Ռուս քաղաքագետ, ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կովկասի ուսումնասիրության Կենտրոնի ավագ գիտաշխատող Անդրեյ Արեշևը Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում չվիճարկելով «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը, այն համոզման է, որ ընտրությունները կայանում են հետհեղափոխական էյֆորիայի ներքո: Ի դեպ, ռուս վերլուծաբանը եւս կարծում է, որ դաշինքի վարկանիշը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի վարկանիշով: Այս մասին այսօր նա ասաց «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում կայացած «Նախընտրական մարաթոն Հայաստանում և հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հրատապ հարցերը» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ:
Նա հետեւել է Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների շաբաթօրյա քայլերթին Երեւանում: Ինքն էլ նկատել է, որ այնքան մարդ չհավաքվեց, որքան գարնանային զարգացումների ժամանակ: Ինքը հասկանում է`ինչո՞ւ: Նիկոլ Փաշինյանն այլեւս ընդդիմադիր գործիչ չէ, երկրի վարչապետն է, ով բախվել է ներքին եւ արտաքին խնդիրների հետ եւ փոխել հռետորաբանությունը: «Իմ քայլի» ցուցակը ռուս վերլուծաբանը միօրինակ է համարում, դաշինքի հռետորաբանությունը` լոզունգային: Համամիտ է «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանի հետ`հաջորդ խորհրդարանում հայ-ռուսական հարաբերությունները վակուումում հայտնվելու վտանգի տակ են, ուստի, ընդունելի է համարում «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանի առաջարկը`համագործակցության միասնական հարթակների մասով, ոլորտային մասնագետների մասով:

Այլ մանրամասները`տեսանյութում:
Երեւանի տաղավարից լրագրողները հետաքրքրվեցին`ինչպե՞ս են ռուս վերլուծաբանները վերաբերվում այն իրողությանը, որ ԲՀԿ-ի պատգամավորները երաշխավորեցին եւ ընտրագրավներ վճարեցին «Սասնա ծռերին» կալանքից ազատելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































