայտ եկած ֆենոմենը` երբ հասարակությունը հոգնում է ավանդական քաղաքական կառույցներից, հոգնում է քաղաքական առաջնորդներից, եւ իշխանական վերնախավի ու հասարակության միջեւ անջրպետ է առաջանում: Դրա պատճառներից մեկն էլ ինքը համարում է սխալ կոմունիկացիան եւ հասարակության սպասելիքները` բարդ խնդիրների համար հեշտ լուծումներ ստանալ:

«Իշխանափոխության հանգուցալուծումը սահմանադրական էր, սակայն գործընթացում, ընդհուպ մինչեւ բուն իշխանության փոխանցումը, եղել են նաեւ բազմաթիվ հակասահմանադրական դեպքեր»,- ասել է Արմեն Աշոտյանը` մասնավորեցնելով` հանրային ռադիոյի տարածքի զավթում, պետական ինստիտուտների գործունեության խոչընդոտում, ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների պաշարում, այլոց անձնական կյանքին եւ արժանապատվությանը հասցված վնասներ: Անգամ այսօր էլ՝ իշխանության փոփոխությունից հետո, Արմեն Աշոտյանը չորս կարեւոր մարտահրավերի մասին է խոսել. «Առաջին` բազմակուսակցական ժողովրդավարության պահպանման կարեւորություն, քաղաքական բազմակարծության եւ խոսքի ազատության պահպանման անհրաժեշտություն: Երկրորդ` քաղաքական հետապնդումներից եւ քաղաքական մոտիվներով իրականացվող պետական ապարատի ոչ համաչափ եւ ռեպրեսիվ գործողություններից խուսափելու անհրաժեշտություն: Երրորդ` պոպուլիզմի վտանգ: Եվ չորրորդ` իշխանությունների տարանջատման եւ հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանման անհրաժեշտություն»: Հարցին` եվրոպացի պատվիրակներին չհետաքրքրե՞ց, թե ինչու Հայաստանի նախկին իշխանությունը չպահպանեց սահմանադրական կարգը, երբ այն խախտվում էր շարժման մասնակիցների կողմից` մուտք գործելով հանրային ռադիոյի տարածք, կաթվածահար անելով տարբեր պետական հիմնարկների աշխատանքը, մեր զրուցակիցը պատասխանեց` նման հարցեր հնչել են: Արմեն Աշոտյանն էլ պատասխանել է. «Մենք հնարավորինս հեռու ենք պահել երկիրը հնարավոր բախումներից, ցնցումներից եւ ուժի կիրառումից: Այս հանգամանքը մեծապես արժեւորվում է եվրոպական քաղաքական վերնախավում, եւ Հայաստանը բարձրագույն տեղերի վրա է դասվում` ժողովրդավարական մշակույթի զարգացման առումով»:
Արմեն Աշոտյանը խոսել է նաեւ Հայաստանում կայանալիք արտահերթ ընտրություններից: Նկատել է` գործող Սահմանադրությամբ արտահերթ ընտրություններ, ԸՕ-ի հնարավոր բարեփոխումները կարող են լինել բացառապես քաղաքական լայն համաձայնությամբ` «խստապես հետեւելով Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երաշխավորություններին»:

Նկատեցինք` կառավարության ծրագրում արտահերթ ընտրությունների համար մեկտարյա ժամկետ է նշվում: Արմեն Աշոտյանն ասաց` իր ելույթում ներկայացրել է, սակայն առավել մանրամասներին կանդրադառնա, երբ կառավարության ծրագիրը կքննարկվի Հայաստանի խորհրդարանում. ԵԺԿ ամբիոնը հայաստանյան ներքաղաքական խնդիրների մանրամասներին անդրադառնալու տեղը չէ:

Ելույթի, այսպես ասած, արտաքին քաղաքական հատվածում Արմեն Աշոտյանն առանձնակի շեշտադրել է. «Հայաստանում տեղի ունեցող գործընթացները չպետք է օգտագործվեն Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու եւ Արցախի խնդիրը ռազմական ճանապարհով արկածախնդրորեն լուծելու ցանկությամբ»: Ընդգծել է եվրոպական եւ միջազգային ինստիտուտներում քաղաքական կոռուպցիան արմատախիլ անելու կարեւորությունը` հղում անելով ԵԽԽՎ անկախ հետազոտող մարմնի հետաքննչական զեկույցը` շեշտելով, որ քաղաքական կոռուպցիան գոյություն ուներ ոչ միայն ԵԽԽՎ-ում, այլեւ միջազգային այլ կառույցներում եւս, այդ թվում՝ խորհրդարանական ատյաններում: Կոչ է արել հետեւողական լինել նման հարցերն ամբողջությամբ հետաքննելու եւ պատասխանատվության որոշումներ կայացնելու, գործողություններ իրականացնելու հարցերում:

«Նաեւ շեշտել եմ, որ անկախ ներկա իշխանությունների հետ ունեցած ներքաղաքական տարաձայնություններից՝ ՀՀԿ-ն շարունակելու է հետամուտ լինել Հայաստանի ազգային եւ պետական շահերի առաջխաղացմանը իր ունեցած բոլոր միջազգային կապերով եւ հարթակներում»,- ասաց մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

06.06.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930