Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1-ի առանցքային դերակատարներից մեկը Հովիկ Աբրահամյանն է». Նիկոլ Փաշինյանի կասկածները՝ Աբրահամյանի մասին

Օգոստոս 09,2018 17:18

Այսօր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն ասել էր՝ վարկած կա, որ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանի տարածքում հայտնաբերված զենքը կապ ունի Մարտի 1-ի հետ:
Մինչ կպարզեն՝ այդ զենքո՞վ են կրակել ցուցարարների ուղղությամբ, թե՞ ոչ՝ նկատենք, որ Մարտի 1-ի դեպքերի հետ Հովիկ Աբրահամյանի կապի մասին վկայող այլ արձանագրություններ էլ կան: Օրինակ, նրա անունը կար այն պաշտոնյաների ցուցակում, որոնց թիկնազորին մարտի 1-ին ՀՀ ՊՆ թիկունքի ծառայության պահեստից տրամադրվել էր զինվորական հանդերձանք:

Մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանն ու Սեդա Սաֆարյանը այդ պաշտոնյաների անունները ուղարկել են ԱԺ Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին: Հետո Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Մենք այցելեցինք պաշտպանության նախարարության իրային պահեստը, որպեսզի անակնկալ ստուգում անցկացնեինք, սակայն այնտեղ ստեղծվեցին նախoրոք մտածված խոչընդոտներ, որպեսզի մենք չկարողանանք ծանոթանալ իրենց ներքին մատյաններին: Դրանից հետո մենք պիտի այցելեինք այն զորամաս, որտեղ հավանաբար պետք է մուտք արված լինեին համազգեստները, բայց մեզ համար խոչընդոտներ էին ստեղծում»:

Հովիկ Աբրահամյանի կապը Մարտի 1-ի հետ տեսել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Նա վարչապետ դառնալուց առաջ, երբ ԱԺ-ում քննարկվում էր «Ելքի» առաջարկը՝ Մարտի 1-2-ի դեպքերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին, այսպիսի հարցադրում արեց, «ՀՔԾ-ն մուտք գործե՞լ է ԱԱԾ առգրավելու այդ հազարավոր ժամեր տեսագրությունները, արե՞լ եք, թե՞ չեք արել: Իհարկե, չեք արել: Սերժ Սարգսյանին հարցաքննե՞լ եք, Հովիկ Աբրահամյանին հարցաքննե՞լ եք,ՊՆ-ում շտաբ էր ձեւավորվել Սերժ Սարգսյանի այլընտրանքային, բացահայտե՞լ եք հանգամանքները»:

Ուշագրավ էր նաեւ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Հովիկ Աբրահամյանի մասին, որը դարձյալ կապված է Մարտի 1-ի հետ: 2014-ի փետրվարի 26-ին Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ, երբ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այն ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Փաշինյանը լքեց նիստերի դահլիճը: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում պարոն Փաշինյանն իր այդ քայլն այսպես բացատրեց. «Ես չմասնակցեցի լռության րոպեին եւ դուրս եկա դահլիճից, որովհետեւ այսօր ԱԺ դահլիճում նստում են մարդիկ, ովքեր ուղղակի կապ ունեն Մարտի 1-ի սպանությունների կազմակերպման եւ սպանությունների հետ, մարդիկ, ովքեր գտնում են անմիջական կատարողներ, նրանց հետ կողք կողքի կանգնել եւ հարգել զոհերի հիշատակը ես չեմ կարող…Դահլիճում ներկա են մարդիկ, ում ես մեղադրել եմ Մարտի 1-ի հեղաշրջումը իրականացնելու մեջ, մարդիկ կան, որոնց անունները շրջանառվել են, նրանք այսօր ԱԺ պատգամավորներ են. ներքին զորքերի նախկին հրամանատարն է այսօր ԱԺ պատգամավոր, Հովիկ Աբրահամյանն է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետը եւ Մարտի 1-ի առանցքային դերակատարներից մեկը, ես հիմա Հովիկ Աբրահամյանի հետ կանգնեմ Գոռ Քլոյանի հիշատակը հարգե՞մ»:

Բացի Մարտի 1-ից, Նիկոլ Փաշինյանը Հովիկ Աբրահամյանի ունեցվածքի, նրա ապօրինի հարստացման մասին ԱԺ-ում բազմաթիվ սուր ելույթներ է ունեցել ու վիճաբանել Հովիկ Աբրահամյանի հետ: Օրինակ, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այն ժամանակ դեռ վարչապետ Հովիկ Աբրահամյանից Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետը եւ նրա հետ փոխկապակցված անձը 2013թ.-ին հայտարարագրել 5,5 մլն դոլարի եկամուտ, ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ իր հետ փոխկապակցված անձը՝ 6,5 մլն դոլար, մի քանի բնակարան եւ առանձնատուն էլ հայտարարագրել է աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչպե՞ս են կառավարության անդամները նման եկամուտներ ստացել, եթե բիզնեսով չեն զբաղվել: Ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանն ասել էր, որ երբեք չի թաքցրել իր ունեցվածքը, հողագործությամբ է զբաղվել, երբ օրենքը թույլ է տվել՝ բիզնես է արել, երբ արգելել է՝ չի արել: Նիկոլ Փաշինյանը զարմացել էր, թե ինչպե՞ս է ստացվում, որ ամբողջ հանրապետությունում գյուղացիները հող են մշակում՝ տոկոսի տակ են ընկնում, իսկ վարչապետը հող է մշակում եւ միլիոնավոր դոլարներ է վաստակում: Հովիկ Աբրահամյանը Փաշինյանին հակադարձել էր, թե էթիկա ու տակտ չունի. «Փողոցից եկել եք Ազգային ժողով, էթիկա չունեք, տակտ չունեք…եթե մտածում եք, որ իմ ունեցվածքը ապօրինի է՝ դիմեք դատախազություն, թող ստուգեն, ուրիշի փողերը հաշվելը ամենահեշտն ա»:

Նիստերից մեկի ժամանակ էլ, երբ Փաշինյանը հերթական քննադատական ելույթն ունեցավ, Հովիկ Աբրահամյանն արձագանքեց՝ «Ես մի պահ գայթակղվեցի, և ուզում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց հետո մտածեցի, որ մաղձին պատասխանելն անիմաստ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031