Լրահոս
Օրվա լրահոսը

Խախտումներ են հայտնաբերվել Անիի համայնքապետի մոտ․ գաղտնազերծում է տարածքային կառավարման նախարարի օգնականը

Հոկտեմբեր 12,2018 23:20

Ինչպես հայտնի է, այսօր Մարալիկում էր ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Երկուշաբթի օրվանից Անիի համայնքապետարանում կսկսվեն ստուգումներ։ Իսկ ստուգումներ անցկացնելու պատճառը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը Անիի բնակիչներից ուղղված տարատեսակ բողոքներ են ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի դեմ։

Aravot.am-ն այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական Արմեն Մարտիրոսյանին հարցրեց՝ մի՞թե նախարարությունը չի հապաղել այդ բողոքները ՀՀ պետական վերահսկողության ծառայության մարմնին ուղարկելիս, հատկապես որ ցուցարարները դեռ 1,5 ամիս առաջ էին լրատվամիջոցներով կոռուպցիոն բնույթի հայտարարություններ հրապարակում, մատնանշում էին համայնքապետի ունեցվածքը՝ մեղադրում էին նրան մանկապարտեզի շենքը յուրացնելու մեջ։

«Բացարձակ համաձայն չեմ հապաղելու առումով, որովհետև դիմումը մեզ մոտ մուտքագրվել է ամսի 19-ին, մենք մի քանի օրվա ընթացքում խումբ ենք ձևավորել, գնացել, տեղում կատարել ենք համապատասխան ուսումնասիրություններ։ Մի քանի օր հետո ամփոփելով ուսումնասիրությունները, ներկայացնելով նախարարին և նախարարի հանձնարարականը ստանալով՝ մենք ներկայացրել ենք հաշվեքննիչ պալատ։ Հաշվեքննիչ պալատը շատ ավելի լայն լիազորություններ ունի, քան պետական վերահսկողական ծառայությունը, և դրանից հետո, երբ որ հաշվեքննիչ պալատն ասաց, որ ժամանակի հետ կապված խնդիր կա, մենք ուղարկեցինք պետական վերահսկողության ծառայություն։

Մեր կողմից եղել է շատ օպերատիվ աշխատանք, պետական վերահսկողական ծառայության փոխարեն, բնականաբար, չեմ կարող պատասխանել, բայց կարծում եմ վերակազմակերպման՝ նոր աշխատակազմ, նոր թիմ, նոր կանոնադրություն, ես տեղյակ եմ, որ այնտեղ մեծ ու լուրջ հոսք կա խնդիրների, պրոբլեմների, դա է եղել պատճառը, որ մինչև էսօր պետական վերահսկողական ծառայությունը չի զբաղվել այս հարցով։

Մեր դիմում-բողոքի մեջ բավական մանրամասն այդ հարցին անդրադարձ կատարված էր և՛ Արտակ Գևորգյանի ունեցվածքի, և ՛ իր բարեկամ-հարազատների ունեցվածքի մասով, և՛ նաև թիվ 2 մանկապարտեզի հետ կապված։

Այստեղ մի կարևոր փաստ կարող եմ նշել, փաստերի մի հատվածը հաստատվում է, մի հատվածը չի հաստատվում։ Տեսեք՝ կային բազմաթիվ հողեր, որոնք ձեռք էին բերել Արտակ Գևորգյանի բարեկամները, ես սա խոսում եմ որպես պետական պաշտոնյա և իմ խոսքի համար բնականաբար պատասխանատու եմ, և այդ հողերն այն ծավալով, որը մենք են ուսումնասիրել, այն ծավալով, որը մենք ենք իրավասություն ունեցել ուսումնասիրելու, այդտեղ հիմնականում խնդիր չի եղել։ Այսինքն` եղել է հրապարակային աճուրդ, եղել է համապատասխան հրապարկում և այլն, ընթացակարգը պահվել, պահպանվել է։ Ուրիշ բան, որ ավելի հրապարակային կարելի էր իրականացնել, բայց ոչ օրենքի պարտադրանքով․ ժողովրդին տեղեկացներ, որ էստեղ էս ինչ հողն է վաճառվում, էնտեղ էս ինչ հողը, բայց օրենքի տառին հիմնականում համապատասխան է եղել։ Եղել են դեպքեր, որ հողի գործառնական նշանակությունը չփոխած է աճուրդ կատարել, որը խախտում է, համապատասխան ընթացք է տրվել դրան։

Թիվ 2 մանկապարտեզի մասով ասեմ, մենք հրավիրեցինք Մարալիկի նախկին փոխքաղաքապետին, անուն-ազգանունն այս պահին չեմ հիշում, նա բնակվում է մանկապարտեզի հատվածում։ Բավական խորը և համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որ այնտեղ կա բավականին լուրջ խնդիր, բայց որքան հասկանում ենք կա վաղեմության ժամկետ։ Այստեղ խնդիրները, պրոբլեմներն ի հայտ են եկել 2004-2005 թվականներին, իհարկե, այդ ժամանակ համապատասխան վերահսկողական մարմիններ և ընդհանրապես համակարգման և հսկողական գործունեություն ծավալող մարմիններ էլ են, հավանաբար, թերացել, բայց այդ ժամանակ է խնդիրը եղել և որոշակի վաղեմության ժամկետի հետ կապված խնդիր կա, որը թույլ չտվեց ընթացք տալ։

Այո՛, թիվ 2 մանկապարտեզի հետ կապված խնդիր կա և Արտակ Գևորգյանն էլ իմ խոսքից հետո նորից նշեց, որ վաղեմության ժամկետի խնդիր կա այստեղ, իրավացիորեն տիրապետում էր նա այդ փաստին։ Տարբեր խնդիրներ են եղել և ՛ գնման գործընթացների հետ կապված, որ մեկ անձից է գնումներ կատարվել, փաստացի այն դեպքում, երբ որ պետք է հրապարակային մրցույթ հայտարարվեր, շատ չխորանամ, և՛ աճուրդների մասով կան խնդիրներ։

Եվ այնտեղ կա ավազի հանք,կարծեմ անունը «Ղզլդաղ», թե որ ճիշտ եմ ասում անվանումը, որևէ մարմնի կազմում չի գտնվում, տարբեր խնդիրներ կան իրականում, և այդ խնդիրները ամբողջացրել և ներկայացրել ենք համապատասխան մարմիններին։ Մեր իրավասությունների շրջանակը սահմանափակ է, սա պետք է հստակ հասկանաք և այդ շրջանակով ենք մենք հնարավորություն ունեցել աշխատել, ամբողջացնել, ամփոփել և ներկայացնել համապատասխան մարմին։

Եվ այսօր էլ, ինչպես արդեն տեղեկացաք, վերահսկողական մարմինը, հիմք ընդունելով այդ գրությունը, երկուշաբթի օրվանից սկսելու է ուսումնասիրություններ կատարել», ասաց պաշտոնյան։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031