Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀԿ շտաբից 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել». Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբեր 02,2018 18:34

«Ազատությունը, ժողովրդավարությունն ու ինքնիշխանությունն ամենեւին չեն վերաբերում միայն քաղաքացիներին, որոնք մտադիր են այս  ընտրություններին քվեարկել մեր օգտին, վերաբերում է  այն բոլոր քաղաքացիներին, որոնք ընտրություն են կատարում իրենց ազատ որոշմամբ, որեւէ մեկին թույլ չեն տալիս, որ իրեն ասի կամ ուղղորդի: Ընտրություններում ուղղորդելու միայն  մի ձեւ կա՝ քարոզարշավն է, լսել կուսակցություններին, քաղաքական գործիչներին ճանաչել ու որոշել՝ ում օգտին ես ուզում քվեարկել»,- այսօր Սիսիանում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, ժողովրդավարություն ասելով նկատի չունի միայն այն, ինչ իրենց ձեռնտու է, եթե ասում են ազատություն, նշանակում է  ազատություն բոլոր քաղաքացիների համար, որոնք իրենց հետ համաձայն են կամ իրենց  հետ համաձայն չեն:

Նա հիշեցրեց՝ անցած տարի Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ իրենց ներկայացուցիչները ՀՀԿ շտաբում հայտնաբերել էին ապացույցներ, որ ընտրակաշառք է բաժանվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, այժմ այդ գործը մտել է դատարան ու նախաքննական մարմինը ապացույցներ է ձեռք բերել, որ այդ շտաբից 130.000 դոլարի ընտրակաշառք է բաժանվել Կոմիտասի 26 հասցեում, ու ՀՀԿ շտաբից 11 հոգի այսօր ամբաստանյալի կարգավիճակով դատվում է:

«Սա ուզում եմ լուրջ ազդակ լինի բոլոր նրանց համար, որոնք  մտադիր են որեւէ  ապօրինի եղանակով ՀՀ քաղաքացիների կամքը աղավաղելու փորձ անել, նկատի ունեմ բոլորին, կարող է լինեն մարդիկ, որոնք փորձեն արջի ծառայություն մատուցելու համար մեզ համար ձայն ապահովեն, մեզ ոչ մի հարամ ձայն պետք չէ, նույնիսկ այդ եղանակով ստացած ձայնը նվաստացում կլինի ինձ համար, հեղափոխության համար»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ իրենք կաշկանդված չեն Սահմանադրությունը փոխելու հարցում, եթե ժողովուրդն ուզի, իրենք կարող են կրկին նախագահական համակարգին անցնել.

«Ժողովուրդ ջան, եթե ուզեք, մենք դա կանենք… Սահմանադրության մեջ կան կետեր, որոնք պետք է պարտադիր փոխել, օրինակ ասում է՝ ԱԺ պատգամավոր եւ նախարար կարող են լինել մարդիկ, որոնք վերջին չորս տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի եւ մշտապես բնակվել են Հայաստանում, նախարարի դեպքում խնդիր է՝ սփյուռքի ներուժը ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու համար սահմանափակումներ է դնում»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատ է լսել, որ ասում են, թե այս Սահմանադրությունը սուպերվարչապետության Սահմանդրություն է, ու իրենք լուրջ քայլեր պետք է ձեռնարկեն փոխզսպումների հստակ մեխանիզմներ մտցնելու համար, որ մեր երկրում բռնապետություն ու անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան ու սահմանափակվեն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31