Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա. խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է. «Փաստ»

Դեկտեմբեր 12,2018 11:14

Անհասկանալի է սակայն, թե ինչպես են, օրինակ, 10 կամ 20 հազարից ավելի ձայներ ստանում մարդիկ, ովքեր ոչ հեղափոխական ավանգարդի ներկայացուցիչ են, ոչ էլ ունեն քաղաքական կենսագրություն: Հատկապես անհանգստացնող է, երբ այդ անհայտ դեմքերը «շատ պատահականորեն» մարզպետներ են լինում: Լավ, ենթադրենք Սասուն Միքայելյանի դեպքում, կա, այսպես ասած, տեղական հեղինակության և տարիների քաղաքական կենսագրության գործոնը: Սակայն նույն այդ գործոնը չկա մի շարք բազմաքվե մարզպետների դեպքում, ում անունները մինչև օրս անհայտ են: Բացի մարզպետներից, որոնցից ոմանք, ընդ որում, նախորդ ընտրություններին լավագույն դեպքում ստանում էին 300–500 ձայն, անհանգստացնող է նաև ոչ պակաս անհայտ այլ ռեյտինգային թեկնածուների ստացած բազմաթիվ ձայների քանակը:

Որևէ կերպ կասկածի տակ չդնելով իշխող ուժի հաղթանակը, Նիկոլ Փաշինյանի ու հեղափոխության նկատմամբ հասարակության անվերապահ վստահությունը, ինչպես նաև վստահ լինելով, որ համամասնական համակարգի դեպքում էլ իշխող թիմը կստանար նույնքան, եթե ոչ ավելի շատ ձայներ, չենք կարող չարձանագրել, որ վերոնշյալ անհանգստությունները ազդակ են առ այն, որ նոր Հայաստանը հնից ժառանգել է որոշակի արատավոր ընտրական պրակտիկա:

Խոսքը մասնավորապես վարչական ռեսուրսի դերակատարության մասին է: Նույնիսկ, եթե այդ ռեսուրսը ուղղակիորեն չի կիրառվել մարզպետների կողմից, ամեն դեպքում եղել է այդ ռեսուրսի, այսպես ասած, ինքնակիրառում, երբ, ասենք, գյուղապետները որոշել են ավանդույթի ուժով իրենց համայնքների ձայները կոնսոլիդացնել մարզպետ–թեկնածուի համար: Եթե նույնիսկ որևէ փաստ չգտնվի վարչական ռեսուրսի նման ուղղորդման համար, իշխանությունը շարունակում է կրել պատասխանատվություն այդ ռեսուրսի ինքնակիրառման համար: Դժվար թե ինչ–որ մեկն ասի, որ անհայտ անունով մարզպետները վեց ամսում հասցրել են մարզերում այնպիսի ռեֆորմներ իրականացնել, որ հանրապետականացված գյուղապետները հանկարծ որոշել են իրենց տեղական էլեկտորատին կոնսոլիդացնել մարզպետի ընտրության համար:

Իշխանությունն ունենալով ահռելի վստահություն և համոզմունք, որ ամեն դեպքում հաղթելու է խորհրդարանական ընտրություններում, կամ պետք է ջանքեր ներդներ Ընտրական նոր օրենսգիրք ընդունելու համար, որը կբացառեր ռեյտինգային արատավոր ընտրակարգն իրենից բխող արատավոր պրակտիկաներով, կամ եթե չէր հասցնում փոխել ԸՕ–ն, պետք է այդ պրակտիկաների բացառման հարցը լուծեր քաղաքական կամքի միջոցով:

Արդեն ակնհայտ է, որ ռեյտինգային ընտրակարգի արդյունքում կան ներթիմային որոշակի տարաձայնություններ և այդ տարաձայնություններում սակարկման հիմնական առարկան ձայների քանակն է: Սակայն, որ ավելի վատ է, շարունակվում է նախկին համակարգից մնացած քաղաքական արատավոր պրակտիկաների սահուն ներթափանցում նոր համակարգ, որն անխուսափելիորեն չի սահմանափակվելու բացառապես ընտրական գործընթացով ու դերակատարություն է ունենալու նաև հետագայում, օրինակ, նույն գյուղապետներին պահելով մարզպետներից կախվածության մեջ:

Այս իմաստով նոր խորհրդարանն իսկապես անելիքներ ունի: Անելիքներ՝ փոխելու քաղաքական համակարգի ձևաչափը՝ ընդհանրապես երկրի կառավարման մոդելից սկսած, ԸՕ–ով վերջացրած: Ինչու չէ, կարիք կա նաև վերանայելու մարզպետների ու մարզպետարանների ինստիտուտը, որոնք գնալով ավելի են նմանվում գեներալ–գուբերնատորական համակարգի:

Լեւոն ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31