Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Մանուկյանը ներկայացնում է, թե ՊՆ-ի գնումներում պատվիրատուն ու մատակարարը ինչ հավանական կոռուպցիոն ռիսկերի կարող էին գնալ

Հունիս 13,2018 22:40

Ինչպես են պայմանավորվում պատվիրատուն ու մատակարարը

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն ու ՀՀ Քննչական կոմիտեն տարածեցին հաղորդագրությունն՝ պաշտպանության նախարարության գնումների ու բանակաշինության ոլորտներում արձանագրված չարաշահումների մասին, որոնց առնչությամբ քրեական գործեր են հարուցվել:

Aravot.am-ը պետական գնումների փորձագետ, «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» Հ/Կ-ի նախագահ Արտակ Մանուկյանից, որը պարբերաբար բարձրաձայնել է գնումների ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին, հետաքրքրվեց, թե պատվիրատուն ու մատակարարն ինչ հնարավոր մեխանիզմներով են իրականացրել կոռուպցիոն պայմանավորվածությունները: Արդյո՞ք օրենքի բացերն են պատճառը:

Արտակ Մանուկյանը չխախտելով անմեղության կանխավարկածը այս գործերի մասով, ասաց, որ ինքը մշտապես բարձրաձայնել է այդ ոլորտում առկա ռիսկերի մասին. «Նախ՝ այդ բոլոր խնդիրների հիմքում երբեք ընկած չի եղել օրենսդրությունը, որովհետեւ, Հայաստանը ինչպես նախկինում, այնպես էլ 2011 թվականին, իր  ընդունած օրենսդրությամբ համահունչ է եղել եվրոպական լավագույն պրակտիկային, բայց բոլոր խնդիրները, որոնք իրականում կան դրանք միշտ եղել են իրավակիրառ միջավայրում եւ, մասնավորապես՝ շատ տարածված է եղել, թղթի դիմաց վճարումները»:

Պարոն Մանուկյանը բացատրեց, թե ինչ մեխանիզմով են իրականացնում կոռուպցիոն պայմանավորվածությունները:

Ենթադրենք՝ քրեակատարողական հիմնարկը ամեն դատապարտյալի համար ռացիոնում ներառում է ձու: Եթե մի կալանավորի հաշվով պիտի գնի X քանակությամբ ձու, դա բազմապատկում է, ասում՝ այդ տարվա համար իրեն պետք է օրինակ՝ 1 միլիոն հատ ձու, այդ մեկ միլիոն ձվի փոխարեն, եթե 500 հազար հատ էլ ձեռք բերի, լրիվ բավարար է եւ երբ իր ծանոթ մատակարարին ասի, որ ինքը 1 միլիոնի տենդեր է հայտարարել, բայց իրեն իրականում պետք է 500 հազար հատ ձու, նա արդեն գնի մեջ կրկնակի առավելություն կունենա՝ այդ տեղեկատվությունն իմանալով:

Արտակ Մանուկյանի խոսքով, այս պարագայում, նույնիսկ ամենանորմալ՝ էլեկտրոնային գնումներով, ունենալով այդ տեղեկատվությունը, երբ որ գինը հանդիսանում է միակ չափանիշը, որեւէ խնդիր այդ բնագավառում չի լինում. «Բոլորը գալիս են շուկայականին մոտ գներ են առաջարկում՝ 55,54,52 դրամ, իր ծանոթ մատակարարը տալիս է 48 կամ 50 դրամ: Եվ նա վստահ է, որ ստուգման փուլում, ինքն, այսպես ասած, արդեն, դաբրոն ունի»:
Արտակ Մանուկյանի խոսքով, այս պրակտիկան շատ տարածված է ինչպես՝ մեծաքանակ ձեռք բերվող ապրանքների օրինակ՝ ձվի, տավարի մսի եւ այլնի, այնպես էլ շինարարության պարագաների դեպքում:

«Նշված է օրինակ, որ սանհանգույցը պետք է լինի չեխական եւ մատակարարը փոխարենը բերում՝ մատակարարում է թուրքականը, որը մի քանի անգամ էժան է եւ այդ ընդունման-հանձնման փուլում մեծ հաշվով, եթե ընդհանուր հայտարարի չեն գալիս, ապա պատվիրատուն շատ հանգիստ կարող է բարձրաձայնել եւ առաջարկ ներկայացրածին գցել «սեւ ցուցակ» կամ, ընդհանարապես, դուրս շպրտել գնումների շուկայից: Երբ ընդհանուր հայտարարի են գալիս, ինքը մեծ հաշվով, հնարավորություն ունի պայմաններ թելադրել, քանի որ ուժի տեսանկյունից ավելի մեծ ազդեցություն ունի:

Այս ընդունման- հանձնման ակտերում բացակայում է հանրային վերահսկողությունը, ինչն էլ կոռուպցիոն ռիսկերի տեսանկյունից բավական մեծ հնարավորություններ է ստեղծում, եւ չպետք է մոռանաք, որ այդ հնարավորությունները ավելի նպաստավոր են դարձնում, երբ որ գինն է լինում մրցույթի որոշիչ գործոնը: Այս փոքր գործոններն ազդում են վերջնական պատվիրատուի ընտրության վրա»,-ասաց պարոն Մանուկյանը:

Նրա խոսքով, երբ ուսումնասիրել են պաշտպանության նախարարության 2015 թվականի գնումները, ֆիքսել են ունիվերսալ ֆիրմաներ, որոնք ՊՆ-ին հացից մինչեւ զինամթերք մատակարարել են, ինչը ավելի է մեծացրել ռիսկի դրսեւորման հավանականությունը. «Որքան մարմինը խոշոր է, այնքան այդ ունիվերսալ ընկերությունները, որոնք չլինելով ո՜չ ներմուծող, ո՜չ էլ այդ բնագավառում որեւէ մրցակցային առավելություն ունեցող, մեծանում է ռիսկը եւ այդ կասկածներն ի հայտ են գալիս, որոնք իմ մատնանշած՝ ընդունման-հանձնման փուլում չեն նկատվում, դրանք են ազդում, որ նրանք բոլոր ուղղություններով ճանաչվում են հաղթող»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930