Լրահոս
Օրվա լրահոսը

«Արգենտինայում բնակվող հայերի համար մեծ կարևորություն ունի գալ ու հայրենիքում ներդրումներ անել»․ Արգենտինայի դեսպան

Սեպտեմբեր 17,2018 15:39

ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան, որն այցելել էր Գյումրի «Արգենտինական տանգոյի շաբաթ» մշակութային միջոցառման շրջանակում, Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Գյումրիում պատրաստվում են նաև գյուղատնտեսական ծրագիր սկսել։

«Հայաստանի և Արգենտինայի միջև ընդհանրապես գոյություն ունեն համագործակցության մի շարք նախագծեր, իսկ Գյումրիում մշակութային այս միջոցառումից բացի՝ գյուղատնտեսության ոլորտում կա համագործակցության նախագիծ։ Գյուղատնտեսական զարգացման ծրագրերի շրջանակում Գյումրիից մի փոքր հեռու ստեղծվելու է փորձարարական դաշտ, որտեղ կիրառվելու են արգենտինական գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, որոնք բավական մատչելի և հասանելի կլինեն տեղի ֆերմերների համար»,-տեղեկացրեց դեսպանը։

Խոսելով հայաստանյան նոր իշխանությունների հետ համագործակցության մասին,՝ պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասաց․ «Շատ լավ հարաբերություններ են ձևավորվել, երկկողմ առկա է համագործակցելու մտադրություն և ոչ միայն կառավարության մակարդակով, այստեղ ներգրավված է լինելու նաև Արգենտինայի հայկական համայնքը, որի ներկայացուցիչներն իրենց հայրենիքում մի շարք նախագծեր են իրականացնում»։

Մենք պարոն դեսպանից խնդրեցինք մանրամասնել նախագծերը։ «Այդ ծրագրերն արդեն իսկ ընթացքի մեջ են, դրանք մշտական բնույթ են կրում, և դրանք հիմնականում «Հայաստան» համահայկական հիմնադրամի, ինչպես նաև արգենտինական ներդրումներ իրականացնող «Կոնվերս» բանկի միջոցով իրականացվող նախագծեր են։ Հատկապես «Հայաստան» համահայկական հիմնադրամով Արգենտինայի հակական Սփյուռքից շատ բարերարներ մի շարք բարեգործական ծրագրեր են իրականացնում՝ սկսած հիվանդանոցների, դպրոցների վերանորոգումից մինչև ջերմոցների կառուցումը»։

Մեր հարցին, թե Հայաստանի նոր իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը արգենտինացի գործարարների մոտ ցանկություն չի առաջացնո՞ւմ Հայաստանում ավելի շատ ներդրումներ կատարելու, պարոն Գոնզալո Ուրրիոլաբեիտիան ասաց․ «Ընդհանրապես Արգենտինայում հայկական Սփյուռքի ներկայացուցիչները բավական ուժեղ և ամուր կապով են կապված Հայաստանի հետ և իրենց համար շատ մեծ կարևորություն ունի գալ ու հայրենիքում ներդրումներ անել։ Բնականաբար Հայաստանում կատարվող ամեն մի բարեփոխում էլ ավելի է խթանելու, որպեսզի նրանք էլ ավելի մեծ ցանկություն ունենան այստեղ աշխատել»։

Դեսպանը նաև նշեց, որ հայերը Արգենտինայում խնդիրներ չեն ունենում։ Ըստ մեր զրուցակցի, հայկական ծագմամբ արգենտինացիները, որոնք Արգենտինայի քաղաքացիներ են, 100-150 հազար են։

«Հայերը թղթաբանական կամ որևէ այլ խնդիրներ չեն ունենում․ հայերը խաղաղ և հանգիստ ազգ են և, բնականաբար, որևէ խնդիր չի ծագում իրենց բնակության ընթացքում։ Գիտեք, որ Արգենտինան վիզային բավականին բաց միգրացիոն քաղաքականություն է վարում, համարվում է միգրացիոն դարպասներ ապահովող երկիր, այնպես որ ամեն ինչ հեշտ ընթացակարգ է ունենում, որևէ խնդիր չի առաջանում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930