Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Մեկուսարանում թախտաբիթի չկար, բայց հիմա էլ առանձնապես հաճելի տեղ չի». Ռոբերտ Քոչարյան

Օգոստոս 16,2018 23:20

«Անպայման բողոքարկելու են, փորձելու են ինձ կրկին բանտ տանել, ստանալու է քաղբանտարկյալ այն իշխանությունը, որն ասում է` ՀՀ-ում քաղբանտարկյալներ չպետք է լինեն: Ես պատրաստ եմ պայքարել՝ լինելով թեկուզ բանտում, թե ազատության մեջ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է որոշել վերադառնալ քաղաքականություն:

Քոչարյանը չբացառեց, որ իր բնութագրմամբ՝ ճնշումների շնորհիվ հայտնվի մեկուսարանում, բայց վստահություն հայտնեց, որ այս գործն այս վիճակով Եվրոպական դատարանում զրոյական շանս ունի չբեկանվելու. «Պարտադիր բեկանվելու է, և ասեմ, որ սա լուրջ թեստ է մեր դատական համակարգի համար: Արդյոք սկսելու է սոցցանցերի տրամադրությա՞մբ շարժվել, թե՞ օրենքով: Մինչդեռ այս տրամադրությունների դեմ միայն դատական համակարգը կարող է կանգնել: Դրա համար է ճնշում գործադրվում փաստաբաններիս վրա, նաև դատարանների վրա, դա ոչ միայն հեռախոսային զանգն է, այլ տրամադրությունները, որ ձևավորվում է հասարակության մեջ»:

Հարց հնչեց, թե որտեղից Ռոբերտ Քոչարյանին միլիարդներ: Նա հայտարարեց, թե միլիարդներ չունի. «Թերթերում տպում էին, խոսակցություններ կային միլիարդների մասին:  Երկու միլիարդ բյուջե ունեցող երկրում չորս միլիարդ ունեցող մարդ կլինի՞: Այդ մեղադրանքները, ենթադրություններն այնքան անհեթեթ էին, որ երկու-երեք անգամ հերքելուց հետո որոշել եմ ուշադրություն չդարձնել»:

Նա հայտարարեց նաև, թե տարբեր բաժնեմասեր չունի այս կամ այն խոշոր ընկերություններում. «Իրենք էլ լավ գիտեն, որ չունեմ: Այսպես մտածում են մարդիկ, որոնք չեն պատկերացնում, որ դա հնարավոր է, որովհետև իրենք անպայման փայ կմտնեին: Ցուցակին ծանոթ եմ. յոթ բանկի տեր եմ: Եթե յոթն իմը լինեին, մեկ խոշոր բանկ կստեղծեի: Կապ չունեմ որևէ այդ բանկերի հետ: Դիմում եմ ԿԲ –ին հրապարակել՝ ովքեր են այդ բանկի տերերը: Ասում են, թե օդանավակայանի հիսուն տոկոսն իմն է, բայց կապ չունեմ ընդհանրապես»:

Այն հիշեցմանը, թե շատերն ասում են, որ Քոչարյանի դեմ պետք է գործ հարուցվեր ապօրինի հարստացման մեղադրանքով, Ռոբերտ Քոչարյանն արձագանքեց՝ թող իշխանությունները ստուգեն, բայց որ օբյեկտ մտնեն, հիասթափվելու են:

Այնուհետև հավաստիացրեց՝ իր դեմ հարուցված գործը կապ չունի մարտի 1-ի զոհերի հետ.  «Իբրև թե սահմանադրական կարգն եմ տապալել. ո՞նց եմ տապալել, մինչև այսօր չեմ հասկացել»:

Հարցին՝ մեկուսարանում գտնվելու ժամանակ ոչ նախաքննության հետ կապված իր հետ հանդիպումներ եղե՞լ են, Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ չեն եղել և մանրամասնեց. «Ես զրկված էի որևէ կապի միջոցից, իմ հարազատների հետ հանդիպումներից, տասնյոթ օր եղել եմ մեկուսարանում, իմ կյանքում միայն դա չէր եղել՝ պատերազմ, ընդհատակյա պայքար, պաշտոնավարել, բայց այս փորձն էլ ունեցա: Այնպես էին իզոլացրել ինձ, որ հանկարծ ինձնից մի բառ դուրս չգա: Կարող եմ ասել, որ մեկուսարանում թախտաբիթի չկար, բայց հիմա էլ առանձնապես հաճելի տեղ չի: Սակայն ոգիս տեղն է, վախ չեմ զգում»:

Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, թե զանգեր է ստանում, աջակցություն, մարդիկ կարծիք են հայտնում, որ չեն ընդունում այս ամենը: Նա, անդրադառնալով նոր իշխանություններին, նշեց, եթե ցանկանային մի բան սովորել և հեղափոխական էնտուզիազմով տարված չլինեին, կմտածեին, որ Ռոբերտ Քոչարյանը կարող է նրանց օգտակար լինել. «Դրա համար մարդ պիտի ընդունի, որ ինքը գիտելիքի պակաս ունի: Երկիրը տրենաժոր են սարքել»:

Քոչարյանը հայտնեց, որ իր՝ քաղաքականություն մուտքի մոդելները կարող են տարբեր լինել՝ հանդիպումներ, շփումներ, նաև զգուշացրեց, որ իրենց անվանելու են հակահեղափոխության կենտրոն, քանի որ հասարակությանն այս իշխանությունները այլ մոբիլիզացնելու տարբերակ չունեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031