Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ տեսա փոքրիկիս, պիտի ուշաթափվեի, հասկացա, որ Վիտյաս է վերածնվել»․ասում է ապրիլյան պատերազմում զոհված Վիկտորի հայրը (տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2018 15:03

Ինչպես տեղեկացրել ենք, երեկ երեկոյան, ժամը 21․00 սահմաններում Գյումրու «Մոր ու մանկան» ավստրիական հիվանդանոցում ծնվել է ապրիլյան պատերազմի ժամանակ Թալիշում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի եղբայրը։ Անունը ի պատիվ Վիկտորի՝ Վիտյա են դրել։ Ծնողները հուզմունքից մերթ լաց էին լինում, մերթ ուրախությունից ժպտում։ Բժիշկը՝ Արմեն Մկրտչյանը պատմեց, որ հերոսի մայրը չի իմացել, որ հղի է։

«Տիկին Աննան 14 տարի հղիանալու խնդիր է ունեցել, չի հղիացել։ Պատահական իմ մոտ եկավ իր քույրիկը ու ասաց՝ ինչ կլինի, բժիշկ ջան, քրոջս մի հատ կնայե՞ք, հարցրեցի՝ ի՞նչ է եղել , ասաց՝ ձեր մոտ կոնսուլտացիա կա, ասացի՝ չգիտե՞ս, որ ես կոնսուլտացիա չեմ անում, խնդրեց, թե ինչ կլինի նայեք, մի կերպ համոզել ենք, տնից դուրս ենք բերել։

Սոնոգրաֆիայով նայեցինք, որ հղի է, ասում եմ՝ դու չե՞ս զգում փորդ մեծացել է, ասաց՝ չէ, տարիքս մեծանում, փորս էլ դրանից է մեծացել։19 շաբաթական հղի էր, ասում եմ՝ դու պիտի երեխայի խաղը զգաս, ասաց՝ չէ, չեմ զգում, պատահական երազիս տեսա, տղաս ասաց՝ մամա տուն եմ գալիս։ Հարցրեցի՝ տղադ ո՞ւր է, ասաց՝ ես պատերազմում զոհված Վիկտորի մաման եմ։ Մի սարսուռ անցավ մարմնովս, բայց այնպես ոգևորվեցի։ Սկզբում ոչ մի ձևով չեմ կարողանում սեռը նայել, ասում եմ՝ ոնց որ աղջիկ է, մայրն ասում ՝ ո՛չ, տղաս է եկել։ Ասում է՝ ես գիտեմ տղա եմ ունենալու, եթե Վիտյաս եկել, ասել է, ուրեմն տղա է։

Ու շատ նեղված ասում է՝ բժիշկ ջան, ախր իմ տարիքում դժվար չի լինի՞, կարո՞ղ եմ այդ հղիությունը տանել։ Ջղայնացա, ասացի՝ հավաքի քեզ, ի՞նչ ես ընկճվել, Աստված նայի քեզ ինչ է տալիս, ուրախացի։ Այնպես էի ոգևորվել, երկու շաբաթը մեկ սեռը նայում էի, էլի չէի կարողանում տեսնել, ինչքան նայում էի, չէի կարողանում տեսնել»,- պատմեց բժիշկը։

Նա ասաց, որ հղիության ընթացքում Աննա Յուզիխովիչը փոխվեց, դարձավ կենսախինդ։

«Առաջին օրը տեսա, թե ինչքան ընկճված էր, դրանից հետո տեսա ուրախ, կյանքով լցված մի կնոջ, շատ փոխվեց Աննան, միանգամից փոխվեց»,-ասում է բժիշկը։

Աննա Յուզիխովիչն էլ պատմեց, որ իր երեխաները՝ աղջիկն ու 14-ամյա տղան Վիկտորի մահից հետո համոզել են մորը երեխա ունենալ, բայց ինքը կտրականապես դեմ է եղել։ Երկու անգամ Վիկտորը երազ է եկել, առաջին անգամ հորդորել է մորը փոքրիկ ունենալ, հետո եկել է մորաքրոջ երազին՝ խնդրելով համոզել մորը փոքրիկ ունենալու։

Երկրորդ երազում մայրը տեսել է, որ Վիկտորն արդեն տանն է։ «Չգիտեի հղի եմ, ապրիլի 7-ին էլ տեղ էինք հրավիրված, միջոցառմանը մասնակցող կանանց պատմեցի, թե երազիս տղաս կորել էր, ինքը միշտ ճիշտ ժամին էր տուն գալիս, էդ օրը չէ եկել։ Երազում ամուսնուս հետ կռվում եմ, թե երեխի նկարի տանենք, թող նկարով գտնեն։ Ամուսնուս հետ կռվելով գալիս եմ, մեկ էլ մտանք տուն, Վիտյան ասաց՝ մամ, ես արդեն տանն եմ։ Ոչ մեկը չկարողացավ մեկնաբանել երազս, հետո ստուգվեցի, որ հղի եմ։

Հանուն Վիկտորիս եմ ծննդաբերել, իր խաթր, նույն քաշով է ծնվել, քիթը, աչքերը, ունքերը շատ նման են Վիկտորիս։ Վիկտորը վերածնվեց, սա հրաշք է։ Ես հասկացա, որ Վիկտորս չուզեց մենք ամբողջ կյանքում ցավով ապրենք, մեզ հույս տվեց։ Աստված այդպես կամեցավ, հենց մի քիչ մեծանա, ես փոքրիկ Վիտյայիս կպատմեմ իր մասին, նա իմ Վիկտորն է՝ վերածնված։ Որ ասում են հրաշքներ են կատարվում, իրոք սա է, պիտի տեսնենք, զգանք Վիկտորիս նորից»- ասում էր մայրը։

Հայրը՝ Ալեքսանդր Յուզիխովիչն էլ պատմեց, որ գրկելով փոքրիկին՝ ձեռքերը դողացել են, քիչ է մնացել ուշաթափվի։

«Չհասկացա՝ ինչ կատարվեց իմ հետ, քիթը, աչքերը լրիվ Վիտյայինս են։ Շատ նման է, որ քաշն էլ չիմացա, զարմացել էի, ես արդեն հավատում եմ, որ մարդիկ չեն մեռնում, վերածնվում են»,- ասում է հայրը։

Ծնողներն ասում են, որ եղբայրը՝ 14-ամյա Էդգարը, փոքրիկի կողքից ոչ մի վայրկյան հեռու չի գնում։ Նա ասում է՝ ես նրան կդաստիարակեմ այնպես, ինչպես որ Վիտյան ինձ է դաստիարակել։

Վիկտորի՝ մորաքույրը՝ Սոնան էլ, ասում է․ «Սփոփանք է, որ մեր Վիտյան մեզ հետ է արդեն»։

Ապրիլյան պատերազմի գյումրեցի բոլոր նահատակների հարազատները ողջ գիշեր հիվանդանոցում են եղել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031