Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 15,2018 15:12

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Մենք ըստ էության լիարժեք թևակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը և ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Մենք խնդիր ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրությունները: Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե երրորդ հանրապետության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ: Այս առումով, ես ուզում եմ ընդգծել, երեկ Ազգային Ժողովում նույնպես ասացի, որ մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը: Մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել: Պետք է բացառել և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու: Մեր ընտրություններում միշտ եղել է, չակերտավոր ասած, ասողների ինստիտուտը, ովքեր ասում են ում օգտին պետք է քվեարկել: Այդ երևույթը պետք է իսպառ բացառել, և ընտրողների որոշումները պետք է ձևավորվեն քարոզչական, քաղաքական բովանդակության արդյունքում: Ո՞րն է մեխանիզմը որևէ ընտրություն կատարելու, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, քարոզչությանը, ներգրավվի, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և, ըստ այդմ, որոշում կայացնի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները պետք է ձևավորվեն բացառապես ընտրողի կատարած քվեարկության արդյունքներով: «Պետք է բացառենք անգամ մի քվեաթերթիկի, ինչպես ընդունված է ասել, սխալ տրցակում տեղադրելը, ընդ որում, ոչ միայն միջկուսակցական ֆորմատով, այլև՝ ներկուսակցական: Ի՞նչ նկատի ունեմ. քանի որ նաև ռեյտինգային ընտրակարգն է գործում, ձայները բաշխվում են ոչ միայն կուսակցությունների միջև, այլև նույն կուսակցության ներսում տարբեր թեկնածուների միջև, և պետք է բացառել որևէ նման երևույթ: Իհարկե, մենք շատ հստակ և խիստ ուղերձ պետք է հղենք, որ նման այսպիսի փորձ կատարող ցանկացած մեկին անպայման կհակազդի օրենքն իր ողջ ուժով»,-ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

Հաջորդ խնդիրն, ըստ Նիկոլ Փաշինյանի, ընտրակաշառքի ուղիղ կամ անուղղակի պրակտիկան է: «Հույս ունեմ, որ մեր իրավապահ մարմինները, մասնավորապես Ոստիկանությունը և Հատուկ քննչական ծառայությունը պատրաստ են ոչ միայն արձագանքվելու իրավիճակին, այլև պրոֆիլակտիկ աշխատանքի միջոցով կանխելու այդ երևույթը: Պետք է հասկանանք, որ այդ երևույթը չի կարող մեր իրականության մեջ տեղ ունենալ, և պարզապես ամենակոշտ հակազդեցությանը կարժանանա ընտրողի կամքի վրա փողով, նյութական այլ միջոցներով ազդելու որևէ փորձ: Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում կապահովենք քաղաքական ուժերի միջև իրապես ազատ մրցակցությունը, պետք է դահլիճների հասանելիության սահմանափակումներ չլինեն, բոլոր քաղաքական ուժերը պետք է իսկապես ունենան հավասար հնարավորություններ՝ ընտրողների հետ շփվելու, երկխոսելու»-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով ընտրացուցակների հետ կապված հարցին՝ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ դրա պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Ոստիկանությունը: «Նախորդ ընտրություններից գիտենք երևույթ, որ ընտրողների միգրացիա է լինում այս ընտրատարածքից այն ընտրատարածք: Հույս ունեմ, պարոն Օսիպյան, տեղեկատվությունը կստանանք և համարժեք միջոցներ կձեռնարկենք: Իսկապես մենք պետք է անցկացնենք բարձր մակարդակի ընտրություններ, և ես որևէ կասկած չունեմ, որ այդպես էլ տեղի կունենա»,- ասել է կառավարության ղեկավարի պաշտոնակատարը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930