Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ ասեք, թե պայմանագրի որ կետն ենք խախտել». ՀՀ-ում Բելառուսի դեսպանը՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին

Օգոստոս 20,2018 12:43

Aravot.am-ը Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկին (լուսանկարում` ձախից առաջինը)հարցրեց՝ մեր երկրում միանշանակ չեն ընդունում այն, որ Բելառուսը, լինելով ՀԱՊԿ անդամ, զենք է վաճառում Ադրբեջանին՝ շատ լավ իմանալով, որ այդ զենքն ուղղվելու է մեր դեմ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա: Նա պատասխանեց. «Ես զենքի վաճառքի հարցը չեմ քննարկի, քանի որ բավականաչափ տեղեկատվության չեմ տիրապետում: Զենքի վաճառքի հարցն այն թեման է, որը կարգավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային իրավական ակտերով: Եթե Բելառուսը, որպես այդ գործընթացների մասնակից, ինչ-որ բան խախտել է, դուք մեզ ասեք, թե պայմանագրի որ կետը»:

Մենք հիշեցրինք, որ Բելառուսը, ինչպես եւ Հայաստանը, ՀԱՊԿ անդամ են: Իսկ ՀԱՊԿ-ի հռչակած նպատակներից է հանդիսանում խաղաղության, միջազգային և տարածաշրջանային անվտանգության ու կայունության ամրապնդումը, հետեւաբար մեծ հարց է, թե Ադրբեջանին զենք վաճառելով՝ Բելառուսը որքանով է նպաստում տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը:

Իգոր Նազարուկն ասաց. «Դուք էլ եք ՀԱՊԿ անդամ եւ դուք էլ ունեք հնարավորություն այս կամ այն գործողություններն անել, ես չեմ ասի, թե ինչպիսի ու չեմ մեկնաբանի: Վերաբերվեք այդ հարցերին հավասարակշռված, ասեք, թե կոնկրետ որ փաստաթղթի որ դրույթն ենք խախտել, չենք կատարել մեր պարտականությունները, այդ դեպքում կլինի կառուցողական փոխգործակցություն, ոչ թե էմոցիոնալ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ՀԱՊԿ-ը, որպես կառույց, կարելի է բարելավել ու դրա համար պետք է այդ կազմակերպության մասնակիցները ճշգրտեն իրենց պարտավորությունները: Այս առնչությամբ մեր հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք սրա մասին՝ Բելառուսի դեսպանը պատասխանեց. «Ցանկացած կազմակերպություն ունի իր կայացման մակարդակները՝ ձեւավորում, զարգացում: Բնականաբար, այս կամ այն պայմանագիրը, փաստաթուղթը դոգմա չէ, փոխվում է փոխգործակցությունը, դրա համար մենք չենք ասում՝ չէ, ասում ենք՝ եկեք քննարկենք հարցերը, այս կամ այն իրավիճակի ճշգրտում անենք»:

Նազարուկն ասաց, որ ՀԱՊԿ-ի պայմանագիրը հավաքական անվտանգության պայմանագիր է, որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, այսինքն, այն, ինչ ձեռնտու չի լինի հայ գործընկերներին, չի մտնի փաստաթուղթ, դրա համար կաշխատեն՝ իրար հետ շփվելով ու իրար հետ աշխատելով ու կճշգրտեն այս կամ այն իրավիճակից բխող պարտավորությունները՝ նոր սպառնալիքներից ու նոր իրականությունից ելնելով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031