Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտարկումները Հայաստանում և Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ

Դեկտեմբեր 12,2018 19:03

2018 թվականի հոկտեմբերի 28-ին կայացավ Վրաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլը, իսկ նոյեմբերի 28-ին՝ երկրորդը։ Դեկտեմբերի 9-ին էլ կայացան ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Երկու ընտրություններն էլ մշտադիտարկվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Ընտրությունների դիտարկման միջազգային առաքելության կողմից  (այսուհետ՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ կամ Առաքելություն)։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն արդեն իսկ հրապարակել է իր նախնական դիտարկումները` Վրաստանում կայացած ընտրությունների երկու փուլերի և Հայաստանում կայացած արտահերթ ընտրությունների վերաբերյալ։ Այս դիտարկումները իրարից որոշակի տարբերություններ ունեն։

Վարչական ռեսուրսի  չարաշահում

           Վրաստանի նախագահական երկու ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումներն էլ շեշտում են վարչական ռեսուրսի չարաշահումների բացասական ազդեցությունը ընտրական գործընթացների վրա։ Այսպես, օրինակ, ըստ հոկտեմբերի 28-ի ընտրությունների վերաբերյալ արված դիտարկումների՝ առաջին փուլի ընթացքում եղել են վարչական ռեսուրսի չարաշահումների դեպքեր։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր է հիշատակում նաև Վրաստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերաբերյալ արված իր դիտարկումներում։ Մինչդեռ ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքեր ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի կողմից արված դիտարկումներում չեն արձանագրվել։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն երկու երկրների դեպքում էլ հիշատակում է, որ կառավարությունների կողմից արվել են քայլեր՝ վարչական ռեսուրսի չարաշահման հնարավոր դեպքերը կանխելու նպատակով։

Հիմնարար ազատություններ

Վրաստանում կայացած ընտրությունների առաջին փուլում, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումների, հիմնարար ազատությունները հիմնականում պահպանվել էին, սակայն Առաքելությունը արձանագրել է քարոզչական միջոցառումների համար որոշ խոչընդոտներ, ինչպես նաև կուսակցությունների գրասենյակների և քարոզչական նյութերի հանդեպ վանդալիզմի դեպքեր։ Երկրորդ փուլի դիտարկումների համաձայն՝ հիմնարար ազատությունները պահպանվել են, և մասնակիցները կարողացել են ազատորեն անցկացնել քարոզարշավ, սակայն «Վրացական երազանք» և «Միասնական ազգային շարժում» կուսակցությունների ակտիվիստների միջև տեղի են ունեցել առանձին բախումներ։ Հայաստանի դեպքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ն նշում է․ «Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հիմնարար ազատությունների պահպանմամբ», այնուհետև հավելում․ «Մրցակիցները կարողացել են ազատորեն իրականացնել իրենց քարոզարշավները. քարոզարշավի ընթացքում լիովին պահպանվել են միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտվելու և տեղաշարժի հիմնարար ազատությունները»։

Ընտրության օրվա մասին

Վրաստանում կայացած ընտրությունների առաջին փուլի քվեարկության օրը, ըստ Առաքելության դիտարկումների, անցել է, ընդհանուր առմամբ պրոֆեսիոնալ և թափանցիկ։ Այնուամենայնիվ, ընտրատեղամասերի մոտակայքում կուսակցությունների մեծաթիվ կողմնակիցների հաճախակի ներկայությունը, ովքեր, երբեմն, նաև ընտրացուցակներ ունեին և նշում էին, թե ով է գալիս քվեարկությանը, մտահոգություն է առաջացնում ընտրողների վրա հնարավոր ճնշումների վերաբերյալ և կասկած առաջացնում առանց հետագա հատուցման վախի նրանց ազատ ընտրելու հնարավորության վերաբերյալ: Առաքելությունը նաև խնդիրներ էր արձանագրել ձայների հաշվարկի ընթացքում։ Երկրորդ փուլի քվեարկության օրը ևս կուսակցությունների կողմնակիցները ներկա են գտնվել ընտրատեղամասերի մոտակայքում, ինչպես նաև հաշվարկի ընթացքում քաղաքացի դիտորդները և լրագրողները միջամտել են՝ հօգուտ կուսակցությունների։ Մինչդեռ, ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ դիտարկումների, Հայաստանում «ընտրությունների օրն անցել է հանգիստ, խաղաղ, առանց ընտրողների հանդեպ ճնշումների և ահաբեկումների, և դրական է գնահատվել ԸՄԴԱ գրեթե բոլոր դիտորդների կողմից»։ Նախնական դիտարկումներում նաև նշվում է, որ ձայների հաշվարկն իրականացվել է առանց էական ընթացակարգային խախտումների:

Փաստորեն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ-ի դիտարկումները Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ անհամեմատ ավելի դրական են, քան Վրաստանում կայացած նախագահական ընտրությունների երկու փուլերի դիտարկումները։

Աննա Փամբուխչյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31