Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ շրջանակին քունուդադար չի տալիս այն միտքը, որ Դաշնակցությունն ի տարբերություն իրենց մշտապես քաղաքական հրապարակի վրա է». Արսեն Համբարձումյան

Օգոստոս 13,2018 19:33

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ մտքի տեռոր արտահայտությունից հետո մամուլում վերլուծություններ եղան, թե ամբողջ պարադոքսն այն է, որ, օրինակ, այլախոհի կերպարով հանդես է գալիս ՀՅԴ-ն, որը, համենայնդեպս, պաշտոնապես մասնակից է Նիկոլ Փաշինյանի՝ եթե հավատանք Հրանտ Մարգարյանին, ռեպրեսիվ կառավարությանը։

Հիշեցնենք՝ ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցին, հայտարարել էր. «Ես զարմանում եմ նրանց վրա, որ քննադատում են: Մենք ուզում ենք, որ այս շարժումը հաջողի, նոր Հայաստանի շարժումը: Հաջողելու համար ուզում ենք, որ չսխալվեն եւ որովհետեւ չենք ուզում սխալվեն՝ տեսակետ ենք հայտնում: Հակառակը ոնց որ մտքի տեռոր լինի: Ոնց որ մտքի տեռոր է տեղի ունենում երկրում, այսինքն, մտահոգվելու իրավունք չունե՞նք, տեսակետ ունենալու հնարավորություն, իրավունք չունե՞նք: Մենք ուզո՞ւմ ենք Նիկոլ Փաշինյանը հաջողի, թե՞ չենք ուզում: Եթե չենք ուզում, թողնենք՝ ուշ թե շուտ գլուխը կկպնի քարին: Իսկ եթե ուզում ենք, ժամանակին պետք է հիշեցնենք ինչից խուսափի, որ ճանապարհով չերթա, որտեղ է, որ մենք մտահոգություն ենք տեսնում»:

Մամուլի վերլուծությունների համաձայն՝ հարց է առաջանում․ եթե երկրում իրապես մոլեգնում է տեռորը, ապա ի՞նչ է անում ՀՅԴ-ն հեղափոխականների կաբինետում, կամ արդյոք ՀՅԴ-ն հեղափոխության ու նոր Հայաստանի մասին միշտ է այսքան բացասական կարծիք ունեցել, թե՞ այն ձևավորվեց հուլիսի 26-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտնի հանգամանքների բերումով դարձավ քաղաքական բևեռ։ Նույն այդ վերլուծությունների համաձայն՝ ՀՅԴ-ն ակնհայտորեն կորցրել է հանգիստը ու հեղափոխական տվայտանքների մեջ է։ Դա գուցե պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ հեղափոխությունը ցամաքեցրել է ՀՅԴ սնուցման աղբյուրները։ Այս առիթով ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «Առաջին լրատվական»-ի եթերում հայտարարել է, որ տարիներ շարունակ Հրանտ Մարգարյանը եղել է իրանցի բիզնեսմենների «տանիքը» Սերժ Սարգսյանի մոտ. «Այս լույսի ներքո բնական է, որ երկրում ստեղծված վիճակը Հրանտ Մարգարյանը «տեռոր» է անվանում, որովհետև հարազատ ՀՅԴ-ն հեղափոխության պատճառով զրկվել է եկամտի, ըստ էության, բոլոր աղբյուրներից՝ մնալով «չոր» կուսակցական գրոշների հույսին»։

Aravot.am-ը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանից հետաքրքրվեց՝ արդարացվա՞ծ են այն մեղադրանքները՝ եթե երկրում իրապես մոլեգնում է տեռորը, ապա ի՞նչ է անում ՀՅԴ-ն հեղափոխականների կաբինետում, նա արձագանքեց. «Սկսենք նրանից, որ ասված խոսքը, միտքը, արտահայտությունը պետք է ճիշտ վերարտադրել և դրա տակ մանիպուլյացիաներ չանել: Գաղտնիք չէ, որ Հայաստանի ներկա կառավարությունը ձևավորվել է քաղաքական ֆորսմաժորի արդյունքում: Եվ, բնականաբար, այն դասական իմաստով կոալիցիա չէ, պայմանականորեն ստացել է ազգային համաձայնության կառավարության անունը և դա ամրագրված է կառավարության գործունեության ծրագրում: Առհասարակ ցանկացած քաղաքական համագործակցություն մեր գնահատմամբ՝ ունի մարտավարական բնույթ և պայմանավորված է կոնկրետ քաղաքական իրողություններով և նպատակներով: Ու բնական է նաև, որ գործընկերային հարաբերությունների մեջ գտնվող ուժերը տարբեր հարցերի հետ կապված կարող են ունենալ տարբերվող մոտեցումներ: Այս առումով այն մտահոգությունները, որոնք մենք ունենք, դրանց մասին հրապարակայնորեն հայտնում ենք, և կարծում եմ դա բնական վիճակ է, մանավանդ այս պարագայում, երբ կողմերը կաշկանդված չեն որևէ կոալիցիոն համաձայնագրով կամ պայմանավորվածությամբ»:

