Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

Լիթիլթ Սողոմոնյանը` Չիլիի օպերային թատրոնում

Օգոստոս 16,2018 13:30

«Առավոտը» երբեւէ առիթ չի ունեցել անդրադառնալ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում դեռեւս 19-րդ դարից գործող Teatro Municipal de Santiago-ին: Օպերային նշյալ թատրոնը բացվել է 1857 թվականին, հետագայում դառնալով տեղի արիստոկրատիայի մշակութային եւ առաջնային կենտրոն: Այս մասին մեզ հայտնեց Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Լիլիթ Սողոմոնյանը, որը վերջերս այնտեղ հանդես է եկել Տոսկայի դերերգով Պուչինիի համանուն օպերային ներկայացման մեջ:

Մեր հանդիսատեսին քաջածանոթ սոպրանոն, որը շուրջ 20 տարի բեմում է, իսկ Տոսկայի դերերգը արտիստի դերացանկում հայտնվել է 10 տարի առաջ. 2008թ. Իտալիայի Տրեվիզո քաղաքում ավանդաբար անցկացվող Toti dal Monte միջազգային մրցույթում 64 Տոսկաներից ընտրել էին հայ երգչուհուն: 2016-ին էլ Երեւանում Լիլիթ Սողոմոնյանը հանդես եկավ այս դերերգով:
Ծանոթանալով վոկալիստի ստեղծագործական կյանքին, նկատենք, որ «դրսի» նրա հաջողությունները, բեմելները կապված են Իտալիայի հետ:

Լիլիթ Սողոմոնյանը՝ Երեւանի եւ Սանտյագոյի «Տոսկայում»

 

 

Այսպես. 2010թ. Բրեշա քաղաքում անցկացվող վոկալիստների միջազգային մրցույթին նա արժանացել է միանգամից երեք մրցանակի՝ գրավել է երրորդ տեղը, նվաճել հանդիսատեսի սիրտը՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանքին» եւ հատուկ մրցանակ Լեոնորայի դերերգի համար: Այդ դերերգով սոպրանոն ժամանակ անց հանդես եկավ Սիրմիոնե քաղաքի օպերային թատրոնում: Մեզ հետ զրույցում երգչուհին առանց մանրամասնելու էլ տեղեկացրեց, որ 2017թ. Պյաչենցա Կրեմոնա եւ Մոդենա քաղաքի թատրոններում մասնակցել է լսումների, ինչի արդյունքում առաջիկայում հանդես կգա այդ թատրոնների բեմադրություններում երկու տարբեր գլխավոր դերերգերով: Հետաքրքրությանը՝ ինչպե՞ս հայտնվեց Սանտյագոյի օպերային թատրոնում, մեր զրուցակիցն ասաց. «Մաեստրո Կոնստանտին Օրբելյանի խորհրդով, մասնակցեցի Մոսկվայում աշխարհահռչակ NYIOP-ի կողմից հաճախակի կազմակերպվող լսումներին: Ներկա էին 12 երկրից հրավիրված արտիստիկ տնօրեններ եւ այլ ադմինիստրատիվ մասնագետ ղեկավարներ: Ներկա էր նաեւ Սանտյագոյի օպերային թատրոնի արտիստիկ տնօրեն Առնոլդ Ալոնսը, որն էլ ընտրեց ինձ Տոսկայի դերերգի համար: Նշեմ, որ այդ թատրոնը թեեւ ունի երգիչների հիմնական կազմ, բայց նրանք հանդես են գալիս երկրորդական, երրորդական դերերգերով: Իսկ գլխավոր դերերգերի համար ընտրվում են արտասահմանցի երգիչներ մրցութային կամ նման ձեւաչափով անցկացվող միջոցառումների արդյունքում: Գերմանացի ռեժիսոր Ստեֆան Հայնրիխի բեմադրությամբ «Տոսկային», որը ղեկավարում էր չիլիացի դիրիժոր Պեդրո Պաբլո Մրուդենսիոն, հանդես եկա պրեմիերային առաջին երեք ներկայացումներում»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե բացի Իտալիայից, սպասվո՞ւմ են հյուրախաղեր այլ երկրներում, Լիլիթ Սողոմոնյանը չբացելով փակագծերը՝ նշեց, թե եվրոպական հեղինակավոր երկու թատրոններում պատրաստվում է հանդես գալ Լեոնորայի դերերգով Վերդիի «Ճակատագրի ուժը» եւ «կմարմնավորի» նաեւ Ջոկոնդային Պոնիքելլիի համանուն օպերաներում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

15.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ի սրտե շնորհավորում եմ Լիլիթ Սողոմոնյանին, Չիլլիի Մունիցիպալ օպերային թատրոնում Տոսկայի դերերգով հանդես գալու առիթով:
    Այնուամենայնիվ ուզում եմ նշել, որ 1996 թվ. ես երգել եմ այդ թատրոնում Միմի դերեգը Պուչչինիի «Բոհեմ» օպերայում, չիլիացի հայտնի տենոր Տիտո Բելտրանի ընկերակցությամբ:
    https://www.youtube.com/watch?v=0WdHaZbgQb4

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալություն, Հասմիկ ջան, արձագանքի եւ տեսագության համար: Էլեկտրոնային տարբերակում կուղղենք

  2. Anonymous says:

    Շնորհակալություն արագ արձագանքի համար, սիրելի Արամ:
    «Առավոտը» պարտավոր է մշտապես լինել բարձրության վրա…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031