Ալվարդ Պետրոսյանի 80–ամյակի առիթով
Գրականության մեջ հաճախ ժամանակը ծնում է ստեղծագործություններ, որոնք բացի գեղարվեստական արժեք լինելուց, նաև ինչ-որ տեղ պատմություն են դառնում, տրոփող զարկերակ, նվվացող շնչառություն, ցավի ու զայրույթի միաժամանակյա արտահոսք:
Թերևս այս տեսանկյունից ելնելով գրող, հրապարակախոս Ալվարդ Պետրոսյանին անդրադառնալն այսօր բնավ պատահական չէ: Այսօր, մեր հայրենիքի համար անչափ խառնակ ու դժվար ժամանակներում, Ալվարդ Պետրոսյանի կյանքի վերջին շրջանում ստեղծած գործերը՝ մասնավորապես «Խմբերգերի ժամանակը», «Հիշիր…» գրքերն ավելի քան այսօրվա մասին են:
Կարդում ես ու ակամա այն զգացողությունն է, որ հեղինակը գրելիս շնչահեղձ է եղել, հաճախ ասես օդը չի բավարարել, հաճախ բացասական լիցքերի շրջափակման մեջ խճճվել է: Գուցե ի՞նձ է այդպես թվացել, բայց հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել հեղինակի հետևյալ խոսքերը՝ «… Աստծու հետ խոսելիս երկինք մի նայիր, մեր աստված գետնի տակն է, դժոխքի դռանն է նստած»:
Կարդացեք նաև
«Խմբերգերի ժամանակը» գրքում տեղ է գտել հեղինակի տարիներ առաջ գրած «Ես մի ծառ եմ ծիրանի» գործը, որն այս դեպքում ասես նախաբան լինի և վերջաբան միաժամանակ՝ ամբողջ գրքի համար: Ինչո՞ւ, որովհետև այստեղ մեր պատմության մի հատվածն է, ասել է թե մեր պատմությունը, որ հատվածաբար ի վերջո նույն բանն է կրկնում: Այստեղ մեր մաքառումն է, դարերի փեշերից կախված ժողովրդի գոյապայքարը ու սիմվոլ դարձած մի կերպար՝ համբերող, բայց նաև պայքարող կնոջ, ապրող ու ապրեցնող կնոջ, ցեղի շարունակության համար որդի ծնող կնոջ: Եվ հակասական տրամադրություններ առաջացնող այս գործի մասին որևէ այլ մեկնաբանություն բնավ էլ տեղին չէ: Եվ ավելին՝ ինչ էլ որ ասեն հայ կնոջ մասին՝ իրականում առանցքը սա է, և այդ գործը, որ բավական համարձակ էր տարիներ առաջ, անչափ կենսական է այսօր:
Ամբողջության մեջ Ալվարդ Պետրոսյանի ստեղծագործություններն արձակի ու հրապարակախոսության միաձուլում են, որ գրողի պարագայում այդպես էլ պետք է լիներ, որովհետև նա սթափ հայացքով էր նայում աշխարհին, նաև ոչ անտարբեր քաղաքացին էր իր երկրի, նաև սեփական ժողովրդի անչափ սխալների ակամա կրողը: Եվ մեր թուլություններն ու սխալները մեկիկ-մեկիկ դուրս են պրծնում հեղինակի տողերի արանքներից ու դառնում նորօրյա պատում: Այս ճանապարհին ետ նայել չես ուզում, բայց նաև այլ կերպ չի ստացվում… Եվ գուցե դա հնի ու նորի արանքում շվարած սերնդի մոլորությունն է, երբ շատ հարցերի պատասխանները պարզապես չես գտնում: Ու որպես հետևանք ծնվում է ցավը, զայրույթը, հայհոյելու անհագ ցանկությունը, հետո այդ ամենը պոռթկում է՝ հակասական մտքերի ու զգացմունքների տարափով, դառնում գիր ու գրականություն:
Ցավոք իրավացի էր հեղինակը, երբ գրում էր, որ իրականում մեր անվերջ «պարտված երազները» 88-ին մեզ տարան հրապարակ, և մենք «ամեն ինչի պատրաստ էինք և առաջին հերթին խաբվելու»: Հետո արդեն չհասկացանք հանկարծ ինչ եղավ, ոնց եղավ, ոնց այնպես ստացվեց, «… երբ այնքան էլ վայելուչ չէր այլևս ուսուցչի, բանվորի կամ ռամիկի զավակ ծնվելը, երբ պրոֆեսիոնալ գողերը կորան ասպարեզից, դարձան արկածային վեպի միամիտ հերոս, իրենց իրական դերը զիջելով անհեր ու անտոհմ շան որդիներին, որ իսկի իրենց թաղի շրջանագծի պատիվը պահելու չափ տղամարդկություն չունեին: Ավելի ճիշտ, այդ մասին մտածելու հիշողությունն էին կորցրել: Մանկուրտներ էին հայտնվել մեր սար ու ձորում, ժեռ քարափներում, մեր դրկից տանը, մեր տանը: Ու ներսից էին քանդում, ներսից էին կլանում երկիրը»:
