Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցումային արդարադատությունը կընդգծի իր յուրահատկությունը ՀՀ-ի համար այս ֆանտաստիկ պատմական պահին». միջազգային փորձագետ

Հոկտեմբեր 05,2018 21:30

«Բավականին ոչ ստանդարտ գործընթաց է, հետևաբար կրկնակի կամ եռակի անգամ կարևոր է, թե ինչու է անհրաժեշտ այս գործընթացը, ինչ խնդիրներ է լուծելու և ինչ գործիքակազմով»,-Կանադայի Զորյան ինստիտուտի՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ անցկացվող անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիում ընթացքում հայտարարեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

Փոխվարչապետը մտահոգություն հայտնեց՝ վերջին երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ՀՀ-ում պարբերաբար եղել են մարդու տնտեսական, սոցիալական իրավունքների լայնածավալ խախտումներ ու չարաշահումներ. «Տարբեր դրսևորումներով տեղի է ունեցել իշխանության բռնազավթում, ապօրինի ազդեցություն է գործադրվել ընտրական գործընթացի վրա, կեղծվել են ընտրությունների արդյունքները, բռնություն է գործադրվել խաղաղ ցուցարարների վրա, ճնշվել է քաղաքական այլակարծությունը: Սեփականազրկվել են քաղաքացիները՝ հանրային շահի անվան ներքո»:

Անցումային արդարադատությունը ինքնակոչ հեղափոխական տրիբունալների առկայությունը չէ. Արարատ Միրզոյան

Անցումային արդարադատությունը ինքնակոչ հեղափոխական տրիբունալների առկայությունը չէ. Արարատ Միրզոյան – Ararat MirzoyanԱյն կոչված է. ✅ Մարդու իրավունքների խախտումների զանգվածային դեպքերն ուսումնասիրելու✅ Խախտումներն արձանագրելու✅ Խախտումներ կատարած անձանց, խախտումներից տուժած անձանց բացահայտելու✅ Պատճառված վնասների հատուցման մեխանիզմները և ուղղությունները քարտեզագրելու✅ Հանրային երկխոսության և հաշտեցման հարթակ ստեղծելու✅ Պատմության դասագրքերում ճշմարտությունն ամրագրելու ✅ Ըստ անհրաժեշտության հիշատակի միջոցառումներ սահմանելու«Քվազի-ժողովրդավարական ռեժիմից դեպի իսկական ժողովրդավարություն անցնելու ճանապարհին մեր երկիրը կարիք ունի անցումային արդարադատության»: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն այսօր մասնակցել է անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիումին:

Gepostet von ՀՀ կառավարություն am Freitag, 5. Oktober 2018

Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց՝ վերջապես հեղափոխությունից հետո իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և հնարավոր է կառուցել ժողովրդի ազատության, արդարության, լավ սկզբունքների վրա կառուցված կանոններով ապրող հասարակություն: Սակայն ցավով նշեց, որ գործող արդարադատության համակարգն ի զորու չէ և երևի թե կոչված էլ չէ լուծելու թվարկված խնդիրները: Ամփոփելով փոխվարչապետն ասաց. «Ուստի քվազի ժողովրդավարական ռեժիմից դեպի իսկական ժողովրդավարություն անցնելու այս շրջանում մեր երկիրը կարիք ունի անցումային փուլի կամ ինչպես ընդունված է ասել անցումային արդարադատության»:

Զորյան ինստիտուտի նախագահ Գուրգեն Սարկիսյանը, հիշեցնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության մարմիններ ձևավորելու մասին առաջարկը, նշեց. «Նիկոլ Փաշինյանի՝ անցումային արդարադատության առաջարկն ունի բազում պատճառներ: Ըստ նյույորքյան փորձագիտական կենտրոնի ուսումնասիրությունների՝ անցումային արդարադատությունն այն տարբերակն է, որն ընտրում են ռեպրեսիվ երկրներում մարդու իրավունքների պարբերական խախտումների դեպքում: Անցումային արդարադատությունը փորձված գործիք է խախտված իրավունքների վերականգնման համար»:

Միջազգային փորձագետ Վիլիամ Շաբասը տեղեկացրեց՝ անցումային արդարադատությունը մոտ 25 տարվա պատմություն ունի: Դառնալով Հայաստանում դրա կիրառությանն՝ ասաց. «Միշտ խոսվել է անցյալի մասին՝ Ցեղասպանության, ցեղասպանության արդարադատության մասին, բայց հիմա պետք է խոսել նաև ապագայի մասին: Հավանաբար, այստեղ է, որ անցումային արդարադատությունն առանձնանում է կամ կընդգծի իր յուրահատկությունը այս ֆանտաստիկ պատմական պահին ձեր երկրի պատմության մեջ:

Նիդերլանդների արդարադատության  նախարարության իրավունքի գերակայության խորհրդատու Մարիկե Վիերդան շեշտեց՝ անցումային արդարադատությունը, ինչպես հաճախ թվում է, փափուկ արդարադատություն չէ. «Դա հնարավորության պատուհան է, որի դեպքում  անցումը, փոփոխությունը դառնում է հնարավոր: Անցումային արդարադատության հիմնական նպատակը ապագային հայացք հառելն է, բայց դրա նպատակը չպետք է լինի վրեժխնդրությունը»:

Դառնալով միջազգային փորձին անցումային արդարադատության իրականացման մեխանիզմների հարցում՝ փորձագետը նշեց. «Կարևոր է, թե ինչպես ես անցումային արդարադատությունն աշխատեցնում քեզ համար, կարևորը դրական, խրախուսող միջոցներ նախաձեռնելն է: Օրինակ՝ որոշ երկրներ դատավորներին վաղ թոշակի ուղարկելու տարբերակն են կիրառել: Արևելյան Եվրոպայում, երբեմն, գնում են ոչ միայն հետաքննության մեխանիզմների ճանապարհով, այլ երբեմն նաև խրախուսանքի: Այստեղ կարևոր է նաև, որ այդ գործընթացը մշտապես լինի հանրության ուշադրության կենտրոնում, խիստ անհրաժեշտ են հանրային քննարկումները, համազգային երկխոսությունը, հանրային օժանդակությունը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031