Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մելիքբեկյան. «Հայաստանում կառուցելու ենք ֆուտբոլի 700 խաղադաշտ»

Դեկտեմբեր 27,2018 21:12

«Վերջին երեք ամիսներին ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած ուսումնասիրությունները ցույց են տվել մարզերում ֆուտբոլի առկայության, կամ այսպես ասենք, չառկայության խնդիրները: Հայաստանում ունենք ընդամենը 29 բնակավայր, որտեղ խաղում են կազմակերպված ֆուտբոլ: Եվ եթե հաշվի առնենք, որ բնակավայրերից շատերը խոշորացել են, դա բավականին ցածր տոկոս է կազմում: Ֆուտբոլը հիմնականում կենտրոնացած է Երեւանում: Սկսելու ենք մասսայական ֆուտբոլի համար պայմաններ, ենթակառուցվածքներ ստեղծել մարզերում:

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ սկսելու ենք հարավից՝ Վայոց ձորից, որովհետեւ դա ամենափոքր մարզն է եւ միակը, որտեղ ոչ մի բնակավայրում կազմակերպված ֆուտբոլ չեն խաղում: Նպատակ ունենք այնտեղ տարբեր համայնքներում սկսել 20×40 մետր չափի արհեստական ծածկույթով 10-12 խաղադաշտ կառուցել: Ծրագիրը երկրորդ փուլով կանցնի Գեղարքունիք, որտեղ կառուցելու ենք երկու անգամ շատ խաղադաշտ: Դա կախված է շինարարական աշխատանքների ինտենսիվությունից եւ հուսանք՝ այդ երկու մարզերում այս ծրագիրը 2019 թվականին կավարտենք», – ասաց Արմեն Մելիքբեկյանը եւ հավելեց, որ նոր մոտեցում են կիրառելու նաեւ այն ներդրողների հետ, որոնք ցանկություն ունեն ակումբ ստեղծել եւ պահել, ներդրումներ կատարել: Նրանց համար ՀՖՖ-ի կողմից խաղադաշտեր կկառուցվեն:

ՀՖՖ փոխնախագահը նշեց նաեւ, որ նոր այլ ծրագրեր էլ կան, որոնց մասին կտեղեկացնեն առաջիկայում: Ճշտող հարցին, թե ՀՖՖ-ն հայտարարել է, թե հինգ տարում կառուցելու է 700 խաղադաշտ՝ դա իրատեսակա՞ն ծրագիր է, Արմեն Մելիքբեկյանը պատասխանեց. «Խոսքը ոչ թե ստանդարտ խաղադաշտերի մասին է, այլ՝ փոքր խաղադաշտերի: Դա սկզբում է դժվար լինելու: Եթե այդ մոդելը առաջին փուլերում ունենանք, ապա դա շատ արագ կառուցվող մոդել է լինելու: Ընդ որում, միայն մարզերում ենք խաղադաշտերը կառուցելու: Մենք նախ օգտագործելու ենք ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի ներդրումային ծրագրերի՝ դաշտեր կառուցելու համար ստացած գումարները, հետո մեր հովանավորներից կամ մարքեթինգից ստացած գումարները: Եվ այդ աշխատանքները ընթանում են: Մի բան էլ. Պարտադիր չէ, որ շինարարը մեկը լինի: Կլինեն տարբեր շինարարական կազմակերպություններ, որոնք կհաղթեն տենդերում եւ տարբեր մարզերում իրար հետ զուգահեռ կարող են իրականացնել շինարարությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31