Արդյո՞ք սա մեր օրերի պատմությունը չի:
Զարմանալիորեն պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Եվ երիցս ճշմարիտ էր հեղինակը, երբ գրում էր. «… ավելի սարսափելին սեփականը, հարազատը, տան ներսի թշնամին է»:
Ալվարդ Պետրոսյանի ստեղծագործությունների «հերոսը» մեկն է՝ հեղինակը, իսկ նրա զգայարաններում, նրա մտապատկերում հնի ու նորի, մեր հաղթանակների ու պարտությունների անվերջանալի բախումն է, հետո այդ ամենից առաջացած խառնաշփոթը, հետո բնական արձագանքը՝ ցավը: Իհարկե հեղինակը գրում է, որ «սովորաբար իմ արցունքները միշտ դեպի ներս են հոսում…», բայց հոգու ցավը, որդու կորուստը, հայրենիքի վտանգված ապագան չեն թաքցնում այդ արցունքները, դրանք ասես հորդում են տողերի արանքից, բաց տեքստով, արթուն նյարդերով, անվերջանալի հուշերով, բազում հարցականներով:
Հեղինակն ընդվզում էր՝ անցյալի ցավը շատ ենք քաշում, ուժ չմնաց, դա սպանում է, թուլացնում է, մեր արժանապատվությանն է խփում, բայց անմիջապես էլ վիրավորանքի մի հախուռն ալիք է բարձրանում՝ ո՞նց մոռանաս…
Ու ասես ակամա ստացվում է, որ էջից էջ սեփական ժողովրդի, նաև քեզ վրա հավերժ խարանված ու երբեք չսպիացող վերքի մրմուռը կա: Ի՞նչ անես, երբ «մեր հիշողությունն էլ ծեծկվածի ժառանգի հիշողություն է, հայացքներս ու չափանիշներս այդ տեսանկյունից նետած այս մեծ աշխարհին»:
Ալվարդ Պետրոսյանի ստեղծագործություններն իրական փաստերի յուրովի ու ինքնատիպ մեկնաբանություն են: «Արյուն է կաթում այս մոլորակից»,- գրում է նա, ապա դառնացած սրտով արձանագրում, որ այս աշխարհում «նավթի հոտը ավելի ուժեղ է, քան մեր խնկաբույրը»: Սա իրականության իրատեսական գնահատականն է՝ դառնացած հոգով, անվերջ անցյալին նայելով, նաև ներկայի վերլուծություն՝ ականատեսի հայացքով:
Իհարկե այստեղ կա նաև խաբվածի վիրավորանքը, որ վերածվում է «ինչպե՞ս կարողացանք» հարցի, որ դառնում է բեռ ու գլխիկոր քայլվածք:
«Բնական ու անբնական մահերի մի կատաղի սրընթաց պոկեց ու տարավ երկրի աղը: Հոգևոր վերածննդի մի տասնհինգ տարի ծիածանը բոլոր գույներով փայլատակեց հայոց երկնակամարում ու կարծես մարեց: Չէ, չմարեց, Աստված ոչ անի, գունաթափվեց, բայց անձրևից հետո էլի արև է լինում, լինելու է»:
Ալվարդ Պետրոսյանի վերջին տարիների գրականությունն ըստ էության մի ամբողջություն է, որ կլանում է ընթերցողին՝ իր մեջ ներծծված ցավի ու ընդվզումի ալիքը տարածելով: Հեղինակը, որ իր իսկ ստեղծած Զառեն է՝ «Ես մի ծառ եմ ծիրանի» գործի հերոսը, ստիպում է մտածել… Իսկ ով է Զառեն, նա մեր ծիրանի ծառն է, որի կոճղն այնուամենայնիվ շատ է ամուր… հետո ի՞նչ, որ երբեմն քամին պտուղներն անողոքաբար թափում է, հետո ի՞նչ, որ երբեմն պտուղ չի տալիս կամ պտուղը փչացած է… Բնությունն իր օրենքներն ունի, որ բնավ էլ միագիծ չէ, հորդառատ անձրևը միշտ չէ, որ խփում է պտղին, այն նաև մաքրում է, լվանում ու տանում կուտակված կեղտը:
Եվ այսօր, ավելի քան համոզված եմ, որ Ալվարդ Պետրոսյանի լավատեսությունը հենց այդպիսի անձրևի սպասում ունի:
Լիլիթ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
Բանասիրական գիտ. դոկտոր
«Առավոտ» օրաթերթ
26.09.2026



















































