Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ոչ մի ուժ «50+1» ձայն չի հավաքի». «Իրատես»

Հուլիս 17,2018 10:30

Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո երեկ՝ հուլիսի 16-ին, Երևանի ավագանու նիստ էր գումարվելու՝ քաղաքապետ ընտրելու օրակարգով: Երեք խմբակցություններից միայն «Երկիր ծիրանին» էր թեկնածու առաջադրել՝ ի դեմս Զարուհի Փոստանջյանի, «Հանրապետականն» ու «Ելքը» թեկնածու չէին առաջադրել ու չէին ներկայացել նիստին: Նիստը չկայացավ: Դեպքերի նման զարգացումը, ըստ երևույթին, կհանգեցնի նրան, որ Երևանի ավագանու նոր՝ արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Թե որ ուժերը կմասնակցեն ընտրություններին, ու ինչ պատկեր կլինի ընտրություններից առաջ ու հետո, «Իրատեսը» փորձել է պարզել քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ զրույցում:

Այս պահին, գոնե Ձեզ համար, նշմարելի՞ է, թե ինչ ուժեր մրցապայքարի մեջ կմտնեն:

-Կարծում եմ, հանրապետական կուսակցությունը դժվար թե մասնակցի, ես այն տեսակետին եմ, որ ապրիլյան իշխանափոխության օրերին ՀՀԿ-ի ղեկավարությունը որոշակի պայմանավորվածություն է ձեռք բերել նոր իշխանությունների հետ, համաձայն որի, իրենք կամավոր ինքնամեկուսացման ուղիով կգնան ու ինքնապասիվացման քաղաքականություն կվարեն: Ասածիս ապացույցը նաև այն է, որ հանրապետական կուսակցությունն այդպես էլ քաղաքապետի թեկնածու չառաջադրեց, չնայած այն հանգամանքին, որ թե՛ համապատասխան ձայներ, թե՛ հավանական թեկնածուներ ուներ: Բացի այդ, նոր իշխանություններն իրենց քննադատելու բազում առիթներ են տալիս, բայց հանրապետականներն այդ առիթները չեն օգտագործում ու մատնացույց չեն անում նոր կառավարիչների բացթողումները կամ թերացումները: Եվ այստեղ կասկածներ են առաջանում, թե, գուցե, անդրկուլիսյան բանակցություններ ու ինչ-որ անորոշ գործընթացներ են եղել ու կան: Այս ամենը վերլուծելով է, որ ես կասկածի տակ եմ դնում հանրապետականի մասնակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին:
Ընտրություններին մասնակցելու մասին արդեն իսկ հայտարարել են «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը», «Ժառանգությունը»: Բնականաբար, կմասնակցի նաև «Ելքը» կամ «Քաղաքացիական պայմանագիրը» ու կհատի անցողիկ շեմը: Չեմ կարող ասել՝ քանի տոկոսով, բայց որ կհատի, հաստատ է: Կանցնի նաև «Բարգավաճ Հայաստանը», «Հայ ազգային կոնգրեսը» նույնպես կարող է անցնել, եթե գտնի իր դեմքը: ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրազանգվածը ու, հավանաբար, նույնպես կարող է անցողիկ շեմը հաղթահարել: Մյուս կուսակցությունները՝ ՕԵԿ, «Երկիր ծիրանի» և այլն, դժվար է ասել՝ կանցնե՞ն, թե՞ ոչ: Այս ուժերից որ մեկն ինչքան ձայն կհավաքի, չեմ կարող ասել, դա, թերևս, սոցիոլոգները կասեն: Ենթադրելի է, որ առաջին կամ երկրորդ տեղերը կզբաղեցնեն ԲՀԿ-ն ու «Ելքը», բայց խիստ կասկածելի է, որ որևէ ուժ կարող է «50+1» ձայն հավաքել ու հավակնել մեծամասնություն դառնալու:

Փաստորեն, Ընտրական նոր օրենսգիրքը չի գործի այս ընտրություններում:

-Ըստ երևույթին՝ ոչ, որովհետև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները, հավանաբար, սեպտեմբերին կլինեն, երբ դեռ ԸՕ-ն պատրաստ չի լինի: Բայց լավ կլիներ, որ վերանայվեին որոշ օրենքներ, որովհետև այստեղ նույնպես խնդիր կա՝ կապված «բոնուսային համակարգի» հետ: Բայց, կարծում եմ, դժվար թե ինչ-որ բան փոխեն օրենքում, ու հենց գործող Ընտրական օրենսգրքով էլ կանցկացվեն ընտրությունները:

Զրուցեց
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031