Անդրադառնալով Դաշնակցության հասցեին հնչող գնահատականներին և արտահայտություններին՝ Արսեն Համբարձումյանն ասաց՝ լավ հասկանում ու քաջ գիտակցում է, որ կա մի շրջանակ, որոնք իրենց հակադաշնակցական մղումներին փորձում են ամեն կերպ հագուրդ տալ, մեզ վերագրել քայլեր, գործողություններ, մտքեր ու նպատակադրումներ, որոնք ամենևին մեզ հետ կապ չունեն: Այնուհետև պնդեց. «Մեր մոտեցումը հստակ է և այն, ինչ ասել ենք ամիսներ առաջ, համաժողովրդական շարժման սկզբում, նույնն ասում ենք նաև հիմա: Մեր համագործակցությունը միտված է նրան, որ համաժողովրդական շարժման արդյունքում սկսված գործընթացները ճիշտ հիմնավորվեն, որպեսզի չվտանգենք մեր անվտանգությունը և զարգացնենք, նոր հնարավորություններ ստեղծենք: Մենք հավատացած ենք, որ  նոր իշխանության թե′ ձախողումը, թե′ հաջողությունները բոլորինս են: Այս առումով մեր մոտեցումներում ոչինչ չի փոխվել. անկեղծ փորձում ենք այսօր ևս ամեն ինչ անել, որպեսզի ամեն սկսված գործընթացում հաջողեն»:

Հետաքրքրվեցինք՝ Ձեր նշած շրջանակում Լևոն Զուրաբյա՞նն էլ է մտնում, Արսեն Համբարձումյանն արձագանքեց. «Այս շրջանակը բավականին լայն է և այդ շրջանակին միգուցե քունուդադար չի տալիս այն միտքը, որ Դաշնակցությունն ի տարբերություն իրենց մշտապես քաղաքական հրապարակի վրա է և քաղաքական լուրջ դերակատարություն ունի»:

Մեր հարցին՝ արդյոք կոռե՞կտ է այն, որ Լևոն Զուրաբյանը հայտարարում է, թե բնական է, որ «երկրում ստեղծված վիճակը Հրանտ Մարգարյանը «տեռոր» է անվանում, որովհետև հարազատ ՀՅԴ-ն հեղափոխության պատճառով զրկվել է եկամտի, ըստ էության, բոլոր աղբյուրներից՝ մնալով «չոր» կուսակցական գրոշների հույսին», Արսեն Համբարձումյանն արձագանքեց. «Բնականաբար, ոչ, կոռեկտ չեմ համարում: Չեմ կարծում, որ արժե այդքան ժամանակ վատնել նման տեսակ որակումների կամ մեղադրանքների պատասխանելու համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    ՀՀԿ-ՀՅԴ վտանգազերծելու անհապաղ:
    «Նրանք միասին գնում էն ազգը պղծելու քայլին»:
    ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը համընկնում են միասին, դրանց համախմբումը ռուսական ուժերի եզրափակիչ գործողությունն է:Դա է վկայում ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը օգոստոսի 13-ին Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ «Ռուսին աչյոտ տալու» եվ փոխգործակցության հետագա զարգացման ավելի լայն կոմպլեքսով գործելու:ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյն Մոսկվային գովաբանել է ազգադավների հետագա գործողություների արդյունավետության կարեվորությունը:
    Այսինքն ՀՅԴ լինելու է«ՌՈւՍԻ»վեցնոցը ինչպես 1918 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նամակ է ուղարկվել Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով,ծառայել էն
    թուրք Էնվեր փաշային:

    ՀՊԿ Հայկական Պետությունների Կուսակցություն

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031